«ՀԺ» օրաթերթի դեկտեմբերի 15-ի համարում հրապարակված «Վազգեն Մանուկյանի «Մայն Քափֆը» վերնագրով հոդվածը ներկայացնում է մի ձեռագիր, որը, ըստ հոդվածագրի` առգրավվել է 1996թ. սեպտեմբերի 27-ին ԱԺՄ գրասենյակի օրինական խուզարկության ժամանակ: Թերթը հրապարակել է նաեւ այդ ձեռագրի լուսապատճենը: ԱԺՄ նախագահին վերագրված ձեռագիրը, ըստ թերթի, «իշխանության հասնելու գործնական ծրագիր է», որն իրականացնելու մեխանիզմները նկարագրվում են տվյալ ձեռագրում: Վազգեն Մանուկյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե չի կարդացել իր մասին հրապարակված հոդվածը: Ավելին, նա ասել է, որ հոդվածում մեջբերված տողերի հեղինակն ինքը չէ: «Նախեւառաջ ես չեմ ուզում քննարկել, որ 1996 թվին մտան մեր գրասենյակը ջարդեցին, դա օրինական խուզարկություն էր, թե ոչ: Մի կողմ թողնենք, թե ինչ-որ փաստաթուղթ մեր կուսակցությունից հանել են, թե ոչ: Մի կողմ թողնենք նույնիսկ այն թույնը, որը այդ հոդվածում կա, բայց, ցավոք սրտի, ոչ միայն այդ հոդվածում, այլ կամաց-կամաց թույնի մթնոլորտ է տիրում ՀՀ-ում ու՝ միշտ նույն աղբյուրից»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Մանուկյանը: ԱԺՄ նախագահին, իր խոսքով, միայն մեկ հարց է հետաքրքրում. «Քանի որ գիտեմ, որ ես չեմ գրել դա, ես դիմում եմ Դատախազությանը, որպեսզի փորձագիտական քննարկում տեղի ունենա իմ ձեռագրի եւ այդ գրածի: Եվ երբ ապացուցվի, որ այդ ձեռագիրն իմը չէ, մնացածը մնում է իրենց խղճի վրա»: Ըստ հոդվածագրի, 1996թ. Վ. Մանուկյանն իր նախընտրական գործողությունների թվում նախատեսել է Ադրբեջանին հրահրել հարձակման անցնել Ղարաբաղի եւ Հայաստանի վրա եւ դրա միջոցով հեշտացնել իր հաղթանակը նախագահական ընտրություններում: Հարցին, թե հոդվածում իրեն վերագրված ծրագրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը եւ արդյո՞ք ունեցել է նման գաղափարներ, ԱԺՄ նախագահը պատասխանել է. «Բայց ծիծաղելի չէ՞, որ մենք դրա մասին խոսենք»: Նրա պնդմամբ՝ ՀՀՇ-ի իշխանության տարիներին եւս եղել են նման խոսակցություններ. «Եվ այդ դեպքում պարզ չէ, եթե իշխանությունն իրենց ձեռքում էր, եւ մեկն ու մեկը, ես եմ, թե մեկ ուրիշը, եթե պարզվում է, որ տեռորիզմի կոչ է անում, ինչո՞ւ իրենք չեն կարողացել բռնել եւ դատել այդ մարդուն»: Իսկ հարցին, թե ով է, իր կարծիքով, կանգնած այս ամենի հետեւում, Մանուկյանը պատասխանել է. «Ես կարող եմ միայն ենթադրություն անել: Բայց այս տարիների փորձը ունենալով, կարող եմ ասել, որ ամեն մի այսպիսի գործ ունենում է իր ղեկավարը: Այդտեղի ղեկավարը Լեւոն Տեր-Պետրոսյանն է»: ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը «Ազատություն» ռ/կ-ին այս առիթով ասել է. «Դա Վազգեն Մանուկյանի ձեռքով գրված ինչ-որ ծրագիր է՝ մեկ: Երկրորդը՝ ՀՀՇ-ն դրա հետ որեւէ առնչություն չունի… Դա «Հայկական ժամանակում» է տպագրված, եւ բոլոր հարցերը «Հայկական ժամանակին» պետք է ուղղել»: «ՀԺ»-ից «Ազատությանն» ասել են, որ այս պահին նպատակահարմար չեն գտնում մեկնաբանություններ տալ: