ԵՄ-Թուրքիա հարաբերությունների համեմատական ջերմացման ֆոնին լարվածություն է նկատվում ֆրանս-թուրքական հարաբերություններում: Ինչպես պնդում են թուրքական լրատվամիջոցները՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վարչակազմը անում է ամեն ինչ, որպեսզի հետաձգի 2009-ին Ֆրանսիայում նախատեսված Թուրքական մշակութային կիսամյակի անցկացումը: Միջոցառումների շարքը, որ կոչվում է «Թուրքական գարուն», պետք է ներառեր մի շարք համերգներ, թուրք գրողների ստեղծագործությունների շնորհանդեսներ, կինոփառատոն եւ նույնիսկ նորաձեւության մրցույթ: Այժմ, սակայն, Ֆրանսիայի կառավարությունը դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ խնդրելով հետաձգել մշակութային այս փառատոնի անցկացումը: Ու թեեւ ֆրանսիական կողմը հավատացնում է, թե նման քայլը զուտ տեխնիկական պատճառներ ունի, հեղինակավոր «Թըրքիշ Դեյլի Նյուստը» պնդում է, որ «պատճառները զուտ քաղաքական են»: «Ֆրանսիացիները չեն ցանկանում, որպեսզի համընկնեն թուրքական փառատոնի եւ 2009թ. հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունների քարոզչական արշավի ժամկետները,- թերթին փոխանցել է անունը բացահայտել չցանկացած մի բարձրաստիճան թուրք դիվանագետ՝ հավելելով,- Փառատոնի ժամկետների փոփոխության առաջարկը թուրքական կողմի համար անընդունելի է»: «Քաղաքական գործիչների վարկի վրա այնքան էլ դրական չեն անդրադառնա գրքերի շնորհանդեսներին ու ֆիլմերի ցուցադրմանը զուգահեռ ընթացող քննարկումները՝ նվիրված Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերություններին»,- այսպես են բացատրում թուրքական փառատոնը հետաձգելու ֆրանսիացիների ցանկությունը Թուրքիայում: Ֆրանսիական կողմը, սակայն, Անկարայից հնչող մեղադրանքները հերքում է: Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատան խոսնակ Բերտրան Բուխվալտերը հայտարարել է. «2009-ը որպես փառատոնի հստակ ժամկետ նշելը ճիշտ չէ՝ նման հստակ համաձայնություն չի եղել»: Փարիզում հակված են «Թուրքական գարուն» փառատոնն անցկացնել ոչ թե 2009, այլ 2010թ.: