ԳԱԼԱ հեռուստաընկերության պաշտպանության շտաբը երեկ հայտարարել է, որ Գյումրու քաղաքապետը եւ քաղաքապետարանը, ըստ էության, մերժել են ԳԱԼԱ-ի կողմից Գյումրու աշտարակի օգտագործման եռակողմ պայմանագրի առաջարկը: ԳԱԼԱ պաշտպանության շտաբի համակարգողներից Լեւոն Բարսեղյանը մի քանի օր առաջ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ Գյումրու հին հեռուստաաշտարակի խնդրի կարգավորման նոր առաջարկով: Կնքվում է եռակողմ պայմանագիր՝ իր, քաղաքապետարանի եւ ԳԱԼԱ-ի միջեւ, որով պայմանավորվում են, որ Լ. Բարսեղյանն անձամբ վճարում է ԳԱԼԱ-ի կողմից անցած 2,5 տարիներին հին հեռուստաաշտարակի շահագործման դիմաց ողջամիտ (համանման ծառայությունների համար կիրառվող սակագներին համաչափ) գումար, քաղաքապետարանը հրաժարվում է խնդրի կարգավորման դատական ճանապարհից եւ ողջամիտ գումարով վարձակալման է տրամադրում աշտարակը ԳԱԼԱ-ին կամ ողջամիտ վճարի դիմաց թույլ է տալիս հեռուստաընկերության սարքավորումները տեղադրել աշտարակի վրա: Երեկ հայտնի է դարձել, որ քաղաքապետարանը նպատակահարմար է գտնում անցած ժամանակահատվածի համար միջնորդ կողմից՝ Լ. Բարսեղյանից, ստանալ 200 հազար դրամ յուրաքանչյուր ամսվա համար: Այս հաշվարկով անցած 27 ամիսների համար Լ. Բարսեղյանը վճարելու էր 5,4 միլիոն դրամ: «Այդ գումարով կարելի է 3-4 նման աշտարակ կառուցել»,- փաստել է ԳԱԼԱ-ի պաշտպանության շտաբն իր երեկվա հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակների կարծիքով՝ հաշվի առնելով շուկայում գործող գները, ամսական վարձավճարը պետք է լիներ ոչ թե 200 հազար, այլ 25-30 հազար դրամ: «Քաղաքապետարանի այս գնային առաջարկը իրականում բարի կամքից բխող առաջարկություն չէ, այլ համաձայնագիրը տապալելու փոքրիկ խորամանկություն, ինչը հասկանալի է ցանկացած տրամաբանող մարդու»,- ասված է հայտարարության մեջ: