Իջեւանում շվեյցարական «Օգնություն Հայաստանին» բարեգործական կազմակերպությունը նախատեսում է բացել սպիտակ գինու գործարան: Կազմակերպության նախագահ Միհրան Բարոնյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ նախատեսված գործարանի մոտ 100 հա տարածքում խորհրդային տարիներին գործել է գինու գործարան, որը, սակայն, երկար տարիներ չի շահագործվել: Վերակառուցվելիք գործարանի տարածքում կտնկվեն նոր, հատուկ տեսակի խաղողի վազեր, որոնց բերքը կօգտագործվի գինու արտադրության համար: «Գործարանի բացման նպատակը Հայաստանում լավ սպիտակ գինի արտադրելն է, ինչի նախապայմաններն այստեղ առկա են: Գինու արտադրության ժամանակ, բացի օգտագործվող խաղողի որակից, կարեւորվում է նաեւ օգտագործված խաղողի տեսակների քանակը»,- նշել է Մ. Բարոնյանը` ավելացնելով, որ գործարանի վերակառուցման համար նախնական հատկացումները շուրջ կես միլիոն դոլար են, գործարանի արտադրանքը սպառողներին կներկայացվի 2-3 տարուց: Իսկ սպասված արտադրական արդյունքներին հասնելու դեպքում գինին նաեւ կարտահանվի: