13,6 մլն դոլար եկամուտ՝ մեկ տարվա ընթացքում

17/12/2007

Այն, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է մենաշնորհային վիճակում, հայտնի է բոլորին: Ինչպես եւ այն, որ մենաշնորհային վիճակում է հատկապես ներմուծման ոլորտը, որի դաժան հետեւանքները մենք ամեն օր զգում ենք մեր գրպանի վրա:

Մենաշնորհային վիճակը երբեմն նաեւ կտրուկ դրսեւորումներ է ունենում: Դրա վառ օրինակն էր վերջերս շաքարի գնի կտրուկ տատանումը, երբ մեկ օրվա ընթացքում 1 կգ շաքարավազի գինը հասավ մինչեւ 600 դրամ, իսկ հաջորդ օրը կրկին իջավ նախկին՝ 240-250 դրամի: Կոնկրետ շաքարավազը Հայաստանում գտնվում է լիակատար մենաշնորհային վիճակում, որի միակ ներկրողը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս գրուպն» է: Բոլորին էլ հայտնի է, որ ներկրումից, հատկապես մենաշնորհային վիճակում գտնվող ներկրումից ներկրողները ստանում են գերշահույթներ: Իսկ այդ գերշահույթն օրեցօր մեծանում է, որովհետեւ դոլարը գնալով արժեզրկվում է: Որպեսզի պատկերացում կազմենք, թե ներկրումից որքան եկամուտ են ստանում մոնոպոլիստները, կատարենք պարզ հաշվարկ: Հաշվարկը կատարենք հենց շաքարավազի օրինակով եւ հիմք ընդունենք ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության տվյալները: Այսպես, 2006թ. ներկրվել է 56.658 տոննա շաքարավազ, որի ընդհանուր արժեքը եղել է 16 մլն 280 հազար դոլար՝

1 կգ-ի դեպքում՝ 28 ցենտ կամ 102 դրամ: Վիճվարչության տվյալներով, անցած տարի դոլարի միջին փոխարժեքը 364 դրամ էր: 28 ցենտը կամ 102 դրամը նաեւ մաքսային արժեքն է, որի վրա մաքսազերծելիս ավելանում է 20 տոկոս Ավելացված արժեքի հարկ եւ 10 տոկոս մաքսատուրք: Մաքսազերծելուց հետո 1 կգ շաքարավազի արժեքը դառնում է 36,5 ցենտ կամ 132 դրամ: Սա այն արժեքն է, որը մինչեւ Հայաստան հասցնելը վճարում է ներկրողը: Մեկ տասնյակից ավելի խանութներում հարցումներ կատարելուց հետո պարզվեց, որ ներկրողը 1 կգ շաքարավազը հանձնում է 220 դրամով: Հենց այդքանով էլ Ս. Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» եւ «Կայզեր» խանութները վաճառում էին այն օրերին, երբ 1 կգ շաքարավազի գինը բարձրացավ մինչեւ 600 դրամ: Հիմա հաշվարկենք, թե մոտավորապես որքա՞ն եկամուտ է ստանում «Սալեքս գրուպ» ընկերությունը միայն շաքարավազ ներկրելու դեպքում: Ինչպես ասացին՝ շաքարավազի մեծածախ գինը 220 դրամ է, իսկ Հայաստան հասցնելուց հետո՝ 132 դրամ: Այսինքն՝ «Սալեքս գրուպը» շաքարավազի յուրաքանչյուր կիլոգրամից ստանում է 88 դրամ կամ 66 տոկոս եկամուտ: Եվ այսպես, «Սալեքս գրուպ» ընկերությունը 2006 թվականին շաքարավազի ներկրումից ստացել է 4 մլրդ 995 մլն դրամ կամ 13,6 մլն դոլար եկամուտ, կամ էլ ամսական 1,1 մլն դոլար: Իհարկե, իրացնելուց հետո ընկերությունը վճարում է նաեւ եկամտահարկ, շահութահարկ, որից հետո այս թվերը որոշ չափով նվազում են, սակայն բոլոր դեպքերում ներկրողը ստանում է ահռելի շահույթ: Այս տարի ընկերությունն ավելի շատ եկամուտ կստանա, որովհետեւ դոլարն անցած տարվա համեմատ նորից արժեզրկվել է, բացի այդ, նույն Վիճվարչության տվյալներով՝ այս տարի բնակչության դրամական եկամուտներն ու ծախսերն ավելացել են 25 տոկոսով: Սակայն անցյալ տարի ներկրած շաքարավազի քանակը կասկածի տեղիք է տալիս: Եթե հիմք ընդունենք Վիճվարչության տվյալները, ապա մեզանից յուրաքանչյուրն ամսական օգտագործում է ընդամենը 1,4 կգ շաքարավազ: Սա այն շաքարավազը չէ, որ մենք գնում եւ տուն ենք տանում: Սրա մեջ մտնում է նաեւ այն շաքարավազը, որը մենք ուտում ենք խմորեղենի, կոնֆետների, հյութերի, մուրաբաների, պաղպաղակի եւ այլ քաղցրավենիքների պարունակության մեջ: Բացի այդ, մեր երկրում արտադրված մուրաբաների, հյութերի ու մյուս քաղցրավենիքների մի մասն էլ արտահանվում է, այսինքն՝ շաքարավազի մի մասն անուղղակի ձեւով արտահանվում է: Այնպես որ, ամսական մեկ անձի համար 1,4 կիլոգրամ ցուցանիշը այնքան էլ իրական չէ: Այստեղ արդեն հասկանալի է դառնում, որ ներկրվող շաքարավազի մի մասը գտնվում է ստվերային շրջանառության մեջ, սկսած մաքսազերծումից: Նույն հաշվարկը կարելի է կատարել նաեւ մենաշնորհային պայմաններով ներմուծվող այլ ապրանքների` բենզինի, կարագի, ձեթի դեպքում: