Ընտրությունը մերն է

21/12/2007 Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ

Եթե վերադառնանք մայիսի 12-ից հետո մեր երկրի հասարակական ու քաղաքական շրջանակներում թեւածող կարծիքներին, ապա գալիք նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակն այլեւս կանխորոշված էր համարվում: Այդ դեպքում նոր իրողությունը ո՞ւմ խաղաքարտերը խառնեց:

Իհարկե, ոչ ընդդիմության, քանի որ վերջինս նման ելքին հաշտվել էր դեռ մինչ ԱԺ ընտրությունները: Միակ մարդն, ով այս արդյունքներից իրեն առավելագույնս խաբված զգաց` Ռոբերտ Քոչարյանն էր: Չէ՞ որ նա վաղօրոք հայտարարել էր, որ ոչ մի կուսակցություն նորընտիր ԱԺ-ում չի կարող ունենալ մեծամասնություն, եւ որ ՄԱԿ-ն անպայման կլինի այնտեղ: Բայց եղածը եղած էր, ուստի գնաց ու ՀՀԿ գրասենյակում շնորհավորեց հաղթողներին: Թվում էր, թե այդ պահից նախագահին կարելի էր համարել «կաղ բադիկ», բայց էլ ի՛նչ Քոչարյան, որ իր զինանոցում պահեստային տարբերակներ չունենար: Բանն այն է, որ դեռ ժամանակին փոփոխված Սահմանադրությանը «ոչ» ասելու հարցում ամենապասիվ ձեւով հանդես եկան նախկինները: Մինչդեռ իրենց օրոք ընդունված սահմանադրությունը չփոփոխվելու հարցում առավելապես նրանք պետք է շահագրգիռ լինեին, մանավանդ, որ ներկայացված տարբերակում կային զգալի թվով անընդունելի դրույթներ: Դրա փոխարեն, այն մարդիկ, ովքեր ուղղակի շփում ունեին Տեր-Պետրոսյանի հետ, իրենց հրապարակային ակտիվ ելույթներով շարունակաբար պնդում էին, որ փոփոխված սահմանադրությունը Քոչարյանը համարելու է որպես նոր եւ անպայման առաջադրվելու է 3-րդ անգամ: Ինչի՞ համար էր սա արվում: Որպեսզի Քոչարյանի կողքի պատեհապաշտները չշտապեին տեղավորվել Սերժ Սարգսյանի թեւի տակ: Արդյունքում նախագահը ոչ միայն չկորցրեց իր դիրքերը, այլեւ` ԱԺ-ում հայտնվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի կազմում էլ՝ զգալի թվով Քոչարյանի թիմակիցներ: Եվ մինչեւ այս վերջին օրերը նա կատարում է ուզած կադրային նշանակումը, լուծում ցանկացած հարց, մինչեւ ընտրության վերջին պահն էլ պահպանում իր դիրքերը ու նաեւ լուրջ դերակատարություն է ունենալու գալիք նախագահական ընտրություններում: Սրանով իսկ հասկացնել տալով, որ եթե Ս. Սարգսյանը չհաշտվի իր վարչապետ դառնալու մտքի հետ, ապա չի բացառվում, որ նախագահ դառնա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի եւ, առավել եւս, ՀՅԴ-ի հետ որեւէ պայմանավորվածություն չի խախտվի, եթե վերջիններս պաշտպանեն Ռ. Քոչարյանի թեկնածությունը վարչապետ դառնալու հարցում: Իհարկե, միամտություն է կարծել, որ Քոչարյանը որքան էլ տարաձայնություններ ունենա Ս. Սարգսյանի հետ, այնուամենայնիվ, իրավահաջորդ կպատկերացնի Տեր-Պետրոսյանին. նման ռիսկի նա ոչ մի պարագայում չի գնա, նրան պարզապես առաջին նախագահը պետք է ճնշում գործադրելու համար:

Փորձենք հասկանալ, թե ինչ կերպ հասանք այս օրերին: Տեր-Պետրոսյանը 1998թ. հրաժարական տվեց, որի արդյունքում նախագահ դարձավ նրա կողմից վարչապետ նշանակված Ռոբերտ Քոչարյանը: Թե ինչ բացասական էմոցիա պետք է դրանից առաջանար հասարակության մեջ ու առավելապես՝ առաջին նախագահի մոտ, դժվար չէ պատկերացնել, առավել եւս, երբ վերջինս հստակ հասկացնել տվեց, որ երկրում տեղի ունեցավ հեղաշրջում: Եվ ահա դրանից որոշ ժամանակ անց կատարվեց «Հոկտեմբերի 27»-ի աննախադեպ ոճրագործությունը, որի իրականացման մեջ ինչ-որ ձեւով մասնակցություն ունենալու կասկածի սլաքն ուղղվեց դեպի նախագահական: Վերջերս Տեր-Պետրոսյանը միտինգներից մեկի ժամանակ ներկայացրեց, որ այդ դեպքից անմիջապես հետո իրեն առաջարկել էին հանդիպել ուժային կառույցների հետ եւ իրավիճակից դուրս գալու համատեղ ելքեր գտնել: Ի դեպ, այդ օրերին Քոչարյանի հրաժարականին հասնելն ավելի հեշտ էր, քան նրան իր պաշտոնում պահելը: Եվ ահա առաջին նախագահը ոչ միայն չհամաձայնեց միանալ նախագահի հրաժարականը պահանջողներին, այլեւ հայտարարություն արեց, որ բոլորը համախմբվեն Քոչարյանի շուրջ: Իհարկե, վերջերս նա փորձեց իր այդ անտրամաբանական քայլին ինչ-որ բացատրություն գտնել, իբր ինքը չցանկացավ, որ երկրում առաջացած անկայունությունից օգտվեր մեր թշնամին ու հարձակվեր: Մինչդեռ, ակնհայտ է, որ «Հոկտեմբերի 27»-ն արտաքին ինչ ուժ էլ կազմակերպած լիներ, չէր կարող գծագրված լինել այն կերպ, որ այդ ոճրագործությունը կկատարվեր հենց այդ պահին, կունենար հենց այս հանգուցալուծումը, եւ Ադրբեջանն էլ՝ օգտվելով առիթից, կհարձակվեր ու հաջողության կհասներ: Առավել եւս, որ Տեր-Պետրոսյանը բավական է համաձայներ վերադառնալ իր պաշտոնին, նա` ՍԴ կողմից կհայտարարվեր վերականգնված մինչեւ հոկտեմբերի 30-ը, քանի որ հեռացել էր հեղաշրջման արդյունքում: Դրանից հետո հաշված օրերի ընթացքում թե՛ ԱԺ-ի ղեկավար պաշտոններն ընտրությունների միջոցով կհամալրվեին եւ թե՛ կառավարությունը կձեւավորվեր: Ինչպե՞ս հավատանք, որ Տեր-Պետրոսյանին հետ պահեց թշնամու հավանական հարձակումը, ով կարող էր օգտվել մեր մոտ ստեղծված անկայուն իրավիճակից, որն, ի դեպ, կհաղթահարվեր շատ արագ, եթե նույն մարդն այսօր ընտրություններից շուրջ 2 ամիս առաջ իր թիմակիցների միջոցով հայտարարում է, որ իրենք պետք է հաղթեն ոչ թե ընտրությունների օրը, այլ նախապես, որ ոչ մի արդյունք իրենց կողմից չի ընդունվի, եթե չհայտարարվի, որ հաղթել է Տեր-Պետրոսյանը, որ արդյունքները չճանաչելը պետք է վիճարկվի հեղափոխությամբ, որ Տեր-Պետրոսյանը դառնալով նախագահ` անմիջապես «առնետավազք» պետք է սկսվի, որի արդյունքում պառլամենտը պետք է անցնի իր վերահսկողության տակ, իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն դառնալ «առնետ», նրանց կպարտադրվի մանդատները վայր դնել: Եվ այս ամենն ասվում է վաղօրոք, որպեսզի մեր թշնամին լավ նախապատրաստվելու ժամանակ ունենա: Ավելին, նա այս տարիների ընթացքում մեզնից զգալի առաջ է անցել իր հզորությամբ ու, բացի դրանից, դարձել է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային գործոն՝ պայմանավորված թե՛ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով, թե՛ Բաքու-Թբիլիսի-Էրզրումով եւ թե՛ Հայաստանը շրջանցող ռազմավարական նշանակություն ունեցող երկաթգծով: Բացի այդ, Արեւմուտքը ցանկանում է Կոսովոյի անկախության հարցը լուծել, բայց եւ շտապում է անընդհատ պնդել, որ այն նախադեպ չի կարող դառնալ ուրիշ կոնֆլիկտների համար: Մինչդեռ ակնհայտ է, որ հնարավոր չէ՝ նման լուծումը ոգեւորության ալիք չբարձրացներ նաեւ մեզ մոտ: Այդ դեպքում էլ ինչպե՞ս կարելի է լուծել տեւականորեն չլուծված ԼՂՀ հիմնահարցը, եթե ոչ կարճատեւ պատերազմով, որի դեպքում միջազգային ուժի կենտրոնները կմիջամտեն ու մեզ խաղաղություն կպարտադրեն այն վիճակում, որում մենք կհայտնվենք փետրվարի 19-ի անկայունությունից հետո, այսինքն` կորցրած Ղարաբաղն ու ազատագրված տարածքները: Բնական է` սա չէր կարող չհասկանալ առաջին նախագահը, մանավանդ, որ նա իր ասելով` սա լավ հասկանում էր դեռ 1999-ին: Ուրեմն` Տեր-Պետրոսյանը լուծում է ավելի պարզ խնդիր` հեղափոխություն չի լինելու, ինքը նախագահ չի դառնալու, այլ` Քոչարյանը կդառնա վարչապետ ու կունենա այնքան լծակներ, որ միշտ էլ կմնա հավանական թեկնածու երրորդ ու չորրորդ անգամ նախագահ դառնալու համար: Իսկ վարչապետ Քոչարյանի պարագայում Սերժ Սարգսյանը որպես նախագահ կլինի շատ խոցելի: Չպետք է մոռանալ, որ ամիսներ առաջ Ռ. Քոչարյանը ոչ երկիմաստ հայտարարեց, որ նախագահ չի լինի նա, ում մասին խոսում են` նկատի ունենալով Սերժ Սարգսյանին: Իսկ որո՞նք էին Ռ. Քոչարյանի նախնական տարբերակները, որոնց ձախողումը նրան կդարձներ երիտասարդ թոշակառու, եւ որից խուսափելու համար ստիպված եղավ խաղադաշտ մտցնել արդեն թոշակառու Տեր-Պետրոսյանին: Նրա թեկնածուն կարող էր լինել թե՛ վաղամեռիկ Անդրանիկ Մարգարյանը եւ թե՛ Վարդան Օսկանյանը, քանզի նրանցից յուրաքանչյուրի նախագահ դառնալու դեպքում Ռ. Քոչարյանը կլիներ վարչապետ եւ նոր սահմանադրության պարագայում` երկրի փաստացի ղեկավար, իսկ հետագայում արդեն կարող էր ընտրվել նաեւ նախագահ: Բայց Ա. Մարգարյանի մահվանով, ու նաեւ Օսկանյանի տարբերակի բացարձակ անհեռանկար լինելու հանգամանքով պայմանավորված՝ Ռ. Քոչարյանի պլանները խախտվեցին, եւ այս հանկարծակի փոփոխված իրավիճակի պատճառով էր, որ Ռոբերտ Քոչարյան-Լեւոն Տեր-Պետրոսյան տանդեմը մի քանի կոպիտ բաներ ստիպված եղավ անել, որը չվրիպեց հասարակության ուշադրությունից: Նախ` երբ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում էր, Ռ. Քոչարյանը Մահմուդ Ահմադինեջադին էր Երեւանում ընդունում, հետո բոլորը հասկացան, որ առանց նախագահի համաձայնության ՀՅԴ ղեկավարները չէին հանդիպի Տեր-Պետրոսյանի հետ, եւ վերջապես ակնհայտ էր, որ Քոչարյանը ոչ թե քարոզչություն էր անում հօգուտ Ս. Սարգսյանի, այլ` ի վնաս, ու ակնհայտորեն ի շահ Տեր-Պետրոսյանի: Եվ դա կատարում էր ոչ միայն անձամբ, այլ նաեւ իր վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների ու բախումներ հրահրող իրավապահների միջոցով: Միաժամանակ, մեր աչքի առաջ օր օրի ձախողվում է առաջին ու երկրորդ նախագահների համատեղ ծրագիրը: Դրա վկայությունն է նաեւ այն, որ ներկա իրավիճակն ու իրադարձությունների զարգացման դինամիկան ցույց են տալիս, որ առաջիկա նախագահական ընտրություններում Տեր-Պետրոսյանը կատաղի պայքար է մղելու ընդամենը 4-րդ պատվավոր տեղը զբաղեցնելու համար: Այս պարագայում կլինի՞ երկրորդ փուլ, թեգ ոչ` դառնում է ոչ էական, քանի որ երկրորդ տեղում կլինի Արթուր Բաղդասարյանը, Վահան Հովհաննիսյանը, թե մեկ ուրիշը` ոչ մեկի շուրջ արմատական ընդդիմությունը չի համախմբվի` իշխանական թեկնածուի դեմ պայքարելու նպատակով: Ահա այս պատճառով է, որ կտրուկ փոխվեց Տեր-Պետրոսյանի մարտավարությունը, եւ առաջին պլան մղվեցին հեղափոխական կոչերը: Ենթադրում եմ, որ այս պրոյեկտն առաջին նախագահի թիմակիցներն իմանալ չէին կարող, եւ նրանք պարզապես հայտնվել են «խաբված ավանդատուների» կարգավիճակում: Միաժամանակ կարծում եմ, որ ոչ բոլորն են համաձայն գնալ այս արկածախնդրությանը, եւ նոր իրողությունների պայմաններում, երբ հընթացս փոխվում են խաղի կանոնները, հնչեցրած կարգախոսները, մարտավարությունը, թիմի ներսում տարաձայնությունների ի հայտ գալը դարձնում են անխուսափելի: Չէ՞ որ ոչ մեկի աչքից չէր կարող վրիպել, որ Տեր-Պետրոսյանը Քոչարյանի նախագահության ողջ ընթացքում համառորեն լռելուց հետո խոսեց միայն նրա պաշտոնավարման ժամկետի ավարտման պահին եւ այն էլ՝ այնպիսի բաների մասին, որ եթե դրանք գիտեր ու լռում էր, ապա դա կարող էր լինել միայն շատ լուրջ պայմանավորվածության արդյունքում, այլապես լռողը շատ լուրջ պրոբլեմներ ունի բարոյականության հետ: Այստեղից հետեւություն` աջակցելով Տեր-Պետրոսյանին, դուք եւս տասը տարի իշխանությունը թողնում եք Ռոբերտ Քոչարյանին` ընտրությունը ձերն է: