Ձմեռ պապը (անգլիական Սանտա Կլաուսը եւ ֆրանսիական Պեր Նոելը) մնում է փոստային նամակագրության ամենից ավելի ժողովրդականություն վայելող հասցեատերը: Ամեն տարի աշխարհի բոլոր երկրների փոստային բաժանմունքները մշակում են ավելի քան 6 միլիոն նամակ՝ հասցեագրված հեքիաթային ամանորյա գործող անձին: «Նամակային տենդն առանձնապես մեծանում Է նախաամանորյա օրերին»,- նշված է Փոստերի համաշխարհային միության (ՓՀՄ)՝ Ժնեւում տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ: Ըստ ՓՀՄ-ի հաղորդագրության՝ ամենից շատ ուղերձներ Ձմեռ պապին ուղարկում են փոքրիկ ֆրանսիացիները (անցյալ տարի՝ 1,2 միլիոն նամակ), կանադացիները (1 միլիոն նամակ) եւ բրիտանացիները (750.000 նամակ): Թեեւ այստեղ ներառված չեն ԱՄՆ-ի վերաբերյալ տվյալները, քանի որ «այս երկրի վերաբերյալ համապատասխան վիճակագրություն չկա»: