Երեկ Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի անունից` Լեւոն Բարսեղյանը եւ Վահան Թումասյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Անցած օրերին որոշ գերատեսչությունների ներկայացուցիչներ, անակնկալի գալով ԳԱԼԱ ՀԸ Պաշտպանության շտաբի ծավալած գործողություններից, այդ թվում՝ ՀՀ Տնտեսական դատարանի Գյումրու նստավայրի մոտ կազմակերպած պիկետից, աջ ու ձախ սկսել են լուրեր տարածել, թե պիկետի եւ կայանալիք հանրահավաքի կազմակերպիչը` դատարանում ՉԱՊ ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանն է: Դա բացարձակ սուտ է, որը նպատակ ունի ստվերել Կարեն Թումանյանի փաստաբանական արժանիքներն ու առաքելությունը…»: Հայտարարության հեղինակները եւս մեկ անգամ նշել են. «ՀՀ Տնտեսական դատարանի առաջ պիկետը կազմակերպել ենք մենք` Խոսքի ազատության եւ ԳԱԼԱ ՀԸ պաշտպանության շտաբի ակտիվիստներս, 99 քաղաքացիների մասնակցությամբ, այնպես, ինչպես մենք ենք կազմակերպել դեկտեմբերի 19-ին, ժամը 16-ին Գյումրու թատերական հրապարակում կայանալիք հանրահավաքը` ի պաշտպանություն ԳԱԼԱ հեռուստաընկերության»: