«Պայծառ ապագայի» զոհերը

19/12/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում գեղեցիկ ու ճոռոմ ձեւակերպումներով սոցիալական եւ առողջապահական ոլորտներին վերաբերող խոստումներ են տալու: Իշխանություններն ասելու են, որ անցած տարիներին ամեն ինչ արել են այդ ոլորտների վիճակը բարելավելու եւ մարդկանց «արժանավայել ու բարեկեցիկ կյանքն ապահովելու» համար, ընդդիմությունն էլ հայտարարելու է, որ իշխանության գալու դեպքում ավելի լավ ծրագրեր կիրականացնի: Սակայն ոչ իշխանության, ոչ էլ ընդդիմության` ապագային վերաբերող խոստումները հաստատ չեն բարելավելու կայարանամերձ տարածքում բնակվող 18-ամյա Վիլիկի առողջությունը, որը գումարի բացակայության պատճառով հայտնվել է մահամերձ վիճակում, քանի որ նրան մի հիվանդանոցից մյուսը տեղափոխելով՝ համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերել: Պետպատվերի շրջանակներում:

Երեւան-Սեւան ուղեւորվող մազութ տեղափոխող գնացքի ծանր դմբդմբոցը տագնապալի է: Երկաթգծի էլեկտրական հենակետում երկրաշարժից ողջ մնացած մարդիկ են ապրում, ովքեր գնացքի վագոնների ծանրությունից սարսափում են, քանի որ իրենց օթեւանած տնակն այդ ծանրությունից դղրդում է, ու ամեն անգամ ձայնից նրանք երկրաշարժն են վերհիշում: Հաճախ կարծում են` նորից երկրաշարժ է, ու ենթագիտակցաբար տանից դուրս են փախչում:

Սլաքավարի հենակետը, որտեղ ապրում են Սիրանույշ տատը, նրա հարսն ու երկու թոռները, փողոցային շներով է շրջապատված: Այստեղ ապրում է 18-ամյա Վիլիկը, ով գամված է անկողնուն: Ուզում եմ մտնել ներս, բայց Վիլիկի շների «ոհմակն» ու սիամական կատուների «գերդաստանը» փակում են ճանապարհս: Վիլիկի պահապան շների ոռնոցից անհանգստացած` դուրս է վազում նրա տատը՝ Սիրանույշն, ու ինձ տեսնելով սկսում է մղկտալով ներս հրավիրել: Սիրանույշ տատն անընդհատ լաց է լինում. Վիլիկը մահամերձ է: Մտնում ենք ներս. ներսը դրսից սոսկալի է: Վիլիկը հայացքը թաքցնում է վերմակի տակ: Ասում եմ՝ «Հիշո՞ւմ ես, անցյալ տարի ես էս կողմերում ձեր տնակը գտա ու ուզում էի նյութ գրել, բայց դու մի տեսակ ջղային էիր, չէիր ուզում, որ գամ ձեր տուն»: Վիլիկն ամաչելով գլխով հաստատում է ու դժվարությամբ կարողանում է պատասխանել. «Հա՛, հիշում եմ, գիտեի, թե միլիցա ես, ուզում ես ինձ բռնել տաս»: Հետո միասին հիշում ենք, թե ինչու էր Վիլիկն այդքան չարացած: 5 տարեկանից մետրոյի վագոններում ծամոն ու խաչբառ վաճառող այս տղան ոստիկաններից այնքան էր վախեցել, որ բոլորի մեջ ոստիկան էր տեսնում: Պատմում էր, որ, երբ փոքր էր, վագոնում ծամոն վաճառելիս ոստիկանն արգելել եւ դուրս էր հրավիրել: Վիլիկը հասկանալով, որ, եթե ենթարկվի ոստիկանի պահանջին՝ չի կարող օրվա հացի գումար վաստակել, շարունակել էր ծամոն ու խաչբառ վաճառել: «Միլիցեն դուբինկով ընկել էր հետեւից, սա շատ էր վախեցել, էդ օրվանից հետո անծանոթ մարդ, որ տեսնում ա՝ ասում ա՝ միլիցա ա»,- պատմում է Սիրանույշ տանը: Վիլիկն ընդհանրապես դպրոց չի գնացել, աշխատել է, հացի փող է վաստակել: Ասում են, երբ այս տղայից ինչ-որ բան գնելիս մանրը չեն վերցնում՝ վիրավորվում է, ասում է՝ «ինձ պետք չի զդաչին»:

Սիրանույշ տատն այնքան է լաց եղել, որ աչքերն ուռչել, կարմրել են: Ասում է՝ «Երբ փոքր էր՝ ասում էինք՝ վիլիկան: 5 տարեկանից էդ ցրտին ու մթին աշխատել ա: Սաղ ձմեռ դրսում ծամոն ա ծախել: Մեր վիճակն էլ տեսնում եք, էլի, պադստանցիայում ենք ապրում: Երեխես ձեռքից գնում ա, խնդրում եմ, աղաչում եմ, օգնեք մեզ»: Սիրանույշ տատն անօգնական վիճակում է: Ասում է՝ մի քանի ամսվա ընթացքում տղայի ինքնազգացողությունը վատացել է, թուլացել, գամվել է անկողնուն: Բժիշկ են կանչել. բժշկուհին խորհուրդ է տվել անհապաղ տեղափոխել հիվանդանոց: Սիրանույշ տատն ասում է՝ «Ախր, ասեցի՝ ձեռքներս 2 կոպեկ չկա, որ տանենք, ո՞վ ա տիրություն անելու: Բժշկուհին շատ խղճով ա, ասեց՝ ես պետպատվերի հարցով կզբաղվեմ, իսկ դուք շտապ տեղափոխեք»: Վիլիկին տեղափոխել են 3-րդ մանկական հիվանդանոց, որտեղ հետազոտելուց հետո՝ «Գիտեք, էլի, անվճարին ոնց են բուժում: Ասեցին՝ արյան տոկոսը շատ ա ընկել, հետո էլ, թե՝ ռեւմատիզմ ա, հետո էլ, թե՝ մի պոչկան իջել ա, չի գործում, հետո էլ, թե՝ ոտքերի մեջ ջուր ա հավաքված: Մոտ 2 շաբաթ պառկած էր, հետո դուրս գրեցին, ասեցին՝ տարեք Կանազի հիվանդանոց: Բժիշկն ասեց, թե էն դեղերը, որն իրան պիտի սրսկենք` շատ թանկարժեք են, մենք էդ հնարավորությունը չունենք, տարեք Կանազ, թող իրանք բուժեն»,- պատմում է ծեր կինն ու կմկմալով, այնուամենայնիվ, չի կարողանում հիշել, թե տղայի բժշկական պատմության մեջ ինչ հիվանդություն է նշվել: Հարցնում եմ՝ «Հետո չտեղափոխեցի՞ք ուրիշ հիվանդանոց»: «Չէ,- ասում է,- ոնց որ էնտեղ գլխառադ արեցին, նույնն էլ պիտի ուրիշ հիվանդանոցում անեին: Էս երեխեն թուլացած վիճակում ա, չի դիմանում: Գլխներիս տեր չկա, որ մարդավարի նայեն, բուժեն»:

Վիլիկն ասում է, որ տեւական ժամանակ է, ինչ ոտքերի ցավից գիշերները լաց լինելով է լուսացնում: Վերմակը մի կողմ քաշելով՝ ցույց է տալիս այտուցված ոտքերը, որոնք աստիճանաբար անշարժանում են: Դժվարությամբ մեջբերում է բժշկի խոսքերը, թե՝ հնարավոր է հաշմանդամության սայլակին գամվի: Սիրանույշ տատն ասում է, որ տղան տկարությունից օրերով չի խոսում: Կանչում է մի կողմ ու լաց լինելով շշնջում է՝ «Ընդհանրապես հաց չի ուտում: Էն օրը տեսավ, որ շատ եմ տանջվում, գնում եմ անկյուններում սիրտս թեթեւացնում եմ, կանչեց, ասում ա՝ տատիկ, ես մահանում եմ, մի ստիպի, որ հաց ուտեմ: Ես կամաց-կամաց գնում եմ էն աշխարհ»: Տատի գաղտնի խոսակցությունը լսելով՝ Վիլիկը բղավում է՝ «Տա՛տ, արի ստեղ, մի քչփչա, ինձնից գաղտնի մի խոսա»:

Վիլիկի հետ երկար զրուցում ենք, ու նրա դեմքին մի քիչ կենդանություն է գալիս: Ասում է՝ «Շուն սիրո՞ւմ ես, թե՞ կատու ես սիրում»: «Հա՛,- ասում եմ,- սիրում եմ»: Վիլիկի աչքերը մի քիչ պայծառանում են, ու ասում է՝ «Ես իմ շներին ու կատուներին շատ-շատ եմ սիրում, իմ կյանքի ամենաթանկ բաներն են: Ուզո՞ւմ ես քեզ իմ շան ձագերից կամ կատուներից նվիրեմ: Էս շանը ու էս կատվին փողոցից եմ գտել ու պահել եմ, տեսնո՞ւմ ես, արդեն ձագեր ունեն: Սրանք շատ մրսած ու սոված էին, բերել բուն եմ սարքել ու ահագին ժամանակ ա պահում եմ: Սրանք իմ հարստություններն են, ինձ էնքան շատ են սիրում: Իրենց սիրելուց ես բարիանում եմ, բայց հիմա, որ հիվանդ եմ՝ աչքաթող եմ արել»: Վիլիկի շներն ու կատուները ցրտից լցվել են իրար գլխի ու համերաշխորեն հսկում են իրենց հիվանդ տիրոջ այցելուներին:

Այս տղայի անցյալն ու ներկան այնքան տխուր պատմություն ունեն, որ որքան լսում ես նրա տատի պատմածներն, այնքան հասկանում ես, որ 5 տարեկանից ձմռան ցրտին ծամոն ու խաչբառ վաճառող Վիլիկը մի օր պիտի գամվեր անկողնուն: Նրանց ծանր կենսապայմաններն ու դառը անցյալը չէր կարող անհետեւանք մնալ: