2007 թվականը սղաճի առումով շրջադարձային դարձավ Հայաստանի համար: Բազմաթիվ տարիներ անընդմեջ սղաճի պաշտոնական թվերը երկրում պահպանվում էին պլանավորված ցուցանիշների վրա, այսինքն՝ 3%-ի սահմաններում, իսկ առանձին տարիներին նույնիսկ դեֆլյացիա է արձանագրվել: Այժմ ամեն ինչ փոխվել է: Արդեն պարզ է, որ տարեվերջին սղաճի պաշտոնական ցուցանիշը կգերազանցի 7-8%-ը: Այս թիվն արտացոլում է նոր իրականությունը, ընդ որում, ոչ այնքան հայկական, որքան համաշխարհային տնտեսության:
Առաջին հերթին խոսքը վերաբերում է ներկրվող սղաճի ֆենոմենին: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ նկատում ենք համաշխարհային շուկաներից սղաճի զգալի ներկրում, ինչը պայմանավորված է սննդամթերքի գների կայուն աճով: Այս աճն իր հերթին մի շարք զարգացող երկրների, առաջին հերթին՝ Չինաստանի եւ Հնդկաստանի, բնակչության կենսամակարդակի բուռն աճի հետեւանք է: Այս երկրներում կտրուկ ավելացավ սննդամթերքի պահանջարկը: Պարզապես չինացիներն ավելի շատ վաստակում եւ ավելի շատ են սպառում, իսկ դա սկսել է ազդել մնացած աշխարհի սննդաբաժնի եւ համաշխարհային գների վրա: Դատելով ամեն ինչից, աշխարհում սննդամթերքի գների աճի միտումը երկար կպահպանվի, քանի որ սննդամթերքի արտադրությունն արդեն չի հասնում պահանջարկի աճին: Արդյունքում` սղաճը ռեկորդներ է սահմանում ողջ աշխարհում: Հնարավոր է, մենք գործ ունենք նոր երեւույթի, ըստ էության` սղաճային գլոբալիզացիայի հետ, որի հետեւանքով երկրներում սղաճի կառուցվածքներում կտրուկ աճել է արտաքին բաղադրիչը: Ներկրվող սղաճի տհաճ առանձնահատկությունն այն է, որ այն ոչնչով չի բուժվում, նույնիսկ դրամի ամրապնդմամբ: Մենք արտաքին գների աճն արգելակող գործիքներ չունենք:
Ինչ վերաբերում է սղաճային ճնշման մեծացման ներքին պատճառներին, ապա առաջին հերթին պետք է նշել բնակչության եկամուտների եւ գնողունակ պահանջարկի նկատելի ավելացումը, այդ թվում՝ մասնավոր տրանսֆերտների հաշվին, եւ, իհարկե, շուկաների մոնոպոլիզացիայի հաշվին: Բացի դրանից, արագորեն աճում են բյուջեի ծախսերը, իսկ աշխատավարձի աճի տեմպերը գերազանցում են աշխատանքի արտադրողականության աճի տեմպերը: Եվ ինչպես դա սովորաբար լինում է, ներքին սպառման աճն ուղեկցվում է սպառողական գների արագ աճով: Հայաստանում դրությունը վատթարանում է շուկաների մոնոպոլիզացիայով, որն ավելի է խթանում գների աճը: Ընդհանուր առմամբ պատկերը բնորոշ է տնտեսական աճի բարձր եւ բնակչության սոցիալական պաշտպանվածության ցածր մակարդակ ունեցող երկրների համար: Արդյունքում, բազմաթիվ երկրների կառավարություններ այսօր կանգնել են «նոր» սղաճի մարտահրավերի առաջ:
Այստեղ էլ սկսվում է ամենադժվարը: Բնականաբար, գների աճը նյարդայնացնում է թե՛ կառավարություններին, թե՛ բնակչությանը, վերածվելով քաղաքական գործոնի: Բոլորը կառավարություններից միջոցառումների շուտափույթ ձեռնարկում են պահանջում: Քանի որ պայքարի ունիվերսալ ու արագ ազդող բաղադրատոմսեր չկան, կառավարությունները, ի պատասխան այդ մարտահրավերների, ավելի հաճախ են սկսում կիրառել կարգավորման ոչ շուկայական, վարչական մեթոդներ: Օրինակ, Ղազախստանի հակամենաշնորհային գերատեսչությունը հացի բոլոր գործարանները մտցրել է գների կարգավորման ենթակա ձեռնարկությունների ցանկ: Ավելին, այդ երկրի վարչապետը հայտարարել է, որ հացի գնի աճը կանխելու նպատակով չի բացառում երկրում հացի արտադրության պետական մենաշնորհի ներմուծումը: Այսինքն, կառավարությունը ցուցադրում է շուկայական տնտեսության սկզբունքներից հեշտորեն հեռանալու պատրաստակամություն: Էլ չենք խոսում Չինաստանի մասին, որտեղ բենզինի գները վաղուց կարգավորվում են պետության կողմից:
Այսպիսով, սղաճից տուժում է ոչ միայն բնակչությունը, այլեւ բիզնեսը (չմոնոպոլիզացված), որին սպառնում են վարչարարական միջոցառումներով` աճող ծախսերին համընթաց գները բարձրացնելու համար: Ու դա մենք այսօր տեսնում ենք Հայաստանում: Սղաճի հետ պայքարի առաջին ճակատ է մղվել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որն աջ ու ձախ գլուխներ է կտրում, առանձնապես ուշադրություն չդարձնելով գործարարների փաստարկներին: Այդ պատճառով՝ պատժամիջոցները դատարանում վիճարկածներից շատերը շահել են գործը: Գուցե պատժիչ միջոցներով հնարավոր կլինի մինչեւ դեկտեմբերի վերջ արհեստականորեն արգելակել գնաճը, բայդ դա միայն նշանակում է, որ Նոր տարվա տոներից հետո մեզ կարող է սպասել «արգելակված» գների նոր «ժայթքում»:
Ամեն դեպքում, վարչական լծակների զանգվածային կիրառումը դժվար է գների կարգավորման արդյունավետ միջոց համարել: Լավագույն կարգավորիչը մրցակցությունն է, եւ հանձնաժողովի գործը ոչ թե պատժամիջոցներով սպառնալն է, այլ շուկաներում իրական մրցակցություն ապահովելը: Միաժամանակ, առանձին դեպքերում, թերեւս, չի կարելի բացառել նաեւ շուկայական գնագոյացման սկզբունքից հեռացումը` հաշվի առնելով մեր իրականությունն ու առանձնահատկությունները: Չէ որ, եթե նախապես հայտնի է, որ ոչ մի հակամենաշնորհային միջոց չի օգնելու, գուցե, իսկապես իմաստ ունի մի շարք կարեւորագույն շուկաներում (օրինակ` բենզինի) ներմուծել գների պետական կարգավորում:
Ինչ էլ լինի, 2008 թվականին սղաճի դեմ պայքարի հիմնական գործիքներն են լինելու նույն հսկողությունը դրամային առաջարկի նկատմամբ (ԿԲ) եւ հակամենաշնորհային քաղաքականությունը (կառավարություն): Սակայն, եթե մասնավոր ու այլ տրանսֆերտների աճի տեմպերը 2008 թվականին պահպանվեն, ապա, հնարավոր է, ԿԲ-ն հիպերինֆլյացիայի վտանգի պատճառով այլեւս չի կարողանա ստերիլիզացնել դոլարային ծավալն այն չափերով, ինչ այս տարի, այսինքն՝ կիջեցնի իր ակտիվությունը տարադրամի շուկայում: Սա կարող է հանգեցնել 2008 թվականին դրամի կուրսի ամրապնդման տեմպի արագացմանը: Սղաճի մակարդակը կախված կլինի նաեւ հակամենաշնորհային պայքարի արդյունավետությունից: Բայց, ամեն դեպքում, թվում է, թե ցածր սղաճի փուլի վերջը եկել է: Գլոբալիզացիայի շնորհիվ: