57 խախտում

17/12/2007

ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության` (ԲՊՏ) հունվարից մինչեւ օրս կատարած երկրաբանահետախուզական վերահսկողության ընթացքում արձանագրվել է ընդերքօգտագործման պայմանների խախտման 57 դեպք: Տեսչության գրասենյակից «Արմենպրեսին» ասել են, որ Արարատի, Արմավիրի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի եւ Երեւանի մերձակա տարածքների 107 ոչ մետաղական հանքավայրերում ու տեղամասերում ստուգումների ընթացքում հայտնաբերվել է 11 անօրինական շահագործվող հանքավայր, որի համար կազմվել է 28 վարչական տուգանքի ակտ: Գանձված 2.4 մլն դրամը փոխանցվել է ՀՀ պետբյուջե: Հունվար-նոյեմբերին ԲՊՏ աշխատակիցները երկրաբանա-մարկշեյդերական վերահսկողություն են իրականացրել նաեւ «Ախթալայի պղնձի»,«Մարջանի ոսկու», «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունների» հանքավայրերում: «Ախթալայում» ստուգման ընթացքում գանձվել է 100.000 դրամ վարչական տուգանք եւ տրվել չորսամսյա ժամկետում պոչամբարի շինարարություն իրականացնելու հանձնարարական: Հունվար-նոյեմբերին հիդրոերկրաբանական, ընդերքօգտագործման կարգի եւ պայմանագրային պարտավորությունների կատարման վերաբերյալ վերստուգումներ են անցկացվել նաեւ «Ադամանդ-Կ», «Ջերմուկ Գրուպ», «Ջերմուկ», «Վայոց Սար»,«Բյուրակն» «Դիլիջան հանքային ջրերի գործարան», «Դիլիջան Միգե» ընկերություններում: Չափագրման 89 գործ ներկայացվել է հարկային մարմիններին, իսկ իրավապահներին` 85 ստուգման նյութեր: