Վտարելով գետնանցումի հարց չի լուծվի

12/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այս տարի քաղաքապետարանը որոշել է կանոնակարգել Երեւանի ստորգետնյա
անցումներում գտնվող տնտեսվարող սուբյեկտների առեւտրային աշխատանքները:
Փոխքաղաքապետ Արման Սահակյանի նախագահությամբ հունվարի 17-ին ստեղծվել է
այդ աշխատանքներն ուսումնասիրող հանձնաժողով: Մոտ մեկ շաբաթ առաջ
հանձնաժողովների անդամներն աշխատանքային այց էին կատարել Բժշկական
համալսարանին հարակից անցում, եւ այդ այցը կրպակատերերը մեկնաբանել են
անցումում իրենց գործունեությունը դադարեցնելու համար չստորագրված
որոշում: Երեքշաբթի այդ տարածքի մոտ 150 կրպակատերեր ու աշխատողներ
հավաքվել էին քաղաքապետարանի մուտքի մոտ եւ բողոքում էին այդ որոշման դեմ:
Նրանց ընդունել է քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության
պետ Կարեն Գեւորգյանը եւ խոստացել է ավելի կոնկրետ պատասխանել այս ուրբաթ:
Կենտրոն թաղապետարանի առեւտրի ու սպասարկման բաժնի պետ, նաեւ՝ տվյալ
հանձնաժողովի անդամ, Արման Միրիջանյանի ասելով՝ քաղաքապետարանն այդ
որոշման է հանգել Արտակարգ իրավիճակների վարչության
ուսումնասիրություններից հետո: Պարզվել է, որ այդ տարածքի սննդի կետերում
օգտագործվող բազմաթիվ սալօջախներն ու գազօջախները կարող են առաջացնել
վտանգավոր իրավիճակներ: Վտանգավոր իրավիճակների դեպքում իրենց հերթին
անհարմար դրություն կստեղծեն անմիջապես աստիճանների մոտ տեղադրված
կրպակները: Պարոն Միրիջանյանի ասելով՝ եթե հանվեն, կհանվեն հենց այդ
կրպակները եւ սննդի օբյեկտի տերերին կառաջարկվի փոխել առեւտրի տեսակը:

– Կրպակների հանելու հետ կապված ոչ մի որոշում դեռ չկա,- պատասխանեց նա:
-Համ էլ պետք չէ այդ հարցին միայն սոցիալական տեսանկյունից նայել: Երեւանի
բոլոր անցումներն էլ պիտի բարեկարգվեն, հետիոտնի համար շարժվելու
տարածքներ բացվեն: Մենք առեւտուրը վերացնելու մտադրություն չունենք:

Անցումում կան 30-ից ավելի կրպակներ ու 10-ից ավելի ծաղկի վաճառակետեր:
Այդ բոլոր կետերում աշխատում են մոտ 150 հոգի: Նրանք բացատրում են, որ
իրենցից յուրաքանչյուրը 3-4 հոգի է կերակրում:

– Մեր ապրելու միակ հնարավորությունն այս աշխատանքն է,- բողոքում էր տիկին Մարոն:

– Էս էլ որ հանեցին, մենք սոված կմնանք: Բոլոր հարկերն ու վարձերը
ժամանակին վճարում ենք: Այս 5 քմ տարածքի համար 40.000 դրամ Հարկայինին
ենք մուծում, 12.000 դրամ հողի հարկն է, պահակի, հավաքարարի ու
սանէպիդկայանի վճարներն էլ՝ իրենց հերթին: Կրպակի տերն էլ թե ինչքան
արենդա է տալիս, չգիտենք:

Մինչեւ 2005թ. Երեւանի բոլոր անցումները գտնվում էին քաղաքապետարանի
հաշվեկշռում, անցած տարի դեկտեմբերից տեղափոխվեցին թաղապետարանների
հաշվեկշռին: Այդ տնտեսվարող սուբյեկտների պայմանագրերի ժամկետները
քաղաքապետարանի հետ վաղուց ավարտվել են: Թաղապետարանը նոր պայմանագրեր չի
կնքում: Իսկ հարկերն ու արենդավճարները պարզ չէ, թե ում կողմից են
գանձվում: Արման Միրիջանյանը մեզ պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ այդ
գանձումների մասին, իսկ քաղաքապետարանից ընդհանրապես չպատասխանեցին:
Աշխատողներն էլ ասում են, որ գոյություն ունի ինչ-որ հաշվեհամար եւ մինչեւ
հիմա շարունակում են մուծումները կատարել, իսկ տեղի վճարը հսկիչներն են
հավաքում: Չպարզվեց նաեւ՝ հսկիչները թաղապետարանի՞, քաղաքապետարանի՞, թե՞
որեւէ տնտեսվարողի ներկայացուցիչներն են: Կրպակի աշխատողները միայն
կարողացել են հաշվել, որ այդ անցումը յուրաքանչյուր ամիս վճարում է մոտ 2
մլն 300.000 դրամ հարկ:

– Տեսել են, որ այս անցումում կարելի է լավ առեւտուր կազմակերպել, որոշել
են իրենցով անել,- բացատրում էր երիտասարդ ծաղկավաճառը: Այդ
վերանորոգումները կամ արտակարգ իրավիճակի հնարավոր վտանգը միայն պատճառ
են: Իրականում այս տարածքի վրա մեկը աչք ունի: Մենք պատրաստ ենք
վերանորոգման ցանկացած աշխատանքներին մասնակցել նաեւ ֆինանսապես, միայն թե
մեզ օրվա հացից չկտրեն:

Ասում են, որ այդ տարածքի վրա աչք ունի Կենտրոն համայնքի թաղապետը: Արման
Միրիջանյանը դա բացառեց: Իսկ կրպակատերերն ու աշխատողները որոշել են
պայքարել ու չթողնել, որ անգամ մի կրպակ տեղաշարժեն:

– Ասում են, թե միայն աստիճանների կրպակներն են հանելու,- ասում էր
ծաղկավաճառը: Սուտ է, եթե մի կրպակ հանեցին, կամաց-կամաց բոլորն էլ կհանեն
ու ամբողջ տարածքում մի երկու օբյեկտ կսարքեն: Մի ամիս առաջ էլ Գագիկ
Բեգլարյանն էր այցելել մեզ: Այդ օրվանից էլ հասկացանք, որ մեզ հանելու են:

Այս հարցին լուծում տալու համար, բնականաբար, պետք է պարզել ստեղծված
իրավիճակի պատճառները: Ինչ խոսք, այդ հակահիգիենիկ վիճակն անթույլատրելի է
եւ ոչ էլ այդ խնդրի լուծումը այդ մարդկանց վտարելն է: Գետնանցումի
հասարակական սննդից օգտվում են հիմնականում ուսանողները՝ որպես էժան
սնունդ: Հետեւաբար, նման խնդիր քաղաքի այդ հատվածում միշտ էլ առաջանալու
է՝ անգամ սննդի էժան այդ կրպակները հեռացնելուց հետո: Եթե խնդիրն ըստ
էության չլուծվի, ապա Երեւանի ստորգետնյա անցումներում գտնվող տնտեսվարող
սուբյեկտների առեւտրային աշխատանքները դադարեցնելուց ընդամենը մի քանի
ամիս հետո կրկին փողոցներում կամ հենց գետնանցումներում, փոշու ու աղբի
կողքին, հակահիգիենիկ պայմաններում էժան քյաբաբ ու խորոված են վաճառելու
եւ դրանից օգտվելու են մեր ուսանողները: