«Հայկական կողմը պետք է սառեցնի Մինսկի խմբում բանակցությունները՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը»,- երեկ նման հայտարարություն է արել Դեմկուսի ղեկավար Արամ Գասպարիչը: Իր այս ծայրահեղ առաջարկը ՀԴԿ նախագահը բացատրել է համանախագահների առաջարկների անընդունելիությամբ. «Եթե Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկվող 6 սկզբունքներից մեկը կիսատ-պռատ ընդունելի է, ապա մյուս 5-ը բացարձակապես անընդունելի են մեր կուսակցության համար»: Ըստ նրա, Ղարաբաղի հիմնահարցի լուծման խնդրով Հայաստանում քաղաքական ուժերը համակարծիք են: Նա տեղեկացրել է, որ «դորտմունդյան կոնֆերանս» կոչվող հավաքի ընթացքում հայկական կողմն արժանի հակահարված է տվել ադրբեջանցիներին: Մասնավորապես, Արամ Սարգսյանը պատմել է, որ երբ ադրբեջանցիները սկսել են իրենց 1 միլիարդ դոլարանոց ռազմական բյուջեի մասին «հոխորտանքները», ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նրանց տեղեկացրել է, որ իրենց միլիարդանոց բյուջեն համարժեք է մեր ռազմական բյուջեին, որովհետեւ Հայաստանը շատ ավելի մեծ պաշտպանական հնարավորություններ ունի, որի վրա ոչ մի կոպեկ չի ծախսում: Արամ Սարգսյանն ասել է նաեւ, թե երբ ադրբեջանցիները խոսում էին պատերազմ սկսելու հավանականության մասին, իսկ հայկական կողմը հակադարձում էր նրանով, որ իրենց սկսած պատերազմը 1 օրից ավելի չի տեւի, քանի որ նավթային շահեր ունեցող տերությունները չեն թույլատրի ինքնուրույն գործողություններ, իրենք «նեղվում էին՝ քաջ գիտակցելով, որ կորցրել են իրենց անկախությունը»: Սակայն, պարզվում է, որ վերոնշյալ կոնֆերանսի՝ օրերս կայացած վերջին հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը բավականին ինքնավստահ է եղել՝ ԵԱՀԿ արտգործնախարարների Մադրիդում կայացած գագաթաժողովի արդյունքներով, եւ նույնիսկ հայտարարել է, թե անիմաստ են այս բանակցությունները, քանի որ որոշված է ազատագրված 6 տարածքները վերադարձնել: Սակայն Արամ Սարգսյանը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանը նման փաստաթուղթ չի ստորագրի: