Հեռուստաալիքները փոխելու ընթացքում առիթ է եղել մեկ-երկու րոպե կանգ առնել «Վերվարածներ» կամ «Արմենիա» TV- ով ցուցադրվող հայկական արտադրության սերիալների վրա: Քաղքենիություն, պարզունակություն ու գորշություն: Երկխոսությունների, հերոսների լեզվի ցածր մակարդակը միշտ ստիպել է րոպե առաջ անջատել վերոնշյալ հեռուստապրոդուկտը` այն ենթադրությամբ, թե նման սերիալները հեռուստադիտող չունեն: Սակայն վերջերս պարզվեց, որ նույնիսկ մանկապարտեզի երեխաներն են ցիտատներ բերում այդ ռաբիս ու անճաշակ կինոնկարներից: Ստացվում է` մի քանի տգետ մարդկանց կամքով այդ սերիալները, որոնք ցածր են ամենապրիմիտիվ ռուսական կամ բրազիլական սերիալներից, որոնք շոյում են բացառապես լյումպենի գեղագիտական ընկալումները, պարտադրվում նաեւ ընտրություն անելուն անպատրաստ երեխաներին: Այս եւ հայկական կինոյին վերաբերող հարցերի մասին է մեր զրույցը արձակագիր, կինոգետ Դավիթ Մուրադյանի հետ:
– Հայկական ֆիլմ ասելով` շատերս հասկանում ենք՝ «Եռանկյունի», «Բարեւ, ես եմ», «Մենք ենք, մեր սարերը» , Փարաջանով ու Փելեշյան, իսկ դրանից հետո, կարծես թե, վակուումի շրջան է:
– Այո, երբ ասում ենք՝ հայկական կինո, առաջին հերթին հիշում ենք ձեր թվարկած ֆիլմերը եւ, ընդհանրապես, այդ ժամանակի կինոն, որովհետեւ այն դարձել է հայ մարդու անձնական կյանքի մաս։ Մարդն իրեն ճանաչում ու հասկանում եւ իր պատկանելությունն այս հողին զգում էր այդ ֆիլմերի միջոցով: Իսկ վակուումի զգացողությունը առաջանում է հավանաբար այն պատճառով, որ վերջին տարիների հայկական ֆիլմերը այդպես էլ չգտան իրենց տեղը հայ մարդու կյանքում։ Իհարկե, ունենք ֆիլմեր, որոնք տարբեր կինոփառատոներում հաջողությունների են հասնում եւ, առանձին վերցրած, գուցե թե լավն են։ Բայց արի ու տես, որ դրանց մեծ մասը այդպես էլ չգտավ իր մարդկային հասցեն։
Վերադառնանք ձեր նշած ֆիլմերին: Մեկը կոչվում էր «Բարեւ, ես եմ»։ Մյուսը` «Մենք ենք, մեր սարերը»: Ահա ձեզ երկու բանաձեւ։ Մի դեպքում հայն աշխարհին ասում է` բարեւ, ես եմ, ունեմ իմ անհատականությունը, իմ կապը հայրենիքի հետ, բայց եւ բաց եմ մեծ աշխարհի հանդիման։ Ես-ի հանգամանքը հատկապես կարեւոր էր, որովհետեւ 60-ականներից առաջ՝ ստալինյան ճաղավանդակի ժամանակներում, անհատը ոչինչ էր, իսկ վարչակարգն` ամեն ինչ: Իսկ այդ ֆիլմն իր հայացքը շրջեց դեպի անհատը եւ ցանկացավ ցույց տալ նրա բացառիկ արժեքը: Սեւակի «Մարդը ափի մեջը» եւս այդպիսի հայացքի արգասիք է։ 60-ականների սերունդն ընդհանրապես սկսեց գրել առաջին դեմքով: Այսպիսի հայացքը չէր կարող անմիջապես չարձագանքվել հասարակության մեջ։
Մյուս ֆիլմն ասում էր` «Մենք ենք, մեր սարերը»: Սա էլ ազգի հավաքականությունն էր։ Մենք ենք, ժողովուրդ ենք, ապրում ենք՝ մեր սարերին հենված: Այս երկու ֆիլմերը ժամանակին համարվում էին միմյանց հետ բանավիճող։ Բայց դրանք հատվող զուգահեռներ են։ «Բարեւ, ես եմ» ֆիլմի վերջին տեսարանում Ջիգարխանյանի հերոսը քայլում է Արագած սարի լանջերով, այլեւս կորցրած իր ընկերոջը, սերը, երիտասարդությանը հրաժեշտ տված։ Ճանապարհին պատահած քահանան հարցնում է. «Տղա ջան, հո չե՞ս մոլորվել»: «Չէ՛,- պատասխանում է հերոսը,- ես այս տեղերին ծանոթ եմ»:
Սա վերջին կադրն է, վերջին նախադասությունը։ Իսկ «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը սկսվում է հենց այս կետից: Եթե մոնտաժենք այդ երկու ֆիլմերն ու ցույց տանք իրար հետեւից, կստացվի, որ «Բարեւ, ես եմ» ֆիլմի ավարտին Արմեն Ջիգարխանյանի հերոսը` ֆիզիկոսը, ինտելեկտուալը, սարերի գագաթին մերվում է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հնձվորների հետ: Այդ բարձրություններում միանում են Ես-ն ու Մենք-ը։ Իսկ այսպես մտածող, ժամանակի մեջ իր որոնումների նպատակները ճանաչող կինոն անպայման տեղավորվում է ժողովրդի գիտակցության մեջ։
– Որքանո՞վ է մեր արվեստում գերխնդիր` փորձել գտնել կամ տալ հավերժական հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են հայկական Ես-ին ու Մենք-ին։
– Հարցերը միշտ մնում են, իսկ պատասխանները հնանում են: Յուրաքանչյուր պատմաշրջանի ավարտից հետո սկսվում է նոր պատասխանների որոնումը: Իսկ որոնելը միշտ ավելի հետաքրքիր է, քան գտնելը: Զարգացում ասվածը հենց այդ որոնման մեջ է։ Ո՞վ ենք մենք, ի՞նչ ենք անում այս աշխարհում…
– Դուք կարծում եք, թե այդ հարցերն իրոք հուզո՞ւմ են մեր հասարակությանը: Եթե այո, այդ դեպքում ո՞ւր է հասարակական պատվերը:
– Կհուզեն, եթե սկսես հասարակության հետ այդ մասին խոսել: Բայց՝ մարդկայինի ու արվեստի լեզվով։
– Կարելի՞ է մարդու հետ խոսելու փորձ ընկալել այն հայկական ֆիլմերը, որոնք հիմա ցուցադրվում են հեռուստատեսությամբ: Խոսքն այն սերիալների մասին է, որոնցից միայն մեկի սյուժեն է խելքին մոտ` «Մի վախեցիր», այն էլ` որոշ վերապահումներով:
– Սկզբունքորեն լավ է, որ այդպիսի ֆիլմ եղավ, որ մենք նորից սկսեցինք հեռուստասերիալ նկարել։ Առաջին փորձը Զորայր Խալափյանի վեպի հիման վրա «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» հինգմասանի կինոնկարն էր, որի ռեժիսորն էր Առնոլդ Աղաբաբովը, «Բարեւ, ես եմ»-ի սցենարիստը։ Իսկ ինչ վերաբերում է «Մի վախեցիր» ֆիլմին, ապա ժողովուրդն այն դիտեց, որովհետեւ բոլորս էլ ցանկանում ենք մեր ապրած ժամանակի արտացոլանքը տեսնել։ Ֆիլմի ռեժիսորը երիտասարդ է, լավ է, որ նրան այդպիսի աշխատանք են վստահել։ Թեպետ ֆիլմում կան խնդիրներ, որոնք առանձին մասնագիտական հոդվածի նյութ են։
– Չե՞ք կարծում, որ «Մի վախեցիր» ֆիլմում, այնուամենայնիվ, ամեն բան չափազանց ուղիղ ու պարզունակ է մատուցվում: Բարին` հերոսը, զոհվում է, չարը սափրած գլխով մեկն է (ի դեպ, այդ դերասանը բոլոր ֆիլմերում խաղում է նույն կերպարը), որը սնվում է ռեստորանում, գռեհիկ է, ունի սիրուհիներ եւ այլն: Չափազանց պարզունակ է Չարի ընկալումը: Չարի կերպար է, ասենք, Մեֆիստոֆելը, Վոլանդը, որոնց միջոցով, անգամ` որոնց «շնորհիվ» մարդիկ կարողանում են ընկալել, ընտրել Բարին:
– Այդ բեւեռացումը բնորոշ է սերիալներին, եթե խոսքը համաշխարհային գլուխգործոցների էկրանավորման մասին չէ: Ասենք` «Սագա Ֆորսայթների մասին»-ը կամ Դոստոեւսկու «Ապուշը»: Իհարկե, այս մասշտաբի գրահիմքեր չունենք, բայց մեր ժամանակակից պատմվածքագրության եւ վիպակագրության մեջ բավականաչափ նյութ կա նոր ժամանակների կինոյի համար։ Այլ բան է, որ մեր ռեժիսորները եւ պրոդյուսերները նախանձելի հետեւողականությամբ սահում-անցնում են այդ նյութի կողքով։
Վերջերս մի երիտասարդ ռեժիսոր ասաց` մենք այսօր չունենք սցենարիստներ: Իբրեւ թե` ինքն արդեն կայացած ռեժիսոր է, սցենարիստ էլ չկա: Սակայն աշխարհում այդպիսի ֆենոմեն չի լինում, որ ռեժիսորներ ունենաս, իսկ նրանց համարժեք կամ նրանցից ավելի լավ գրողներ ու դրամատուրգներ չգտնես։ Վիսբադենի կինոստուդիաներից մեկում, դեռ շատ տարիներ առաջ, մի մարդ կար, ում աշխատանքը գերմանական գրականություն կարդալն էր։ Դրա համար նա աշխատավարձ էր ստանում: Պիտի կարդար, ընտրեր, բերեր կինոստուդիա ու ասեր` այս տարվա գերմանացի գրողներից այս երեքի-չորսի գործերը ֆիլմի համար հրաշալի նյութ են…
– Այդ դեպքում ինչո՞ւ ենք մեր հեռուստամթնոլորտը լցնում ցածրաճաշակ, մարդկանց ստորագույն բնազդների վրա խաղացող սերիալներով, որպիսիք են՝ «Վերվարածները» կամ «Արմենիա» TV- ով ցուցադրվողները։ Ռուսաստանում էլ են նկարվում անորակ սերիալներ, սակայն նկարահանվում են նաեւ Դոստոեւսկու «Ապուշը», «Ոճիր եւ պատիժը», Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան», Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն»:
– Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպը հենց բարձրարժեք սերիալ նկարահանելու հիմք է, մանավանդ, որ կենտրոնում կա մարդու ճակատագիր, գրեթե բիբլիական սիմվոլ ու կոնկրետ ժամանակ՝ Սարդարապատի ճակատամարտի նախօրեն։ Բայց առանց լուրջ բեմադրամիջոցների այդպիսի ֆիլմ նկարահանել չես կարող, որովհետեւ պիտի ստեղծես դարաշրջան։ Էժան սերիալներ ստեղծելու պարտադրանքը տալիս է նույնքան էժան գեղարվեստական արդյունք։ Թեպետ շատ բան կախված է նաեւ հեղինակների ստեղծագործական մոտեցումից։ Վ. Սարոյանի պիեսներից մեկում կա այսպիսի մի տող՝ «Նա գիտեր ճշմարտությունը, բայց ավելի լավ բան էր որոնում»: Սա արվեստի բանալին է: «Ավելի լավ բան» որոնելը մոռացել ենք։ Դոստոեւսկուց ավելի ո՞վ է կյանքի ճշմարտությունը, ետնախորշերը եւ ամբողջ մրուրը պատկերել, բայց նա ուներ գեղեցիկի եւ աստվածայինի որոնում: Ինձ տագնապ է պատճառում մեր մշակութային գիտակցության լյումպենացումը: Նկատի չունեմ թեմաները: Նկատի ունեմ մտածողությունը, գեղագիտությունը, որ դրսեւորվում է զանազան թատերական շոուներում, սերիալներում ու նույնիսկ գրական գործերում: Բանը հասել է լեզվին: Իսկ հռոմեացի իմաստուններից մեկն ասել է, որ աղավաղված լեզուն աղավաղված բարքերի նշան է։ Հիմա ի՞նչ ենք անելու։ Ընդամենը պատճենահանենք այդ լեզուն էկրանո՞վ, թե՞ էկրաններից թելադրենք չափանիշ։
– Համաձա՞յն եք, որ չափանիշներ թելադրող արվեստը մեր էկրաններին հիմնականում հայտնվում է… սգո օրերին։
– Անշուշտ, այդ տխուր առիթներով հեռուստաընկերությունները հանկարծ հիշում են, որ Խաչատրյանը գրել է «Սպարտակ» բալետ, որ կարելի է ցուցադրել Շեքսպիրի «Կորեոլանը»` գլխավոր դերում` Խորեն Աբրահամյան: Ստացվում է, որ իսկական արվեստը, որը կարող է մթնոլորտ ձեւավորել, ըստ իր պատկերի մարդ ու ճաշակ կերտել, միայն սուգի համար է:
– Ունի՞ մեր կինոն շանսեր` նորից հանդիպելու իր հանդիսատեսի հետ։
– Մարդկանց հետ խոսի իրենց կյանքի մասին՝ պարզ, հուզիչ պատմությունների լեզվով, նկատի այն, ինչը հայ մարդու կյանքն է։ Կարելի է, իհարկե, գնալ հեշտ ճանապարհով եւ նկարահանել ֆիլմ ստալինյան տարիների բռնարարքների մասին, հաշվի չառնելով, որ վերջին 10-15 տարիների ընթացքում մեր հանդիսատեսը դիտել է բազմաթիվ այդպիսի կինոնկարներ, այդ թվում եւ հայկականը՝ Դովլաթյանի «Կարոտը», որոնք շատ ավելի բարձր գեղարվեստական մակարդակով, գրեթե սպառել են այդ թեման։ Իսկ կինոյում գլխավոր թեմաներն աշխատում են տասը տարի, հետո կյանքը փոխվում է, այլ թեմաներ ու պրոբլեմներ են երեւան գալիս։ Մեր հանդիսատեսին ուրախացնելու, սփոփելու, մխիթարելու համար մինչեւ օրս ցուցադրում են «Տղամարդիկ» կամ «Երջանկության մեխանիկա» ֆիլմերը, որովհետեւ դրա հոգեբանական պահանջը կա։ Հիմա վերջապես կատակերգական սցենարների մրցույթ է հայտարարվել։ Տեսնենք, թե ինչ արդյունք կլինի։ Երիտասարդ մարդկանց մասին ֆիլմ նույնպես չկա։
– Չկան ֆիլմեր նաեւ սիրո թեմայով` չհաշված սերիալային սիրո քաղքենիական դրսեւորումները:
– Սիրո մասին վերջին ֆիլմը հենց «Երջանկության մեխանիկան» է։ Լավ, այս հողի վրա մի տղամարդ ու մի կին այս 15 տարիների ընթացքում իրար չսիրեցի՞ն։ Հայրենիքից դժվարությամբ բաժանվող, արտագաղթող մարդու պատմությունը նույնպես հետաքրքիր ֆիլմ անելու նյութ է, որը կարող է խոսել շատ ու շատ հոգիների հետ։ Էլի մի սոցիալական թեմա է նոր բուրժուազիայի ձեւավորումը՝ իբրեւ մարդկանց պատմություն։ Սա էլ կոչվում է՝ խաղացանկային քաղաքականություն, որը ձեւավորվում է նախեւառաջ սցենարական հիմքեր նախապատրաստելու ճանապարհով։
Ընդհանրապես կինոյի վերելքը վկայում է երկրի վերելքի մասին։ Տարբեր փառատոներում տեսնում եմ, թե ետխորհրդային երկրները, համագործակցելով զանազան արտասահմանյան գործընկերների հետ, ինչպես են իրենց «ուղերձը» դուրս բերում աշխարհ։ Վերջերս նկարահանվել է ռուս-ադրբեջանական ֆիլմ՝ «Մնաս բարով, հարավային քաղաք»։ Այդ ֆիլմում… 88 թվի Բաքուն է, Հայաստանից «փախստական» ադրբեջանցիների թեման, հասարակության անցումը նախկին ժամանակից դեպի նոր, տագնապալի ժամանակ։ Մարդիկ գիտեն, թե ինչ եւ ինչպես անել։ Ճանաչում են իրենց գերխնդիրները ու խոսում աշխարհի հետ։ Լավ օրինակ է մեզ համար, համաձայն չե՞ք։