ՀՀ կառավարության 2008-2010թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2008թ. այս տարվա համեմատ առողջապահության ոլորտի պետական հատկացումները կավելանան 6 մլրդ 693.0 մլն դրամով: Ընդհանուր ծախսերը կաճեն 14,9, իսկ առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնությանն ուղղվող հատկացումները` 16,3 տոկոսով: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից «Արմենպրեսին» փոխանցել են, թե այդ գումարի 40.6 տոկոսը կուղղվի բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովմանը, որը կկազմի առողջապահության ընդհանուր ծախսերի 37,6 տոկոսը: 2008թ. հիվանդանոցային բուժօգնությանը հատկացվող ծախսերը 2007թ. համեմատ կավելանան շուրջ 2 մլրդ 363.7 մլն դրամով` կազմելով 18 մլրդ 451.4 մլն դրամ: Հաջորդ տարի հիվանդանոցային բուժման միջին տեւողությունը կկազմի 7,2 օր` 2007 թ. 7,4 օրվա դիմաց: Մեկ հիվանդի բուժման մեկ օրվա միջին արժեքն այս տարվա 10.200 դրամի դիմաց 2008թ. սահմանվել է 11.500 դրամ: Հիվանդանոցային համակարգում բժիշկների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը 2008թ. կկազմի 51.100 դրամ` 2007թ. 42.600 դրամի դիմաց, իսկ բուժքույրերինը՝ 40.000 դրամ` այս տարվա 33.300 դրամի դիմաց: 2008թ. ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում տեղամասային բժիշկների հաշվարկային միջին ամսական աշխատավարձը նախատեսվում է հասցնել մինչեւ 77.000 դրամի` այս տարվա 64.200 դրամի դիմաց, իսկ բուժքույրերինը՝ 49.300 դրամի` 41.100-ի դիմաց: