Գոնե նախատոնական օրերին աթոռակռիվը մոռացեք

21/12/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մայրաքաղաքում երթեւեկող տաքսու վարորդների հետ ՀՀ նախագահական ընտրությունների թեմայով մեր զրույցներն այս անգամ, կարելի է ասել, ձախողվեցին: Պատճառն այն է, որ վարորդները մտահոգված են ամանորյա նախատոնական ծախսերով:

«Նոր տարուց հետո ավելի խոցելի ենք դառնում»

Վարորդ Համլետը զայրացած ասում է՝ «Ի՞նչ սրտով պիտի գնանք ընտրության, ես որ հաստատ ոչ գնալու եմ, ոչ էլ մասնակցելու եմ: Եթե մի 10-15 տարի առաջ Նոր տարին մեր համար ուրախության տոն էր, ապա հիմա շատ ձեւական բնույթ ա կրում, որովհետեւ մենք ավելորդ հոգսի տակ ենք ընկնում: Հիմա նայե՛ք, մարդիկ իրանց աշխատածը ծախսելու են, որ ցույց տան, թե լավ սեղան են գցելու, ու հետո սնանկացած ամիսներ են անցկացնելու: Ես բարեկամիցս 300 դոլար պարտք եմ արել, որ կարողանամ թեթեւակի սեղան գցել, բայց հետո քթերիցս դուրս ա գալու: Իմ նման օրվա հացի գումար վաստակող մարդկանց համար Նոր տարին գլխացավանք ա: Հիմա հարցնում եք, թե ո՞ւմ եմ ընտրելու, ես էլ պատասխանում եմ՝ ոչ ոքի: Մեր ղեկավարներն իզուր են փետրվար ամիսն ընտրել որպես նախագահի ընտրության օր, որովհետեւ Նոր տարուց հետո ժողովուրդն ագրեսիվ ա դառնում: Էդ տոներին քամվում ես, մեկ էլ հետ ես նայում ու հասկանում ես, որ էսքան տարիների ընթացքում աշխատել ես, բայց ոչ մի բանի չես հասել, ու ջղայնանում ես, ներվերդ չի դիմանում: Դե՛, պատկերացրեք, որ ժողովրդի 70%-ն իմ օրին ա ու իմ նման ա մտածում: Նոր տարուց հետո մենք ավելի խոցելի ենք դառնում, որովհետեւ էդ ժամանակ ինքդ քո առաջ հաշվետվություն ես ներկայացնում ու մանթրաժ ես ընկնում: Նենց որ, փետրվար ամիսը որպես ընտրության օր նշանակելը շատ մուխանաթ բան ա, ազգովի կատաղած ենք լինելու ու հեչ լավ ընտրություն չենք անելու: Օրինակ՝ ավելի լավ կլիներ, որ օգոստոս ամսին նշանակեին, որ մարդիկ գնային թեկուզ 2 օրով հանգստանալու ու մի քիչ թուլացած ներվերով ընտրություն կատարեին»,- կեսլուրջ-կեսկատակ ասում է Համլետը՝ վստահեցնելով, որ որքան ասում են՝ կյանքը լավացել է՝ իր համար կենցաղը դառնում է ավելի դժվար: «Ամեն օր տնտեսական աճից են խոսում, բայց ես էդ աճն իմ ընտանիքի վրա չեմ զգում: Երբ հեռուստատեսությամբ որոշ մարդիկ տնտեսական առաջընթացից են խոսում՝ քիչ ա մնում մի բան տամ ու փշրեմ էդ հեռուստացույցը»:

«Մեր իշխանությունները սադիստ են»

Վարորդ Գեւորգը կրկին հիշեցնում է մայրաքաղաքի քանդված փողոցները։ «Ամեն տարի մեր իշխանությունները մեզ ամանորյա նվեր են մատուցում: Էս տարվա նվերը ոչնչով չէր տարբերվում մյուս տարիներից: Հիմա որ վարորդը որ իրան լավ չպահեց, խմեց, դուրս եկավ փողոց՝ ընկնելու ա փողոցների փոսերը: Նենց որ գայիշնիկների գործը կպնելու ա: Էս տարի ավտոներով չեն ընկնելու խմած մարդկանց հետեւից, կամ փողոցներում նեղություն չեն քաշելու՝ կանգնեն ու հսկեն: Հարբած վարորդն իրա ոտքով կգա ու կընկնի փոսի մեջ,- ծիծաղում է Գեւորգն ու շարունակում,- Մեր իշխանությունները սադիստ են, սադիստ: Նայե՛ք, ձյունը եկավ, ու մենք լրիվ կատաստրոֆիկ վիճակում հայտնվեցինք: Հես ա սառույցը կկապի, փողոցների փոսերը լրիվ կդառնան պատուհաս, ու ամեն խաչմերուկում մի հատ վթար կլինի: Եթե չոր պայմաններում` որ կողմ պտտվում, մի հատ զխկոց էիր լսում, բա հիմա ի՞նչ ա լինելու մեր վիճակը: Ախր ամբողջ մի տարի մեր պաշտոնյաները հայտարարում էին, թե հասցնելու են մինչեւ ձմեռ փողոցները փակել, բայց էլի խաբեցին, չէ՞, էլի սուտ դուրս եկան, չէ՞: Մենք եւս մեկ անգամ համոզվեցինք, որ մեզ խաբեբաներ են ղեկավարում, ու նրանք չեն վախենում սուտ խոսալուց, որովհետեւ էդ ստերը մենք արդեն ընդունում ենք որպես օրինաչափություն: Մեր ռեակցիան դարձել ա սովորական»,- բարկանալով ասում է Գեւորգն ու վերադառնում ՀՀ նախագահի թեկնածուներին: «Չնայած ամանորյա նվերների հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի դաժան ա եղել, բայց ես էս անգամ իրան եմ ընտրելու: Էս էն դեպքն ա, երբ ասում ես՝ ինչ լինելու ա, թող լինի, որովհետեւ ստեղ քննարկվում ա վատի ու վատից ավելի վատի թեման: Լեւոնն իմ համար վատ ա, բայց իրան եմ ընտրելու, որ վատից վատին չընտրեմ: Լեւոնի օրոք շատ դժվարություններ ենք ունեցել, ես իրան առանձնապես չեմ էլ համակրում, բայց իրան ընտրելու եմ էս իշխանություններին վատություն անելու համար»:

«Լեւոնը խուսափո՞ւմ է հարցազրույցներից»

Վարորդ Հովսեփն, ով պարտաճանաչ մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին, ասում է. «Ճիշտն ասած` չեմ կողմնորոշվել, թե ում եմ ընտրելու, բայց, որ հիասթափությունս մեծանում ա` էդ հաստատ: Ես միտինգներին միշտ գնում եմ ու մինչեւ վերջ լսում եմ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները, բայց մի տեսակ սկսել եմ իրանց չհավատալ: Ես մի բան չեմ հասկանում, թե, ասենք, ինչի՞ բոլոր քաղաքական գործիչները, հատկապես՝ ընդդիմադիր թեկնածուները, հեռուստատեսությամբ, ռադիոյով ու թերթերով կռիվ են տալիս, խոսում, պատասխանում են լրագրողների հարցերին, իսկ լեւոնական ուժերը՝ ոչ: Ինձ կարա՞ք ասեք, թե Լեւոնը բացի հանրահավաքներից ինչի՞ ուրիշ տեղ չի խոսում: Ասենք՝ լրագրողները չե՞ն հետաքրքրվում իրանով, թե՞ ինքն ա խուսափում: Ես սկսում եմ մտածել, որ ինքը ուղիղ հարց ու պատասխանից խուսափում ա: Փաստորեն գալիս ա հանրահավաքի, պատրաստի, մշակած տեքստերով իրա ասելիքն ասում ա, բայց էդ պահին լիքը հարցեր են առաջանում, որի պատասխանը կուզենայիր լսել: Ինքը խոսում ա իրա ուզած բաները, բայց մեր մոտ լիքը հարցեր կան, չէ՞: Ես խնդրում եմ՝ մի օր իրան հարցրեք, թե ինչի՞, ասենք, չի գնում ու ուղիղ եթերով հարցազրույց տալիս, որտեղ հեռախոսազանգերով կարա շփվի մարդկանց հետ: Ես հիշում եմ, որ Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, թե Լեւոնին ձեռնոց ա նետում: Էն ժամանակվանից ես սպասում եմ, որ հանդիպում կլինի, ու կպատասխանի Իսագուլյանի հարցերին: Նա ասում էր, որ շատ ծանրակշիռ փաստեր ունի իրա դեմ, բայց Լեւոնի լռությունը առնվազն տարօրինակ ա: Նշանակում ա, որ ինքը վախենո՞ւմ ա, թե՞ պատվից ցածր ա համարում նրանց հետ նույն սեղանի շուրջ նստել»։ Հովսեփը նաեւ հիշեցնում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ստեփան Դեմիրճյանի հեռուստատեսային բանավեճը. «Էդ հարցազրույցն էր պատճառը, որ շատ մարդիկ Ստեփան Դեմիրճյանից հիասթափվեցին, որովհետեւ Քոչարյանը կարողանում էր ասելիքը հիմնավորել, իսկ Դեմիրճյանն ընկել էր սարեր-ձորեր: Էդ հարցազրույցներից, հարց ու պատասխաններից շատ եզրակացություններ կարելի ա անել: Ստեփան Դեմիրճյանը Ռոբերտ Քոչարյանի հետ բանավեճի ժամանակ իրա խոսքերով ապացուցեց, որ ինքը շատ թույլ քաղաքական գործիչ ա: Ուզում եմ ասել, որ միտինգներով Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ մեր հարգանքը չի վերականգնվի: Ուզո՞ւմ եք ես էլ գնամ մի ամիս նստեմ, տեքստի վրա աշխատեմ ու շատ ազդեցիկ ելույթ ունենամ: Օրինակ՝ ինձ պետք ա, որ ինքը հանպատրաստից պատասխանի իմ հարցերին: Ես շատ հարգում եմ էն քաղաքական գործիչներին, որոնք եթերում կռիվ են տալիս, թեկուզ խոսքով ապացուցում են իրանց գաղափարները: Ինչ վերաբերվում ա, թե ում եմ ընտրելու, ապա ես ուզում եմ Լեւոնին ընտրել, բայց ինքը ոնց որ թե դրա համար ոչ մի բան չի անում: Այսինքն՝ պահի տակ ոգեւորվում ես, ուզում ես իրան միանշանակ հավատալ, բայց հետո, որ սառը դատում ես՝ լիքը հարցականներ են մնում: Եթե Լեւոնը շատ չխոսա, չշփվի մեր հետ, ապա իրա ընտրվելն անիմաստ ա, աթոռի պայքար ա»:

Ամերիկայի փողերով հեղափոխությո՞ւն են ուզում անեն

Վարորդ Մուշեղը շատ էր զայրացած: Նա վստահ է, որ դրսի ուժերը հանուն իրենց շահերի ուզում են Հայաստանում ամեն ինչ խառնել, իսկ Հայաստանի ընդդիմադիր որոշ գործիչներ, ինչպես ինքն է ասում` «կուտը ուտում են դոլարով». «Ես ուղղակի գժվում եմ, երբ էն Ալամ Կարապետյանի նմանները վեր են կենում ու ասում, թե Հայաստանին գունավոր հեղափոխություն ա պետք: Էդ հեղափոխություն ուզողներն էն մարդիկ են, որոնց էրեխեքը բանակում չեն, ովքեր դրսերում բիզնես ունեն ու ստեղ իրանց կայֆերով ման են գալիս: Հեղափոխություն էն մարդիկ են ուզում, ովքեր Ամերիկայից փողեր են ստացել ու նրանց պատվերով Հայաստանը տակնուվրա են ուզում անեն: Էս արդեն մի ամսից ավել ա, անընդհատ խոսում են էդ «Գալա» հեռուստաընկերության մասին, մթամ իշխանությունները նրանց պատժում են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները ցույց տալու համար: Է, «Գալայի» անունը մինչեւ օրս ոչ մեկը չէր լսել, չգիտեինք էլ, որ նման հեռուստաընկերություն գոյություն ունի, հիմա դառել ա քաղաքական աստղ: Երբ որ էս իշխանությունները «Ա1+»-ը փակեցին, բոլորս ափսոսացինք, գնում էինք միտինգների` ի նշան բողոքի, բայց էդ «Գալան» ի՞նչ ա, կյանքում «Ա1+» չի դառնա: Ա՛յ, էն էր քաղաքական ճնշումը, նրանց բերանը փակեց Քոչարյանը: Իմ կլիենտներից մեկն ասում ա, որ «Գալային» ամերիկացիները մեծ փող էին տվել, ու մեկ էլ Երեւանի հեռուստաընկերություններից էլի մեկին, որ ինչ-որ բաներ անեն ընտրությունների ժամանակ: Դրա համար էլ, իշխանությունները էս իմանալով` դեմը կտրեցին: Էսքան բան, թե չէ` ե՞րբ էինք լսել, որ ընդհանրապես տենց տելե կա: Դրա համար էլ մտածում եմ, որ էս իշխանությունները ճիշտ են անում, ամեն մի երկրի շպիոն չպիտի կարողանա ստեղ իրա ուզածը անցկացնել, հեղափոխություն անել, սա վերջիվերջո պետություն ա, ստեղ մարդիկ են ապրում, որբի գլուխ չի, որ ով ինչ ուզենա` անի»,- ասում է Մուշեղը։ Նա դիմում է ընդդիմադիր քաղաքական գործիչներին. «Արա, դուք փողը Ամերիկաներից վերցնում եք, լավ, հասկացանք, փող եք աշխատում, բայց էս ժողովրդին խի՞ եք ձեր առեւտրի մեջ խառնում»:

«Իրար կծախեն ու կծախվեն»

«Դուք շատ եք շտապում նախագահական ընտրությունների թեման քննարկելով,- ասում է Սուրենը՝ հավելելով,- ամեն ինչ սկսվելու ա փետրվար ամսից: Հիմա շատ լավ խաղ ա գնում, բոլոր թեկնածուներն էլ դիմակ հագած շոու են սարքում: Հենց ընտրությունները մոտենան՝ բոլորի դիմակները կպատռվի, որովհետեւ կսկսեն իրար ծախվել ու իրար ծախել: Դուք տեսեք, թե էդ ցուցակների հորիզոնականները ոնց են փոխվելու, ու մեկը դուրս ա գալու, մյուսին ա պաշտպանելու, իսկ էն մյուսն էլ ուրիշին ա քծնելու: Ասածս լավ հիշեք, որ թեկնածուներից շատերն ինքնակամ դուրս են գալու ու հայտարարելու են, որ պաշտպանում են էսինչ թեկնածուին: Համ էլ Նոր տարի ա գալիս, ուզում ենք մի քիչ ուրախանանք, տոնական տրամադրություն ստեղծենք, էդ կեղտոտ թեման շատ մի քննարկեք, էլի: Մարդու տրամադրությունն ընկնում ա, երբ ընտրությունների թեման շոշափվում ա: Հես ա ահավոր բազար ա սկսվելու: Մենակ թե եթերը չլցնեն էդ նախընտրական զիբիլներով, թող թողեն գոնե էս Նոր տարին մի քիչ մոռանանք աթոռակռվի մասին: Նոր տարին ուրախ անցկացնենք, որ կարողանանք էդ քաղաքական բազարներին դիմակայել»: