Վերջերս «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը Հայաստանի Կրկեսի մասին առանց մեկնաբանությունների մի ռեպորտաժ եթեր հեռարձակեց:
Կրկեսում տիրող վիճակի մասին հարցերին պատասխանում էր Կրկեսի տնօրենը: Այն պահին, երբ նա տեսախցիկի առջեւ լուրջ դեմքով պատասխանում էր հարցերին, նրա թիկունքում փորձեր անող աճպարարներից մեկի ձեռքից ինչ-որ բան աղմուկով ընկավ գետնին: Հարցազրույց տվող տնօրենն անմիջապես շրջվեց ու հարձակվելով աղմուկի համար մեղավորի վրա՝ բացականչեց. «Անասո՛ւն»: Նմանօրինակ մի քանի «քաղցր» խոսքերից հետո այս պարոնը վերադարձավ տեսախցիկի մոտ, լուրջ դեմք ընդունեց ու ասես ոչինչ էլ չի եղել, շարունակեց. «Գիտե՞ք, Կրկես պահելը շատ դժվար գործ է»: Մոտավորապես նույն վիճակում է հայտնվել նաեւ Սամվել Ֆարմանյան անուն-ազգանունով ՀՀ մի քաղաքացի: Նա Կրկեսի մասին վերոնշյալ ռեպորտաժի հերոսին հիշեցնում է այն պատճառով, որ քաղաքական ճամբարը կտրուկ փոխելուց անմիջապես հետո լուրջ դեմքով ժամերով ճառեր է ասում գաղափարների, սկզբունքների, բարոյականության եւ այլ բաների մասին: Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամիս առաջ նա բոլորովին այլ քաղաքական հայացքներ ուներ (գոնե հրապարակայնորեն այդպես էր արտահայտվում): Քաղաքական հայացքների փոփոխությունը թերեւս դատապարտելի բան չէ, եթե այն ունի պատշաճ հիմնավորում: Ս. Ֆարմանյանի դեպքը հաստատ դրանցից չէ: Այս երիտասարդը ոչ վաղ անցյալում «Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավարն էր: Այս տարվա մայիսին կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրվեց ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու, բայց չընտրվեց: Ս. Ֆարմանյանն ընդգրկված էր նաեւ ՕԵԿ-ի համամասնական ցուցակում, սակայն ՕԵԿ-ն ԱԺ-ում ստացավ ընդամենը 8 մանդատ, ու հերթն այս երիտասարդին չհասավ: Այնժամ նա խիստ նեղացավ կուսակցության ղեկավարությունից ու լքեց ՕԵԿ-ը: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ն այդ ժամանակ իրեն գործող իշխանություններին ընդդիմադիր էր հռչակել ու ՕԵԿ-ական պատգամավորի թեկնածու Ս. Ֆարմանյանն էլ հանդես էր գալիս հենց այդ դիրքերից: ՕԵԿ-ը լքելուց հետո նա հայտնվեց «Միացյալ ազատական ազգային կուսակցությունում», որի գլխավոր քարտուղարն է այսօր: Եվ ահա, այդ կուսակցությունը որոշել է սատարել Սերժ Սարգսյանին: Նշելով, որ այսօր Հայաստանում մտքերի ու գաղափարների ճգնաժամ է, որ վատ բաներ շատ կան եւ այլն, Ս. Ֆարմանյանը երեկ «Հայացք» ակումբում բացատրում էր, թե ինչու են իրենք սատարում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ըստ Ս. Ֆարմանյանի, վարչապետի թեկնածությունը պաշտպանելու գլխավոր պատճառն այն է, որ… ցանկանում են փոփոխություններ: «Մենք ցանկանում ենք փոփոխություններ մեր կյանքում»,- անկեղծորեն ասաց Ս. Ֆարմանյանը: Նա չմասնավորեցրեց, թե կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են ակնկալում իրենց կյանքում: Իսկ հարցին` «նշեցիք այն բացասականը, որը պետք է վերացնի ձեր պատկերացմամբ ապագա նախագահ Ս. Սարգսյանը, այսինքն՝ ստեղծված վիճակի համար Ս. Սարգսյանը պատասխանատու չէ՞», Ս. Ֆարմանյանը պատասխանեց. «Մեր հայացքն ուղղված է դեպի ապագային: Մեզ հետահայաց դիմակայություն, պատմական անցյալի շուրջ մեկնաբանություններ, պատմական անցյալի շուրջ քննադատություններ եւ այլն, համարում ենք, որ դա անպտուղ է, առավել եւս՝ այսօր»: Ի դեպ, երբ լրագրողներից մեկն իր խոսքում նշեց, որ Ս. Ֆարմանյանը «ճամբարը փոխեց»՝ ընդդիմադիր կերպարը փոխարինելով իշխանամետով, Ս. Ֆարմանյանը նշեց, թե ինքը ճամբար չի փոխել: Իսկ դրան հետեւած՝ «այսինքն՝ ՕԵԿ-ը նույն ճամբարում է» եզրակացությանը չպատասխանեց: Իսկ իր ղեկավարած կուսակցության «առաքելությունը» նախկին ընդդիմադիրն այսպես ներկայացրեց. «Մենք փորձելու ենք թթվածին մատակարարել շնչահեղձ լինող մեր քաղաքական դաշտին»: Ս. Ֆարմանյանը թվարկեց թվարկեց իրենց կուսակցության դիրքորոշման հիմնավորումները, թե ինչու են սատարելու ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Դրանք են` «ա) Արցախյան խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում նրա տեսակետները կանխատեսելի են, բ) Սերժ Սարգսյանն ուժեղ առաջնորդ է, գ) Սերժ Սարգսյանը փորձառու է, դ) Սերժ Սարգսյանն ունի մեր ժողովրդին մատուցած ծառայությունների մեծ ծավալ, ե) կարեւորում են, որ ՀՀ ղեկավարը հավասարապես ընկալելի եւ ընդունելի լինի տարածաշրջանում եւ մեր երկրում աշխարհաքաղաքական շահեր ունեցող բոլոր գերտերությունների կամ միջազգային քաղաքական բեւեռների կողմից, զ) տեսանք, որ վարչապետության կարճ ժամանակահատվածում տարբեր ուղղություններով փոփոխություններ եղան (բյուջեի կրկնակի աճը, կենսաթոշակների բարձրացումը, եւ, չանձնավորելով, բայց Ներսես Երիցյանի նշանակումը տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում), է) հանրապետության նախագահը բոլորի նախագահն է, ը) ՀՀ նախագահը պետք է իր օրինակով երաշխավորի երկրի ու ժողովրդի քաղաքական համերաշխությունը եւ ազգային միասնությունը»: