Ես այս տարիների ընթացքում մասնակցել եմ ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին, ցույցերին, երթերին, նստացույցերին, պիկետներին: Հաշվի առնելով, որ մեր երկրում մեկ էլ դուք եք եղել նախագահ, եւ քանի որ ձեր ընտրվելու դեպքում էլ, հավանական է, լինեն իրավիճակներ, որոնք կստիպեն ինձ մասնակցել բողոքի ակցիաներին, ուստի փորձեցի ավելի մանրամասն ծանոթանալ նմանատիպ իրավիճակների նկատմամբ ձեր վերաբերմունքին` գլխիս գալիքը հիմիկվանից իմանալու համար: Իմ փնտրտուքը տվեց որոշակի արդյունք. ինձ ծանոթացրեցին մի տեսագրության բովանդակության հետ, որը փողոց դուրս բերված տանկերին չէր վերաբերում, քանի որ դա 1996թ. հայտնի դեպքերի հաջորդ օրն էր, այլ բացատրում էր, թե ինչ է տեղի ունեցել կամ կարող էր տեղի ունենալ այդ նույն օրը: Եվ ահա 1996թ. սեպտեմբերի 25-ի հայտնի դեպքերից օրեր անց մի միջոցառման ժամանակ այն ժամանակվա հայտնի ուժային կառույցների հայտնի ղեկավարները ելույթ ունենալիս ասել են տառացիորեն հետեւյալը. «Եթե ժողովուրդը բարձրանար դեպի նախագահի նստավայր, ապա մենք մի 800-1000 հոգի պիտի սպանեինք: Դե եթե գալիս են գլխավոր հրամանատարի վրա` 800 մարդն ինչ է, որ չսպանեինք»: Ի դեպ, շարքի առջեւից այդ oրը գալիս էին շարժման առաջնորդները, որոնց այս օրերին Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիանալը նրա կողմնակիցները դավաճանություն են համարում: Դժվարանում եմ հավատալ, որ 1993թ. պաշտպանության նախարարի հանձնարարությամբ «ասլան տղերքը» կյանքը վտանգելով կռվում էին թշնամու դեմ, իսկ ընդամենը 3 տարի անց նույն «ասլանները» կարող էին պատրաստ լինել զենքն ուղղել սեփական ժողովրդի ու նաեւ իրենց մարտի ուղարկող հրամանատարի դեմ` կատարելով հաջորդ հրամանատարի այդ կարգի հրահանգը: Սարսափում եմ, երբ մտածում եմ, որ տոտալիտար ԽՍՀՄ-ի դեմ պայքարում անգամ` 1988-91թթ., մեր երկրում ընդամենը մի քանի հոգի է զոհվել (ներառյալ նաեւ պրովոկացիաների արդյունքում զոհվածները): Ավելի դժվար է պատկերացնել, որ 1991թ. ԽՍՀՄ-ի ամենադրամատիկ հեղաշրջման` «օգոստոսյան պուտչի» ժամանակ զոհվեց ընդամենը 3 մարդ, եւ իշխանությունը զավթածները տեղի տվեցին ժողովրդի ճնշմանը, քանի որ պատրաստ չէին գնալ արյունալի բախումների ճանապարհով իշխանությունը պահելուն: Մինչդեռ, մինչ հեղաշրջումն իրականացնելը հաշվի էին առել ամեն մի մանրուք: Իսկ պայքարը` շուրջ 300 մլն բնակչություն ունեցող երկրի համար էր, աշխարհի ցամաքի 1/6-ի վրա տիրապետություն հաստատելու, աշխարհի գրեթե կեսի վրա ազդեցություն ունենալու: Իսկ մեզ մոտ կարող են այդպես սառնասրտորեն խոսել 1000-ի հասնող զոհերի մասին, իսկ թե որքան մարդ էլ այդ խուճապի ժամանակ ոտատակ կընկներ ու կզոհվեր, դրա մասին մտածելիս անգամ փշաքաղվում է մարդ: Ես ափսոսում եմ, որ այդ տեսաերիզի բովանդակությանը մինչեւ հիմա ծանոթ չէի, քանզի դա շատ բան կփոխեր իմ գնահատականներում, անգամ չգիտեմ` այն իսկակա՞ն է, թե՞ մոնտաժված: Այդ իսկ պատճառով իմ մոտ ծագած հարցերն ուղղում եմ այն ժամանակվա նախագահին` այն մարդուն, ով հավակնում է ստանձնել այդ պաշտոնը եւս մեկ անգամ:
Հարց առաջին. պարոն Տեր-Պետրոսյան, 800-1000 մարդ սպանելու հրահանգը արդյոք դո՞ւք էիք տվել ուժային կառույցներին: Եթե այո, ապա հիմնավորեք ձեր որոշումը, եթե ոչ, ապա հիմնավորեք, թե ինչպե՞ս կարող էին ուժային կառույցների ղեկավարները պատրաստ լինել այդ սպանդն իրականացնել ինքնագլուխ: Դուք վերջերս միտինգներից մեկի ժամանակ ձեր ժողովրդավար լինելը բացատրեցիք Վազգեն Մանուկյանի ղեկավարած ընդդիմադիր հզոր շարժման գոյությամբ: Սակայն այդ շարժումը կանխվեց այն պատճառով, որ ձեր ուժային կառույցի ղեկավարները տեղեկացրել էին բողոքի ակցիայի կազմակերպիչներին, որ դեպի նախագահի նստավայր բարձրանալու դեպքում կիրականացնեն իրենց ոճրագործությունը: Եվ իրենց մտադրության հաստատակամության համար էլ նախազգուշական օդ կրակեցին:
Հարց երկրորդ. Կարո՞ղ եք տալ գնահատականն այն ժամանակվա ուժային կառույցների ղեկավարների, ովքեր ձեր հրահանգով կամ ինքնագլուխ պատրաստակամ էին իրականացնել այդ կոտորածը:
Հարց երրորդ. Կարո՞ղ եք տալ գնահատականն այն գերագույն գլխավոր հրամանատարի, ում հանձնարարությամբ կամ հանցավոր անգործությամբ կարող էր իրականություն դառնալ այդ եղեռնագործությունը:
Այդ գնով պահած իշխանությունը 1,5 տարի չանցած այդպես խուճապահար հանձնեցիք: Պատճառը` «Հայտնի ուժերի կողմից ներկայացվել է հրաժարականի պահանջ», որը դուք ընդունեցիք: Ասել է թե` տանկով մնացողը տանկից էլ գնաց: Քանի որ այն ժամանակվա Սահմանադրությունն ավելի մեծ լիազորություններով էր օժտել նախագահին, եւ որպեսզի նմանատիպ իրավիճակում դուք չվարվեք նման կերպ, այդ դեպքում հասարակությունն իր մտավախությունը փարատելու համար իրավունք ունի ավելի մանրամասն տեղեկացված լինել հրաժարականի հետ կապված դեպքերի մասին:
Հարց չորրորդ. Ձեզ ներկայացված պահանջը ի՞նչ տեսք ուներ` «փըխկ» էին արել, ու դուք անմիջապես գրե՞լ էիք հրաժարականը, թե՞ այն ուներ գրավոր տեսք, որի մասին մինչ օրս հանրությանը հայտնի չէ:
Հարց հինգերորդ. Ովքե՞ր էին այդ հայտնի ուժերը, խնդրում եմ նշեք անուն առ անուն:
Հարց վեցերորդ. Ինչպե՞ս բացատրել, որ ձեր պաշտոնավարման ժամանակվա ուժային կառույցների ղեկավարների գործունեությունը բարձր եք գնահատել ոչ միայն նախկինում, այլ նաեւ ձեր ներկայիս ակտիվ գործունեության ժամանակ:
Խնդրում եմ հարցերի պատասխանները շատ չուշացնել, որպեսզի ես կողմնորոշվեմ, թե ընտրությունների ժամանակ իմ մեկ ձայնով ում օգտին եմ քվեարկելու: Այս մեկ ձայնը չափազանց կարեւոր է, քանզի 1+1+1-ով են հավաքվելու այն հարյուր-հազարավոր ձայները, որոնք անհրաժեշտ են նախագահ ընտրվելու համար: Ես հասկանում եմ, որ ձեզ համար ավելի հարմար է «Աբու-Լալա Մահարիի» սեփական վերսիան հանրահավաքներում սուրահ առ սուրահ ներկայացնելը. շարքերից անցանկալի հարցեր չեն հնչում, բայց, հարգելիս, միտինգավորների ձայները կբավարարեն միայն համայնքի ավագանի ընտրվելու համար, իսկ դուք ավելի բարձր պաշտոնի եք ձգտում, այնպես որ, ուզեք թե չուզեք, ստիպված եք լինելու հրապարակային այլ կարգի քննարկումների մեջ ներգրավվել:
Իսկ եթե այսօր անտեսեք հասարակ քաղաքացու դիմումը, ապա ի՞նչ սպասենք ձեզանից, երբ դուք պաշտոն ունենաք:
ՀՀ քաղաքացի Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ