Նոր մայրցամաքում Էլդորադոն այդպես էլ չգտած եվրոպական տարբեր ազգերի հետնորդ ամերիկացիներին Հայաստանում ուրիշ «ոսկիներ» են գրավում` մարդկային ջերմ հարաբերությունները, էկոլոգիապես մաքուր սնունդը, բնությունը: Նրանք մեր երկրում են հիմնականում աշխատանքի բերումով: ԱՄՆ-ի` մեր տարածաշրջանում ունեցած ռազմավարական եւ քաղաքական հետաքրքրություններից անկախ, այն մարդիկ, ում հետ առիթ ունեցա զրուցել, խոստովանում են` առիթ լինելու դեպքում հետագայում անպայման կվերադառնան Հայաստան: Այնուամենայնիվ, հետաքրքիր էր, թե բացի աշխատանքից՝ ինչ կարող են գտնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նման զարգացած ու առաջավոր երկրի քաղաքացիները մեր երկրում: Երեքից մեկը, ով փորձեց պատասխանել այս հարցին, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավաբան Լորի Դյուքն է: Նա այստեղ է 2007թ. հունվարից, ապրում է երկու երեխաների հետ: Ամուսինը եւ ավագ դուստրը Նահանգներում են:
Ա.Դ.- Ամուսնուդ կարոտո՞ւմ ես:
Լ.Դ.- Իհարկե, շատ: Գարնանը եկավ, ինձ տեսավ: Նախնական պայմանավորվածությամբ պետք է մնար հետս, բայց գործը չթողեց: ԱՄՆ-ում ապրում եմ Տեխասում եւ Բուշին էլ չեմ սիրում, ասում եմ, քանի որ բոլորը միշտ հարցնում են (ծիծաղում է.- Ա.Դ.):
Ա.Դ.- Ինչպե՞ս են երեխաներն այստեղ հարմարվել:
Լ.Դ.- Ես մի բան եմ արել, որ երեւի անբնական կթվա ձեզ: Քանի որ ես կամավոր աշխատանքով եմ այստեղ, ստանում եմ թոշակի նման մի բան, որով մեր ծախսերի մի մասն եմ հոգում, եւ չէի կարող երեխաներիս տանել մասնավոր դպրոց: Մի չեխ ընկեր խորհուրդ տվեց երեխաներիս տանել հայկական դպրոց: Եվ ես այդպես էլ վարվեցի: Լավ ուսումնասիրեցի կրթական համակարգը եւ տարա երեխաներիս հայկական դպրոց:
Ա.Դ.- Ինչպե՞ս նրանք սովորեցին հայերենով:
Լ.Դ.- Սկզբից, պատկերացրեք, վախենալու էր, ավելի շատ երեխաներիս համար: Նրանք անգլիական թեքումով երկու դպրոց գնացին: Առաջին դպրոցում տնօրենը ոչնչով չաջակցեց մեզ, եւ ես երեխաներիս տեղափոխեցի թիվ 83 դպրոց: Այնտեղ տնօրինությունը եւ ուսուցիչները սկզբից կարծեցին, թե ես խենթ եմ, բայց հետո բավականին օգնեցին: Երեխաներս այսօր էլ շարունակում են հաճախել այդ դպրոցը: Ինձ համար կարեւոր է, որ նրանք հասկացան, թե ինչ է հայկական դպրոցը: Մեծ աղջիկս ԱՄՆ-ում է, քանի որ նա պետք է սկսեր միջին դպրոցը: Երբ այնտեղ վերադարձավ, շնորհիվ Հայաստանում ստացած գիտելիքների` շատ ավելի լավ մաթեմատիկա գիտեր, քան մյուսները:
Ա.Դ.- Ո՞ւր եք գնում հաճախ:
Լ.Դ.- Գնում ենք Կասկադի ռեստորաններից մեկը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից զբոսայգին, Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներին, իսկ երբ երեխաներս կարոտում են ամերիկյան ուտեստներին, գնում ենք նման խոհանոց ունեցող մի տեղ:
Ա.Դ.- Ի՞նչ կարծիք ունես հայերի մասին ընդհանրապես:
Լ.Դ.- Լավ: Ճիշտն ասած, մինչ գալս կարծում էի, թե դժվար կլիներ հարմարվել, բայց զարմանալիորեն ավելի հեշտ ստացվեց: 1988-89թթ. աշխատանքի բերումով Եգիպտոսում եմ ապրել: Այստեղ համեմատաբար շատ ավելի հեշտ է: Ես ընդամենը մի քանի բացասական դեպքերի եմ հանդիպել հայերի հետ: Մի անգամ շուկայում միրգ էի գնում եւ դեռ չգիտեի հայերեն մրգերի անունները: Ումից որ միշտ գնումներ էի անում, ընդհանուր լեզու միշտ գտնում էի: Բայց այս անգամ մի կին մոտեցավ եւ անգլերենով փնթփնթաց, թե՝ ես չգիտեմ հայերեն, մրգավաճառը` անգլերեն եւ էլի ինչ-որ բաներ հայերենով: Ես իգնորի ենթարկեցի նրան: Ես հասկանում եմ, որ նա ընդամենը մի մարդ է, այլ ոչ թե բոլորն են այդպիսին: Օրինակ, այն խանութում, որտեղից ամեն օր գնումներ եմ անում, մարդիկ շատ բարեհամբույր են: Հարցնում եմ անունը հայերեն, նրանք ծիծաղում են իմ առոգանության վրա, բայց հիմնականում իմ բոլոր շփումներում մարդիկ շատ բարի են: Նաեւ մի հայ կին կա, ով օգնում է ինձ տան եւ երեխաների հարցերում: Նա իմ աջ ձեռքն է:
Ա.Դ.- Կարո՞ղ ես նշել ամենալավ ու ամենավատ բաները, որ հանդիպել ես մեր երկրում:
Լ.Դ.- Ամենավատն աղբն է: Երբ ամուսինս այստեղ էր, նա կարողացավ որոշ բաներ նկատել, օրինակ, որ փողոցով քայլող մարդիկ շատ ավելի լավ են հագնված, քան շատ ամերիկացիներ: Բայց նույն փողոցում ամենուրեք աղբ է: Ամենալավը… շատ սիրում եմ ձեր ուտելիքը, օրգանապես մաքուր մրգերն ու բանջարեղենը: Շատ սիրում եմ, երբ առավոտյան քայլում եմ, եւ մարդիկ բարեւում են:
Ա.Դ.- Որպես իրավաբան՝ ինչպիսի՞ն է քեզ համար Հայաստանը` որպես իրավական պետություն:
Լ.Դ.- Ես այստեղ եկել եմ մարդկանց կրթելու օրենսդրության տեսանկյունից: Ես ավելի շատ տեղյակ եմ օրենսդրական բարեփոխումներից: Այստեղի իրավական համակարգը ԱՄՆ-ինից շատ է տարբերվում: Այստեղ հիմնականում առկա է կոդեքսների չոր հիշողությունը: Բայց երբ խոսում եմ ուսանողների հետ, հասկանում եմ, որ նրանք ավելի շատ վերլուծության կարիք ունեն:
Ա.Դ.- Ինչպե՞ս են նրանք ընդունում քեզ:
Լ.Դ.- Հիմա աշխատում ենք ԵՊՀ-ի հետ, ինչպես նաեւ՝ Գավառում եւ Գյումրիում մեր իրավաբանական կլինիկաներում: Երբ փորձում եմ Հայաստանում առկա խնդիրներին առաջարկել ամերիկյան լուծումներ, երբեմն դրանք բավականին խորթ են հնչում: Օրինակ, մեր դասընթացներից մեկի ժամանակ խոսում էինք ատենակալների ինստիտուտի մասին, որտեղ սովորական քաղաքացիները որոշում են` անմե՞ղ ես, թե՞ մեղավոր: Եվ հետաքրքիրն այն է, որ ուսանողներից շատերին, իսկ նրանք հենց գործող իրավաբաններ ու փաստաբաններ են, հետաքրքրում է, թե արդյոք ամերիկացիները փորձո՞ւմ են կաշառել ատենակալներին եւ ինչպե՞ս են դա անում:
Ա.Դ.- Ամենամեծ խախտումը, որ տեսնում ես անմիջապես տանից դուրս գալիս, ո՞րն է: Օրինակ՝ ինչպես ես փողոց անցնում:
Լ.Դ.- Շատ ուշադիր: Բայց Եգիպտոսում ապրելս օգնեց ինձ: Ամերիկացիներն էլ հրաշք վարորդներ չեն, բայց այսպիսի խախտումներ չեն անում:
Ա.Դ.- Ինչո՞ւ ընտրեցիր Հայաստանը:
Լ.Դ.- Ի սկզբանե, երբ դիմեցի ծրագրի համար, նախատեսում էի մասնագիտությունից ելնելով՝ գնալ Միջին Արեւելք (մի քիչ արաբերեն գիտեմ): Բայց կենտրոնից առաջարկեցին մեկնել Ադրբեջան: Ես սկսեցի հաղորդակցվել ՀՀ-ում գտնվող ընկերներիցս մեկի հետ, նա ինձ որոշ տեղեկություններ հաղորդեց, նկարներ տվեց, ասաց, որ սա քրիստոնյա երկիր է, ինչը մեծ դեր խաղաց իմ ընտրության հարցում: Ինստիտուտի տարիներին մի ընկեր ունեի, որը սփյուռքահայ էր, եւ նրա շնորհիվ արդեն լավ կարծիք ունեի Հայաստանի մասին:
Ա.Դ.- Ի՞նչ գիտեն ամերիկացիները Հայաստանի մասին:
Լ.Դ.- Մինչեւ այստեղ գալը հրաժեշտի երեկո կազմակերպեցի: Ես քարտեզ տպեցի եւ բաժանեցի հյուրերին, որպեսզի իմանան` որտեղ է Հայաստանը: Պարզապես ամերիկացիները վատ աշխարհագրություն գիտեն եւ նրանց ավելի շատ վախեցրեց այն, որ Հայաստանը սահմանակից է Ադրբեջանին եւ Իրանին:
Ա.Դ.- Ի՞նչ հետաքրքիր դեպք կարող ես պատմել, որ տեղի է ունեցել քեզ հետ Հայաստանում:
Լ.Դ.- Դրանք շատ են…, ահա, մեկը հիշեցի: Երեխաներս բոլորը գիտեն լողալ, եւ ես նրանց տարա Սեւան: Այնտեղ փոքր երեխայիս չէր թույլատրվում ջրային կարուսելներից օգտվել, որքան էլ ես պնդեցի, մասնագետները մերժեցին: Երկրորդ օրը սկսեցին խղճալ երեխայիս եւ թողեցին: Սա ուզում եմ համեմատել Ջրաշխարհում եղած դեպքի հետ: Նույն երեխայիս այնտեղ էլ թույլ չտվեցին օգտվել այդ կարուսելներից: Ճիշտն ասած, շատ զայրացա: Հետո Տեխասում ուժեղ արեւի համար մենք միշտ լողանում ենք մայկաներով: Իսկ Ջրաշխարհում նրանց անընդհատ ստիպում էին դուրս գալ ջրավազանից` շորով լինելու պատճառով: Ինձ զայրացրեց այն, որ նրանց չէր մտահոգում` երեխաները լողալ գիտե՞ն, թե՞ ոչ: Եթե չգիտես լողալ, ապա փրկարարը կարուսելի տակ սպասում է, որ դու վերեւից իջնես ու ինքը քեզ բռնի, եթե պետք է: Կարծես նրանք ավելի շահագրգռված էին, որ շորով չմտնես լողավազան, քան թե լողալ իմանաս:
Ա.Դ.- Հայաստանում դու քեզ ճնշվա՞ծ ես զգում՝ որպես ազգային փոքրամասնություն, թե՞ ընդհակառակը` ամերիկացի լինելն օգնում է:
Լ.Դ.- Երկուսն էլ: Երբ բոթասներով գնում եմ աշխատանքի, մարդիկ հասկանում են, որ այստեղից չեմ, եւ ապշահար չեն նայում: Մի դեպք պատմեմ, որ եղել է տղայիս հետ, որի դեպքում, թերեւս, օգնեց այն փաստը, որ նա ամերիկացի է: Մի անգամ տղայիս ոտքը մնացել էր մետրոյի էլեկտրասանդուղքի մեջ: Ես արդեն պատկերացնում էի, թե ինչպես է նրա ոտքը ջարդվում: Իմ` «ստոպ» գոռոցից սանդուղքներն անջատեցին, եւ մարդիկ վազեցին օգնության, բացեցին էսկալատորի ատամները եւ հանեցին ոտքը: Բնականաբար, ոտքը քերծվել էր, բայց ոչ մի լուրջ բան: Տղայիս մի մարդ գրկեց ու վազելով բարձրացրեց վերեւ` մի առանձին սենյակ: Երեխայիս տարան հիվանդանոց: Բարեբախտաբար, ոչինչ չկար: Մարդիկ ավելի շատ վախեցել էին, որ մենք կբողոքենք, քանի որ տեղացի չենք: Ես շատ զարմացած էի, որ օգնեցին լրիվ անծանոթ մարդիկ: Իմ աշխատավայրում նույնպես կոլեգաներս շատ լավն են, չնայած մեծամասնությունը հայախոս են: Նրանք նույնպես նպաստեցին, որ ես հարմարվեմ:
Հայաստանը հարուստ է մշակույթով
Մյուս երկու ամերիկացիները, որոնք մեր երկրում ժամանակավոր բնակություն են հաստատել` Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատակիցներ են: Նրանք երկուսն էլ ոչ միայն աշխատում են միեւնույն շենքում, այլեւ բնակվում են հարեւանությամբ: Երբեմն հյուր են գնում միմյանց: Դեսպանի մշակութային հարցերով կցորդ Սյուզան Բրայդենստինը շատ է սիրում փոխհյուպատոս Մայքլ Սնայդերի պատրաստած հայկական խորովածը:
Ա.Դ.- Ինչպիսի՞ն են մյուս հարեւանները:
Ս.Բ.- Այստեղ հարեւանությունը շատ լավն է, նրանցից մեկն էլ ինձ օգնում է հայերեն սովորել: Արդեն որոշ բառեր գիտեմ` հաց, կաթ, ծաղիկ. այն ամենը, ինչ պետք է գոյատեւելու համար: Հարեւաններիս հետ ծաղիկներ ենք տնկում, խնամում: Նրանք շատ հոգատար են: Նույնիսկ այսօր առավոտյան եկան իմ որպիսությունն իմանալու:
Ա.Դ.- Ինչո՞ւ ընտրեցիք Հայաստանը:
Ս.Բ.- Թե՛ անձնական, թե՛ մասնագիտական նկատառումներով երկիրն ինձ միշտ հետաքրքրել է: Ամուսինս լատինաամերիկացի է, երաժիշտ է եւ այստեղ փորձում է հայկական երաժշտության հետ ինչ-որ համադրություններ գտնել: Ես շատ եմ սիրում կրոնական արվեստը, իսկ Հայաստանը շատ հարուստ է վանքերով, խաչքարերով։ Դա ինձ համար շատ հետաքրքիր է: Կարծում եմ` բախտս բերել է, որ աշնանն եմ եկել Հայաստան: Ճիշտ է, բոլոր եղանակներին էլ ձեր երկիրը գեղեցիկ է, բայց աշնանը` հատկապես: Ընտանիքիս հետ եղել եմ Դիլիջանում, հրաշալի էր` երփներանգ տերեւներով, գույներ, անտառներ: Մեկ տարեկան տղաս էլ այստեղ իրեն շատ լավ է զգում: Հայերը երեխա շատ են սիրում: Ամեն անգամ փողոցում բոլորը փոքրիկիս սիրում են: Ուտելիքներն այստեղ նույնպես շատ համեղ են, եւ միակ մտավախությունս այն է, որ կարող է գիրանամ (ժպտում է.- Ա.Դ.):
Ա.Դ.- Որո՞նք են ամենավատ եւ ամենալավ երեւույթները, որոնց առնչվել եք Հայաստանում:
Ս.Դ.- Ամենալավը մարդիկ են, բոլորը շատ բարի են, սիրալիր, երբ ճանապարհն ես կորցնում, հարցնում, շատ բայրացակամ պատասխանում են: Միակ վատ բանը երեւի այն է, որ ընտանիքիցս հեռու եմ:
Ա.Դ.- Որքանո՞վ է Հայաստանը հետաքրքրում ամերիկացիներին:
Ս.Դ.- Նայած, թե ԱՄՆ-ում որտեղ եք ապրում: Կալիֆոռնիայում հայերը մեծ թիվ են կազմում, այնտեղ ավելի շատ գիտեն Հայաստանի մասին: Ընդհանրապես հայտնի է հայկական երաժշտությունը, ամերիկացի խոհարարները փորձում են կերակուրներ պատրաստել հայկական խոհանոցից, շատ պոպուլյար է նուռը: Ես ինքս Ահոյա նահանգից եմ: Այնտեղ կա երեք հայ ընտանիք, եւ հիմա իմ հարազատները նրանց պատմում են, թե ինչպես եմ ես այստեղ ապրում: Ընկերներս սիրում են ճանապարհորդել եւ շատ ուրախ էին, որ գալիս եմ այստեղ, եւ երբ այստեղ գան, ես արդեն կկարողանամ նրանց ցույց տալ Հայաստանի մշակութային արժեքները: Միայն թե մայրս է սիրում միշտ կրկնել, թե ինչու մյուս փողոցում չեմ ապրում` իր տանը մոտ:
Ա.Դ.- Ո՞ւր ես հաճախ գնում:
Ս.Դ.- Ամենասիրելի զբաղմունքս Հայաստանի տարբեր վանքեր ու հետաքրքիր վայրեր գնալն է: Մայքենց տանը մի քանի անգամ շատ համեղ ճաշել ենք, հուսով եմ, նորից կկանչի (երկուսն էլ ծիծաղում են.- Ա.Դ.):
Ա.Դ.- Եթե հնարավոր լիներ, կվերադառնայի՞ք Հայաստան:
Ս.Դ.- Իհարկե:
Փոխհյուպատոս Մայքլ Սնայդերը ամենասովորական հայի նման առեւտուր է անում Մալաթիայի շուկայից: Միայն թե այնտեղ նրա մաքուր հայերեն հարցին` առանց սեւ աչք-ունքի արտաքինին բոլորովին չխաբվելով, հայ վաճառականները պատասխանում են… ռուսերենով:
Մ.Ս.- Հայերեն սովորել եմ մի հայաստանցի հայից: Դժվար, բայց եւ շատ հետաքրքիր: Ես Հյուսիսային Կարոլինայից եմ: Երբ սկսեցի հայերեն սովորել, նոր միայն իմացա, որ այնտեղ հայ համայնք կա: Այցելել եմ նրանց եկեղեցի:
Ա.Դ.- Դուք ավելի, քան դեսպանատան որեւէ այլ ամերիկացի աշխատակից, շփվում եք հայերի հետ: Ի՞նչ կարծիք եք կազմել նրանց մասին:
Մ.Ս.- Հայերը չափազանց անկեղծ են ու ջերմ: Հիմա սկսել են 2007թ. վիզաներ շահողների հարցազրույցները, եւ շատ հետաքրքիր է, երբ մարդիկ գալիս ու մանրամասն պատմում են, թե ինչպե՞ս են պատրաստվում ապրել Նահանգներում, ինչո՞վ են զբաղվելու, ի՞նչ են անելու: Հայաստանի ամենացնցող առանձնահատկությունն այն է, որ այս փոքրիկ երկրում իրար կողքի միանգամայն տարբեր բնություն եւ մշակույթ կա: Ասում են, թե ԱՄՆ-ում ներկայացված են աշխարհի բոլոր մշակույթները, բայց Հայաստանում կարելի է տեսնել անգամ Նահանգների արեւմուտքը հիշեցնող բնություն եւ այլ շատ հետաքրքիր բաներ:
Ա.Դ.- Ինչի՞ց եք դժգոհում այստեղ ապրելով եւ ինչո՞վ եք հիանում:
Մ.Ս.- Ամենավատը երթեւեկությունն է, ամենալավը հարուստ մշակույթն է: Օրինակ՝ Աբովյան փողոցի յուրաքանչյուր հատվածում, թվում է, թե տարբեր երկրում ես գտնվում:
Ա.Դ.- Որտեղի՞ց եք գնումներ կատարում:
Մ.Ս.- Մալաթիայի շուկայից թարմ մրգեր եւ բանջարեղեն եմ գնում, նաեւ առեւտուր եմ անում Երրորդ Մասի շուկայից: Երբ ինքս չեմ պատրաստում, ճաշում եմ տարբեր երկրների խոհանոցներ ունեցող ռեստորաններում: Շատ եմ սիրում խորոված, այստեղի հացը, մսեղենը, պանրեղենը եւ շատ եմ սիրում բադրիջան: Դեռ շատ հմուտ չեմ, բայց փորձում եմ խորոված եւ բադրիջանով ճաշեր պատրաստել: Շատ եմ սիրում Երեւանի աշխույժ փողոցները, սրճարանների առատությունը, ամառային մարդաշատ երեկոները:
Ա.Դ.- Կվերադառնայի՞ք Հայաստան ոչ թե աշխատելու, այլ պարզապես ապրելու համար:
Մ.Ս.- Այո, կարծում եմ, կվերադառնայինք (պատասխանում է մաքուր հայերենով.- Ա.Դ.):
Հայաստանում ամերիկացիները հիմնականում ասոցիացվում են Ամերիկայի դեսպանատան առջեւ երկար ձգվող հերթերով, այնքան ցանկալի «Գրին քարտի» հաճախակի մերժումներով ու պատահական, զարմանալի ու հրաշք թվացող հաստատումներով: Մինչդեռ մեր երկրում ոչ միայն աշխատում, այլեւ ապրում են բազմաթիվ ամերիկացիներ, որոնք քայլում են փողոցներով, հաց ու կաթ գնում տիկին Արուսի խանութից, գների շուրջ վիճում հայկական շուկաներում ու վայելում մեր թանապուրն ու խորովածը: Վերջում էլ «thank you»-ի փոխարեն՝ անպայման «Շնորհակալություն» են ասում: