«Եթե ցանկանում ենք ունենալ լեգիտիմ նախագահ, անհրաժեշտ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանը մինչեւ ընտրություններ հրաժարական տա: Դա նախապայման կլինի լեգիտիմ ընտրություններ անցկացնելու համար: Այլապես արդեն իսկ վտանգված է այդ»,- նման հայտարարություն են արել «Լեգիտիմ նախագահ-2008» նախաձեռնող խմբի երեկվա քննարկման մասնակիցները:
Հանդիպմանը մասնակցել են «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը եւ այլք: Հայտարարության տեքստը կհանձնվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ ԱՊՀ դիտորդներին: «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ՍԴՀԿ ատենապետ Լ.Սարգսյանն ասել է, թե եվրոպական դիտորդները, ելնելով իրենց փորձից, կարծում են, թե ամեն ինչ որոշվում է ընտրության օրը, բայց սխալվում են. «Վաղուց ժամանակն է բացել միջազգային դիտորդների աչքերը, որ Հայաստանում ոչ միայն ընտրությունների օրն է պրոցես զարգանում, այլ այն ժամանակ, երբ գործընթացին է կցվում ողջ վարչական խումբը»: Որպես ապացույց՝ նա բերել է մի քանի օրինակներ. «Մեր աչքերի առաջ վարչական մեքենան վերածվում է ընտրական մեքենայի՝ սպասարկելով միայն իշխանական թեւին: Համաձայն վերջին տվյալների՝ բոլոր գյուղապետերն ավտոմատ դարձել են շտաբի պետեր»: ՆԺԿ ղեկավար Ա. Կարապետյանն էլ կարծիք է հայտնել, որ լեգիտիմ իշխանություն ունենալու ճանապարհը մեկն է՝ «գունավոր հեղափոխությունը»: «ԱՊՀ երկրներից եւ ոչ մեկում իշխանությունը չի փոխվել առանց ժողովրդական մեծ ալիքի: Լեգիտիմ նախագահ ունենալ նշանակում է՝ 2008թ. փետրվարի 20-ին փորձել ժողովրդի ալիքի միջոցով պարտադրել մեր կամքը»,- ասել է նա: Ա. Կարապետյանը հայտարարել է նաեւ, որ ընտրությունների արդյունքներով առաջին փուլում 40% է գրվելու հօգուտ Սերժ Սարգսյանի, իսկ «երկրորդ փուլում 68%-ով Սերժ Սարգսյանը հռչակելու է իրեն նախագահ»: Ն. Փաշինյանը, ով համաձայնել է Ա. Կարապետյանի գրեթե բոլոր մտքերի հետ, ասել է, թե կունենանք ոչ լեգիտիմ ընտրություններ, բայց դա չի նշանակում, որ չենք ունենա լեգիտիմ նախագահ, որովհետեւ «համաժողովրդական շարժման թեկնածուն կհաղթի եւ կդառնա լեգիտիմ նախագահ»: Նա նկատել է, որ հարկավոր է երկու թեկնածուներից մեկի մեջ ընտրություն կատարել, քանի որ այլ բեւեռ գոյություն չունի. այսինքն՝ ընտրություն կատարել Ս. Սարգսյանի եւ Լ. Տեր-Պետրոսյանի միջեւ: «Երրորդ բեւեռը շինծու է: Նրան ծառայելը նշանակում է՝ ծառայել իշխանություններին»,- փաստել է նա՝ ավելացնելով, թե ամեն ինչ պետք է լուծել մինչեւ փետրվարի 19-ը: ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանն էլ նշել է, թե հիմա ավելի շատ մարդ է ընդգրկված այս համաժողովրդական շարժման մեջ, քան անգամ 1988-ին էր: Ըստ նրա, ընդամենը մեկ խնդիր է իրենց առջեւ դրված՝ ոչ թե կանխատեսել՝ երբ է լինելու իշխանափոխությունը, այլ ուժեղացնել այն մեխանիզմները, որով հնարավոր է դա իրականացնել: «Դա ժողովուրդն է: Եթե Լ. Տեր-Պետրոսյանի կողքին Հիսուս Քրիստոսն էլ իջնի, ժողովուրդը չաջակցի, նա չի ընտրվի: Իսկ Ս. Սարգսյանի ընտրությունը նորից կախված է ժողովրդի կամքից: Եթե ժողովուրդն իր կամքը դրսեւորեց, քանի՞ գլուխ ունի Ս. Սարգսյանը, որ իր ապարատը կանգնեցնի ժողովրդի դեմ: Չկա նման բան»,- փաստել է նա: Իսկ Գառնիկ Մարգարյանի կարծիքով՝ անհրաժեշտ է հույսները դնել ոչ թե միջազգային դիտորդների, այլ միայն մեզ վրա. «Մեր տունը մենք պետք է մաքրենք աղբից»: Իսկ դա, ըստ նրա, անհրաժեշտ է անել մինչեւ ընտրությունները: