Վճարեք հարկերը, կամ հանգիստ քնեք

21/12/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Եթե որեւէ մեկը փորձի ամփոփել տնտեսական տարին, հարկավ, կարեւորագույն իրադարձություն պիտի նկատի տնտեսվարողներ-պետություն հարաբերությունների զարգացումը: Անցնող տարին այս առումով առանձնահատուկ էր: Նախ՝ արդարացնող դատավճռով հանգրվանային լուծում ստացավ «Ռոյալ Արմենիա»-պետություն վեճը: Ճիշտ է, պարտությունից հետո պետությունը շատ արագ հակահարձակման անցավ: Հիմա ոչ ոք չի կասկածում, որ հանդուգն գործարարները կպատժվեն: Սակայն, միեւնույն է, արդարացնող միջանկյալ դատավճիռը նախադեպ է: Նախադեպ, որ կասկածի ստվեր ձգեց անպարտելի հայ չինովնիկի կերպարի վրա: Անցնող տնտեսական տարվա կարեւոր իրադարձություններից էին սննդամթերքի գների աննախադեպ աճը եւ ազգային դրամի երկու շաբաթ առաջ տեղի ունեցած արժեւորումը: Սա այնքան աննախադեպ էր, որ ֆինանսական ոլորտի ղեկավարությունը չհանդգնեց բացատրել տնտեսության երկնիշ աճով կամ վագրային հերթական թռիչքով: Իշխանություններն իրենք այն համեստաբար որակեցին՝ «սպեկուլյացիոն գործընթաց»: Հիմա, տարեմուտի այս օրերին հասունանում է հերթական տնտեսական սկանդալը: Սկանդալ, որ գների ամառային ցնցումների շարունակական արձագանք է: Գնաճի դեմն առնելու համար պետությունը մոբիլիզացրել էր իր ուժերը: Աշխատանք էր գտնվել նույնիսկ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի համար: Հանձնաժողովը «տուգանքների հրավառություն կազմակերպեց», սպառնաց, որ ոլորտ-ոլորտ ուսումնասիրելու է շուկան ու տնտեսվարողների վարքը: Այս ընթացքում տնտեսական մտքի նորարարական գոհարներ հրապարակվեցին: Պարզվեց, որ մեր շուկայում գները որոշում են ոչ թե մի քանի մոնոպոլիստները, այլ մի քանի հարյուր խանութպաններն ու հազարավոր կրպակավաճառները: Այն, որ մեր իշխանություններն ու գործարարների դասն իրար արժանի են` ապացուցվեց օրերս: Կարագի գնաճի դեմ պայքարի շրջանակներում Տնտեսական մրցակցության հանձնաժողովը որոշել էր պատժել 50 ընկերությունների: Դրանցից մեկը` «Արմեն ՕՍՍ» ՍՊԸ-ն մամուլով հայտարարել է, որ պատրաստվում է դատական կարգով բողոքարկել այդ որոշումը: Մարդիկ ասում են, որ ամբողջ տարվա ընթացքում վաճառել են ընդամենը 20 հազար կգ կարագ, այն էլ` մեծածախ: Նրանց միակ գնորդը «Թամարա» ընկերությունն է եղել: «Արմեն ՕՍՍ» ՍՊԸ-ն հայտարարում է, որ իր ներկրած մյուս 20 հազար կգ կարագը իրենց պահեստներում է եւ վաճառքի չի հանվել: Սա համաշխարհային տնտեսության պատմության մեջ եզակի դեպք է` գործարարության անզուգական օրինակ: Մարդիկ ծախս են արել, սառնարան-պահեստ են կառուցել, 4 տոննա կարագ են ներկրել: 2 տոննան վաճառել են, 2-ը՝ պահեստավորել, ու հիմա ասում են, թե ոչ ոքի չեն վաճառել: Այսօրինակ բիզնեսն անգամ Մրցակցության հանձնաժողովին է զարմացրել: Հատկապես, երբ պարզել են, որ «Արմեն ՕՍՍ» ՍՊԸ-ն կարագն Ուկրաինայից ներկրել է կիլոգրամը 752,8 դրամով եւ վաճառել 762,2 դրամով: (Այն դեպքում, երբ ներկրված կարագի մաքսային արժեքը հաշվարկվել է 770 դրամ): Տարեսկզբից մինչեւ ստուգման պահն ընդամենը վաճառքից ստացված 200 հազար դրամը պիտի որ չբավականացներ մնացած չափաբաժնի պահպանության ծախսերի համար: Հավանաբար հենց սա է կասկածելի թվացել հանձնաժողովին: Ու կասկածներն ապացուցող ուսումնասիրության փոխարեն՝ հանձնաժողովը տուգանել է ընկերությանը շատ ինքնատիպ բացատրությունով. «Մեր ստուգումների արդյունքում պարզվել է, որ նրանք («Արմեն ՕՍՍ» ՍՊԸ-ն) նշված ժամանակահատվածում կարագի մանրածախ վաճառք են իրականացրել, որն էլ շուկայի վրա էական ազդեցություն է ունեցել»: Ըստ հանձնաժողովի տրամաբանության՝ կարագի գինը բարձրացել է նաեւ այն պատճառով, որ եւս մեկ ընկերություն այդ ապրանքի լրացուցիչ խմբաքանակ է մտցրել շուկա: Ամբողջ աշխարհում ապրանքի քանակի աճը հանգեցնում է գների նվազմանը, իսկ մեր շուկայում հակառակն է տեղի ունենում: Եթե հանձնաժողովը ճիշտ է, ապա պարտավոր ենք տխուր հետեւություններ անել: Ստիպված ենք արձանագրել, որ մեր տնտեսությունում շուկայական օրենքներ չեն գործում: Ուրեմն, մենք շուկայական տնտեսություն չունենք: Հետեւաբար՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողով պահելը, մեղմ ասած, թիթիզություն է: Գոնե պետբյուջեի տեսանկյունից: Հատկապես, որ տնտեսվարողներն արդեն սպառնում են հանձնաժողովին դատի տալ: