Օրական հինգ գավաթ կանաչ թեյը շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների համար կիսով չափ կրճատում է այդ հիվանդության զարգացման տեմպերը: Այս մասին են վկայում այն զննության արդյունքները, որը 12 տարվա ընթացքում կատարել է Ճապոնիայի Առողջապահության եւ աշխատանքի նախարարության հետազոտական խումբը: Բժիշկները եզրակացրել են, որ շագանակագեղձի քաղցկեղով տառապող տղամարդը որքան շատ է խմում կանաչ թեյ, այնքան քիչ է նրա վիճակի վատթարացման վտանգը: Ընդ որում` արդյունքը վերաբերում է ոչ թե քաղցկեղին ընդհանրապես, այլ հենց դրա ուշ փուլերին: Լայնընդգրկուն հետազոտության է ենթարկվել 40-ից մինչեւ 69 տարեկան շուրջ 50.000 տղամարդ, որոնք բնակվում են Ճապոնիայի ամբողջ տարածքում: Ճապոնացի բժիշկները նրանց կողմից կանաչ թեյի գործածության համար տարողության չափանմուշ են ընտրել 150 միլիլիտր ծավալով բաժակը: