«Հետք» էլեկտրոնային կայքի միջոցով սփյուռքահայերը եւս ԱԺՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանին մի շարք հարցեր են ուղղել: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ մենք հրապարակեցինք Վ. Մանուկյանի՝ նույն կայքին տված հարցազրույցը, որտեղ հարցադրումները հնչեցրել էին ՀՀ շարքային քաղաքացիները:
– Հայաստանում կա կոռուպցիա եւ, բացի այդ, իշխանությունները կարծես թե առանձնապես հարգանք չունեն օրենքի նկատմամբ: Բայց այս երկուսն էլ կապ չունեն ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ղարաբաղի հարցի հետ: Կոռուպցիան թաքցնելը եւ դրա դեմ պայքարելը նույն բանը չեն: Ո՞րն է ձեր մոտեցումն այս հարցերի վերաբերյալ:
– Կոռուպցիայի տարրերն, իհարկե, եղել են այն ժամանակ, երբ մենք ապրել ենք դեռ ցարական Ռուսաստանում: Կոմունիստների ժամանակ (60-70-ականներին) այն աճեց: Երբ մենք եկանք իշխանության, այդ կոռուպցիան կար: Դա մի երեւույթ է, որի դեմ պայքարելու համար իրական ժողովրդավարական համակարգ է պետք` անկախ դատարան, քաղաքացիական հասարակություն: Ցավոք, մեզ մոտ այդպես չէ: Այժմ կոռուպցիան ոչ թե շատացել է, այլ դարձել է պետական մեխանիզմն աշխատեցնելու ամենակարեւոր գործոններից մեկը: Մեր ժողովրդի մեջ, չեմ կարծում, որ կոռուպցիան խորը արմատներ ունեցող, արդեն բնավորություն դարձած երեւույթ է, ինչպես մի շարք արեւելյան պետություններում: Նորմալ օրենքների դեպքում, նորմալ վերահսկողության ներքո էապես կարելի է նվազեցնել այն, մանավանդ, եթե իշխանություններն իրենք հակված չլինեն կոռուպցիայի: Ինչ վերաբերում է օրինականությանը, ապա մեր երկրում չի աշխատում օրինականություն հաստատելու դեմոկրատական պետության մեխանիզմը` իշխանությունը չի ընտրվում եւ հեռացվում ժողովրդի քվեով: Եվ այստեղ է թաքնված այն հանգամանքը, որ կոռուպցիան Հայաստանում դառնում է իշխող երեւույթ: Դուք մի շատ կարեւոր բան նկատեցիք. եթե նախորդ ժամանակաշրջաններում, նախորդ դարերում մենք միշտ ասում էինք, որ մենք` հայերս, մեղք չունենք, որ կորուստներ ենք ունենում, ապա այսօր այդ կորուստների մեղավորը մենք ենք:
– Ռոբերտ Քոչարյանն էլ է սխալներ գործում, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանը վախ է առաջացնում եւ վերջում էլ կապիտուլյացիայի կոչ է անում: Չե՞ք կարծում, որ հանրահավաքների ժամանակ հայտնում է պետական գաղտնիքներ միայն այն պատճառով, որ թշնամություն ունի «հին ընկերների» նկատմամբ:
– Ես անհանգստացած եմ այն թույնից ու ագրեսիայից, որոնք այժմ տարածվում են մեր հասարակության մեջ ոչ միայն հանրահավաքների միջոցով, այլեւ թերթերի եւ հեռուստատեսության: Այդ ճանապարհը չի բերի Հայաստանի վիճակի բարելավմանը:
– Գրեթե բոլորին պարզ է, թե ով է լինելու Հայաստանի նախագահը: Չնայած ընդդիմադիր շատ գործիչներ չեն ընդունում Լ. Տեր-Պետրոսյանին, բայց գոնե նա ներկա իշխանություններին այլընտրանք է: Ինչո՞ւ ընդդիմությունը չի համախմբվում նրա շուրջը: Ի՞նչ եք կարծում, Տեր-Պետրոսյանը շանս ունի՞:
– Նախ, ի տարբերություն ձեզ, ես միարժեք չեմ ասի, թե հայտնի է` ով է լինելու 2008թ. Հայաստանի նախագահը: Ինչ վերաբերում է Լ Տեր-Պետրոսյանին, ապա ես բավականին ցածր եմ գնահատում նախագահ դառնալու իր հնարավորությունները, մանավանդ, որ իր թիմը միավորելու փոխարեն վանում է իրենից շատերին:
– Ինչո՞ւ պետք է սփյուռքին հետաքրքրի, թե ով պետք է լինի Հայաստանի նախագահը, եթե ՀՀ քաղաքացիներին դա չի հետաքրքրում: Գուցե դուք մի բան գիտեք, մենք չգիտե՞նք:
– Ես գիտե՛մ, որ Հայաստանի քաղաքացիներին հետաքրքրում է, թե ով պետք է լինի նախագահ, որովհետեւ դա միշտ է հետաքրքրել, քանի որ մեր կյանքն էապես կախված է նրանից, թե ով կլինի ՀՀ նախագահը: Ինչ վերաբերում է սփյուռքին, ապա, ես կարծում եմ, որ, իսկապես, սփյուռքն առանձնապես չպետք է հետաքրքրված լինի անձի հարցով: Սփյուռքին պետք է հետաքրքրի Հայաստանում հաստատված պետական կառույցների որակը եւ արդյունավետության աստիճանը` դիտարկված ինչպես ազգային շահերի տեսանկյունից, այնպես էլ մեր երկրի քաղաքացիներին տրված ազատությունների եւ իրավունքների տեսանկյունից, ինչը, ցավոք, հաճախ անտեսվում է մեր որոշ սփյուռքահայ եղբայրների կողմից: Եթե կառույցները եւ ուղղվածությունն այդ իմաստով ընդունելի են, արդեն մեծ նշանակություն չունի, թե ով է երկրի նախագահը: Ներկա պահին դա կարող է հետաքրքրել միայն այն առումով, թե ո՞վ կարող է նախաձեռնել եւ իրականացնել նման կառույցների կայացումը: Այսինքն՝ սփյուռքը պետք է առաջադրի պայմաններ եւ առաջարկներ, այլ ոչ թե` անձեր:
www.hetq.am