Շուկայական տնտեսության մեջ պետության դերի մասին տնտեսագիտական վիճաբանությունները, թվում է, կշարունակվեն ճիշտ այնքան, որքան գոյություն կունենա շուկայական տնտեսությունը: Այս վիճաբանությունը մերթ հանդարտվում, մերթ, ընթացիկ պահից կախված, բորբոքվում է նոր ուժով:
Հիմա ճիշտ նման պահ է: Դրամի փոխարժեքի սրընթաց ամրապնդումը հարցադրումը կտրուկ է դարձնում` Հայաստանին պետական արդյունաբերական քաղաքականություն պե՞տք է արդյոք: Այսինքն, մեզ համար, պետության համար գոյություն ունի՞ «ազգային արտադրող» հասկացությունը, թե՞ այն գլոբալիզացված տնտեսության պայմաններում իր դարն ապրած գրական ատավիզմ է: Պետությունը պե՞տք է խթանի ներքին արտադրությունը, թե՞ դա բացառապես շուկայի խնդիրն է: Այս հարցի ճիշտ պատասխանից շատ բան է կախված: Եթե այդ հասկացությունն, այնուամենայնիվ, գոյություն ունի, ապա ազգային արտադրողների եւ արտահանողների` դրամի փոխարժեքի ամրապնդման պատճառով առաջացած ներկայիս համակարգային խնդիրները պետք է համարել երկրի, պետության, բոլորիս ընդհանուր խնդիր: Նման մոտեցումը ենթադրում է պետության որեւէ միջամտությունն իրավիճակին, ինչը կլինի ազգային արտադրողին աջակցելու տրամաբանության շրջանակում: Իսկ եթե այդ հասկացությունը մեզ համար գոյություն չունի, այսինքն, եթե մենք դրանով հայտարարում ենք, որ ցանկացած տեղական արտադրող զբաղված է բացառապես անձնական բիզնեսով, որի հաջողությունը, վերջին հաշվով, պետությանը բոլորովին չի հետաքրքրում, ապա պետության համար, իհարկե, այլ անելիք չկա, բացի նրանցից հարկեր հավաքելը: Այս տրամաբանության շրջանակում արտադրողների սնանկացումը նշանակում է, որ նրանք այնքան էլ մրցունակ, արդյունավետ ու արտադրողական չէին: Ավելին, նրանց սնանկացումը բարիք է. ոչ մրցունակները թող հեռանան, իսկ նրանց տեղը գան ուրիշները` առավել մրցունակները: Սա շուկայական ֆունդամենտալիզմի տրամաբանությունն է, ըստ որի՝ ազգային արտադրությանը ցանկացած պետական աջակցություն չարիք է: Հայտնի է, որ վերջին 15 տարիներին հայկական արդյունաբերությունը զարգանում էր հենց շուկայական ֆունդամենտալիզմի տրամաբանության սահմաններում, որը հերքում էր արդյունաբերական քաղաքականության անհրաժեշտությունը: Նոր տնտեսության ստեղծման գործում նման տրամաբանությունը որոշ հաջողություններ ունեցավ, բայց, մյուս կողմից, կորուստները ոչ ոք այդպես էլ չհաշվեց: Հետաքրքիր է, որ աշխարհում մեզ նման շուկայական ֆունդամենտալիստներ գտնելը բավականին դժվար է: Ընդհակառակը, արեւմտյան տնտեսական պրակտիկան հարուստ է օրինակներով, երբ պետություններն ակնհայտ կամ թաքնված ձեւերով փորձում են արտաքին սպառնալիքներից պաշտպանել ազգային արդյունաբերությունը, պայքարում են իրենց արտաքին առեւտրային հաշվեկշռի այս կամ այն կերպ բարելավման համար: Բայց մենք, ինչպես միշտ, ձգտում ենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Սակայն այժմ էքստրեմալ իրավիճակ է ստեղծվել: Չէ՞ որ սպառնալիքն ուղղված է մրցունակ համարվող նոր տնտեսությանը, այլ ոչ թե խորհրդային տնտեսության մնացուկներին: Արտահանմանն ուղղված արտադրությունները, նույնիսկ ամենախոշորները, հայտնվեցին ծայրահեղ ծանր վիճակում: Իսկ ինչպիսի՞ն է այսօր մեր պետության դիրքորոշումը: Դատելով այն բանից, որ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում եւ սահմանափակվում է արտահանողներին խորհուրդ տալով… գոյատեւելու համար բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը (խորհրդի հեղինակը Եվրաբանկն է)՝ այն բոլորովին չի փոխվել: Այսինքն՝ կառավարությունը շարունակում է ամուր կանգնել շուկայական ֆունդամենտալիզմի դիրքերում: Ի դեպ, այդ խորհուրդը մեզ մեթոդոլոգիապես ոչ ճիշտ է թվում, քանի որ խնդիրը ձեռնարկություններից դուրս է, իսկ առաջարկվում է այն լուծել ներքին աղբյուրների հաշվին: Փաստորեն, այդպիսով պետությունը հենց արտահանողներին է մեղադրում նրանց այսօրվա խնդիրների ու կորուստների հարցում` հանդիմանելով աշխատանքի ցածր արտադրողականության համար: Այստեղից էլ՝ «դեղատոմսը», իբր` բարձրացրեք արտադրողականությունը: Սա սխալ դիրքորոշում է: Ճիշտ մոտեցումը ենթադրում է ընդունել, որ արտահանողները հոլանդական հիվանդության զոհն են դարձել, որն ախտահարել է Հայաստանի տնտեսությունը եւ որն ի հայտ է եկել ոչ իրենց մեղքով: Հետեւաբար, օգնությունն արտահանողներին պետք է ու կարող է ցուցաբերվել այդ հիվանդության բուժման շրջանակում: Սա տիպիկ ֆորս-մաժոր է, որը պետական միջամտություն է պահանջում: Նույն Եվրաբանկը պնդում է, թե «դրամի փոխարժեքի հետագա ամրապնդումը սպառնալիք կդառնա երկրի մրցունակության համար»: Ի՞նչ է, պետությունը շարունակելու է ձեւացնել, թե չի՞ նկատում ֆորս-մաժորը եւ այն նրան չի՞ վերաբերում: Վերջին երկու տարիների ընթացքում դրամի փոխարժեքն ամրապնդվեց գրեթե 50%-ով: Սա նշանակում է, որ արտահանվող արտադրանքի դոլարային ինքնարժեքը գրեթե նույնքան ավելացել է: Դա ուժեղագույն հարված է երկրի մրցունակությանը: Եթե արտահանման փլուզում եւ երկրի մրցունակության կորուստ լինի, պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի Հայաստանի կառավարության վրա, որը մինչ այսօր չի ընդունել երկրում հոլանդական հիվանդության առկայությունը եւ ոչինչ չի ծրագրում հետեւանքների մեղմացման համար: Դրա մասին վկայում է 2008թ. բյուջեն: Կառավարության մեղքը նրանում չէ, որ այն ուղղակիորեն չի սուբսիդավորում արտահանողներին, այլ նրանում, որ այն չի փորձում պայքարել հոլանդական հիվանդության դեմ: Երբ սկսի պայքարել, կպարզվի, որ այդ հիվանդության բուժման միջոցառումների համալիրում պետք է լինեն արտահանողներին այս կամ այն ձեւով տրվող հարկային արտոնությունները (ընդհուպ արտահանողներին ԱԱՀ-ից ազատումը` այն վերադարձնելու փոխարեն), ԱԱՀ դրույքաչափի իջեցումը, շուկաների դեմոնոպոլիզացիան, էներգակիրների մենաշնորհային սակագների վերանայումը եւ այլն: Սրանք էլ հենց արդյունաբերական քաղաքականության տարրերն են:
«Դելովոյ էկսպրես»