«Մենք քվեարկելու ենք Սերժ Սարգսյանի օգտին»

17/12/2007 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները` իբրեւ երկրի լիարժեք քաղաքացիներ, իրավունք ունեն մասնակցելու երկրում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության, այդ թվում` նախագահական ընտրություններին:

Երեկ համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան Հայաստանում ուկրաինացիների ֆեդերացիայի նախագահ Ռոմանիա Յավիրը եւ հունական հասարակական կազմակերպությունների նախագահ Արկադի Խիտարովը: Խոսելով ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններից` Ռոմանիա Յավիրը նշեց, որ իրենք, որպես հասարակական կազմակերպություն, քաղաքականությամբ չեն զբաղվում: Բայց իբրեւ Հայաստանի քաղաքացիներ՝ պարտավոր են մասնակցել ընտրություններին: Նա նշեց, որ ուկրաինացիներն ընտրում են նրան, ով աշխատում է: Խոսելով ՀՀ նախագահի առաջադրված թեկնածուների մասին, տիկին Յավիրը՝ անդրադառնալով Վազգեն Մանուկյանի առաջադրմանը, ասաց. «Ինձ հետաքրքիր է, երբ նա եղել է պաշտոններում, ինչո՞ւ ոչինչ չի արել: Ես գիտեմ, որ նա հիանալի մաթեմատիկոս է, թող իր գործով զբաղվի: Թող երիտասարդների գիտելիքների բարձրացմամբ զբաղվի: Իսկ այն գործով, որով նա չի կարող զբաղվել, թող ուրիշները զբաղվեն: Դա վերաբերում է մյուս բոլոր այն թեկնածուներին, որոնք ոչինչ չեն անում: Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը. ի՞նչ են նրանք արել, երբ իրենք էին իշխանությունը: Մենք քվեարկում ենք նրա օգտին, ով գործ է արել: Մենք քվեարկելու ենք Սերժ Սարգսյանի օգտին»:

Հունական հասարակական կազմակերպությունների նախագահ Արկադի Խիտարովը նշեց, որ վաղը հունական վարչության նիստ է լինելու, որտեղ իրենք պաշտոնապես կհայտարարեն իրենց դիրքորոշման մասին. «Բայց ես կարող եմ ասել, որ, ամենայն հավանականությամբ, դա կլինի Սերժ Սարգսյանը: «Հանրապետական» կուսակցությանը մենք սատարեցինք նաեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Եվ այսօր պառլամենտում կա միակ փոքրամասնությունը ներկայացնողը` ազգությամբ հույն Էդուարդ Շարմազանովը: Նա նաեւ մեր վարչության անդամ է»:

Ա. Խիտարովը նշեց, որ ինքը բոլոր հույների մասին չի խոսում: Իրենք նաեւ դաշնակցական հույն ունեն: Բայց մեծամասնությունն աջակցում է Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ), որի հետ համատեղ ծրագրեր են մշակում: Ա. Խիտարովը նոր է վերադարձել Հունաստանից, եւ 2008թ. մեծ ծրագիր է նախաձեռնելու, որն ուղղված է լինելու Վանաձորում սարքաշինության բնագավառի վերականգնմանը:

Ինչ վերաբերում է հունական համայնքի ներքին կյանքին, ապա, ըստ պրն Խիտարովի, այսօր հունական յոթ կիրակնօրյա դպրոց է գործում Հայաստանի տարբեր քաղաքներում: Ի դեպ, 2001թ. տվյալներով` Հայաստանում ապրում է գրեթե 2000 հույն:

Իսկ ուկրաինական համայնքը, թեեւ կրկին 2001թ. տվյալներով` 1600 է, սակայն տիկին Յավիրը նշեց, որ իրականում, իր հաշվարկներով, մոտ 4000 ուկրաինացիներ են ապրում այստեղ: Ի դեպ, ըստ տիկին Յավիրի` Հայաստանում ավելի շատ ուկրաինուհիներ են բնակվում, որոնք ամուսնացած են հայ տղամարդկանց հետ: Իսկ նրանց երեխաներն արդեն հայ են համարվում: Ուկրաինական համայնքը հրատարակում է նաեւ երկլեզու ամսաթերթ` հայերեն եւ ուկրաիներեն լեզուներով: