Դեմկուսը կընդդիմանան, եթե…

17/12/2007

ՀԴԿ նախագահ, Համաշխարհային Հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Գ. Սարգսյանին դուր չի գալիս Ռոբերտ Քոչարյանի եւ Վարդան Օսկանյանի` Լեռնային Ղարաբաղի հարցում վարած քաղաքականությունը, քանի որ, ըստ Ա. Սարգսյանի` նրանք գնում են համաձայնությունների, որոնք չեն բխում Հայաստանի եւ ԼՂՀ շահից:

Լրագրողների հիշեցմանն ի պատասխան, թե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ հարցում մոտեցումները մշակվում են նաեւ իր մասնակցությամբ, նաեւ այն, որ հնարավոր է՝ մինչեւ ՀՀ նախագահական ընտրություններ սկզբունքային համաձայնություն լինի որոշ հարցերում, Ա. Սարգսյանն ասել է. «Գիտեք ինչ, ոչինչ իրականացված չէ: Եթե իրականացված լիներ, ես մամուլի ասուլիս չէի հրավիրի, այլ մենք կանցնեինք ավելի զանգվածային գործողությունների, որի մասին ես բացարձակ միշտ ասել եմ, եւ շարունակելու ենք այդ կեցվածքը պահպանել: Խոսքը գնում է նրա մասին, որ այս քաղաքական գիծը, ես գտնում եմ, որ սխալ գիծ է: Հիմա կանի նույն բանը Սերժ Սարգսյանը` կասենք Սերժ Սարգսյանին: Եթե փորձի իրականացնել, կընդդիմանանք Սերժ Սարգսյանին: Մեր կուսակցության համար այդպիսի պրոբլեմ չկա, եւ համոզված ենք, շատ-շատ այլ կուսակցությունների համար՝ նույնպես: Չեմ կարծում, որ Հանրապետական կուսակցությունը, չգիտեմ, էդ ի՞նչ պետք է լինի, որ նրանք էլ Վազգեն Սարգսյանի քաղաքական գիծը փոխեն եւ այլ մի գիծ ընդունեն: Չեմ կարծում: Եթե կլինի, նորից եմ ասում, կընդդիմանանք բոլոր հնարավոր միջոցներով»: