Մաքուր պատկերների համեստ հրապուրանքը

17/12/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ինչի՞ համար է մարդը նկարում։ Ինչո՞ւ է վերցնում լուսանկարչական սարքն ու լուսանկարում։ Իր գործի մեծ վարպետ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը լուսանկարչությունը «Ժամանակակից ծես» է անվանում։ Եթե հաշվի չառնենք փաստաթղթային ֆոտոները, որոնք մարդու ու իր պատկերի իդենտիֆիկացիայի համար են արվում եւ զուտ կիրառական բնույթ ունեն, ապա պարզ կդառնա, որ լուսանկարչությամբ մենք բոլորս փորձում ենք որսալ մեր հարափոփոխ ու երբեք չկրկնվող կյանքի մի վայրկյանը։ Բոլորս էլ այդ վայրկյանների կույտերից ենք կազմված։ Փախչում ենք տգեղ ներկայից, ու սպասում ենք, որ վաղվա օրն ավելի պայծառ լինի։

– Եթե ճանապարհ ես գնում, ուրեմն եկեղեցի էլ կգտնես։ Լուսանկարչության իմ ճանապարհին ես հայտնագործեցի ծիսականը, ասել է թե, լուանկարչության հիմքում ժամանակակից ծեսի խորհուրդն է։ Սա, իհարկե, իմ լուսանկարչությունն է։ Այս «կրակագծում» ոչ ցավակցող գործընկերների եւ ոչ էլ կասկածամիտ արվեստաբանի կարիքը ունեմ։

Ավանդական պատկերացմամբ ծեսը Տրնդեզն է, Զատկի ձու ներկելը, նաեւ մի քանի հաշվելի բաներ։ Ոչ։ Մեր կյանքը լի է ծիսական արարողություններով, որոնք չեն ընկալվում որպես այդպիսին։ Օրինակ՝ ամեն օր աշխատանքի գնալը կամ թեյ խմելը։ Սրանք կարճատեւ արարողություններ են, որ ներսում ծիսական խորհուրդ ունեն։ Կամ թեկուզ երկու հարեւան կանանց անուշաբույր բամբասանքը, որ անշուշտ կարող է դասվել հայոց արարողությունների շարքում. ջերմ միջավայր, զգուշավոր խոսք, հատուկենտ ժեստեր, ծիսական ատրիբուտներ (թեյ, սուրճ, մոսկովյան շոկոլադ), տղամարդու բացակա լինելը… Մեր կյանքում ծեսերը շատ-շատ են եւ նրանք շարունակում են ծնվել՝ ինչպես երկնքում աստղերը կամ համաստեղությունները (աստղասփյուռներ)։ Մենք դատապարտված ենք ճանաչելու աշխարհի ծիսական կարգը, ինչպես նաեւ՝ մեր ապրելաձեւով հարստացնելու ծիսական շարքը։ Մենք ճանապարհ ենք գնում…

– Այդ ճանապարհին մենք հանդիպում ենք… լուսապատկերների, որոնք գամում են ուշադրությունդ, եւ պատահում են foto-ներ, որոնք անտարբեր են թողնում դիտորդին։ Ինչո՞ւմն է գաղտնիքը։

– Լավ լուսանկար ասելիս՝ պետք է հասկանալ, միաժամանակ, վարպետի մեկնաբանությունը եւ ընկալողի վարպետությունը։ Գյուղերից մեկում մարդիկ հավաքվել էին գյուղեզրին. տղան Չարենց պետք է արտասաներ (ավանդույթի համաձայն՝ հետո էլ՝ Սեւակ)։ Ես խնդրեցի մարդկանց՝ «ֆոտոգենիկ» տեղեր զբաղեցնել։ Մարդիկ զմայլված լսում էին. մի ականջը՝ տղային, մի ականջը՝ ձորի լռությանը, մի աչքն էլ երկնքից՝ լուսանկարչին։ Ես այդ արարողության ստեղծողն էի, պատճառը, միջոցը, նպատակը, մասնակիցը, տղան, մարդիկ, ձորը, լռությունը։ Արդյունքում՝ մի պարզ լուսանկար։ Ոչ մի հանճարեղ բան, ոչ մի Մարգարեի հայտնություն, ոչ մի ռակուրս։ Ես գիտեի, թե ինչ եմ ուզում լուսանկարել։ Մի պահ հայտնագործեցի. հայի համար կարեւոր է, որ իր «բալեն» հայերեն խոսի, եւ Տիեզերքը լսի այդ խոսքը։ Այդ լուսանկարը «հանճարեղ» ածականը չի աղերսում եւ ոչ էլ մրցույթներին մասնակցելու համար էր։

– Իսկ եթե պատվե՞ր պիտի կատարես։

– Յուրաքանչյուր մասնագիտություն կիրառական ֆունկցիաներ ունի։ Եթե Տիեզերքի շինարարությանն աջակցում ես քո սիրած գործով, ուրեմն ամեն պատահականը քո կյանքում մի չնչին շեղում է այն ճանապարհից, որ դու ընտրել ես։ Մարդիկ դիմում են քեզ, որովհետեւ ինքնաճանաչման խնդիր ունեն։ Մարդիկ ուզում են տեսնել քեզ, լուսանկարչիդ՝ իրենց լուսանկարելիս։ Կան անգիտակիցներ, որ չեն հարգում աշխարհի խորհուրդը, սա գրենք բացառությունների շարքում։ Մարդն ամեն օր կարիք ունի հաշվելու աստղերը, հիանալու Արեւի ջերմությամբ եւ վազելու Մանկան Հրաշքի ետեւից։ Մարդը մարդու կարիքն ունի Տիեզերքում, եւ երկու մարդկանց միացնող ամենակարճ ճանապարհը Թատրոնի բեմն է։ Լուսանկարչությունն իր ծիսական էությամբ ավելի մոտ է թատրոնին, քան կինոյին։

– Թվայնացման տեխնոլոգիաները հեշտացնո՞ւմ, ավերո՞ւմ են դասական լուսանկարչության շփումները։

– Նախկինում լուսանկարվելիս մարդիկ պատրաստվում էին այդ ծեսին, արդյունքում՝ ինչ-որ անասելի մի խորհուրդ կրող այդ ժանգոտած լուսանկարները։ Հիմա foto-ների բազմությունն անսահմանափակ է. ոչ կատարման եւ ոչ էլ ընկալման լրջությունն է տեսանելի այդ քաոսում։ Միեւնույն է, լուսանկարչության էությունը մնացել է նույնը, լինի այն ապակո՞ւ, ժապավենի՞, թե՞ բջջային հեռախոսի file-ի վրա գրանցված ծիսակարգ։

– Իսկ լուսանկարն ի վիճակի՞ է լուրջ հարցադրումներ անել։

– Լուսանկարչությունն ամենազոր չէ, ինչպես խոսքը, արվեստը։ Նույնիսկ «Նորին մեծություն փողն» ամենազոր չէ։ Լուսանկարը ներկայանում է մամուլի, ցուցահանդեսների, Internet-ի միջոցով։ Անշուշտ, այն բեւեռացնող ազդեցություն ունի։ Հազարավոր օրինակներ կբերեմ։ Սակայն Մեծ Լուսանկարչության Մեծ պատվիրատուն հասարակությունն է։ Հասարակությունը կարիք ունի Արտիստի, Արվեստի, թե չէ ստացվում է՝ ինձ փող տվեք, որ ձեր գլխին արվեստ խաղամ (պարոնայք ընտրարշավիստներ, խեղկատակներին փող մի տվեք)։ Արվեստը կոնկրետ փողի կարիք չունի, արվեստը սիրո եւ տաղանդի կարիք ունի։ Իհարկե, մեր հասարակությունը, այսինքն՝ մենք, մեծ փոփոխությունների կարիք ունենք։

– Դասական հարցադրման համաձայն՝ փոփոխության հովերը որտեղի՞ց կարող են փչել. վերեւի՞ց, թե՞ ներքեւից։

– Սովորաբար սիրում ենք վերեւներից դժգոհել եւ դաս տալ ներքեւներին։ Ասածներս առաջինն ինձ եմ փորձում ուղղել։ Հիմա մի դեպք պատմեմ. Կասկադի Սեւ կատվի արձանի բացման արարողությունն էր ընթանում, ուր ես գործի բերումով լուսանկարում էի, կային պաշտոնյաներ, «թամաշա» հասարակություն, կանչվածներ, բանվորներ, մտավորականներ, լրագրողներ, լուսանկարիչներ, երաժիշտներ, նկարիչներ, անշուշտ՝ «աստղեր», դպրոցականներ… սակայն մեջքիս մեկ ժամ շատախոսում էին երկու «տղուկ» ասեմ թե տղամարդակնիկ. անընդհատ քննադատում էին, թե էդ ախմախները բան են գտել Կատվի արձան բացելու։ Հայհոյանքներ, ձեռառնոցի, բամբասանք պաշտոնյաների հասցեին։ Բացման պաշտոնական մասն ավարտվեց։ Պաշտոնյաներն ու ոչ պաշտոնավոր մարդիկ խառնվեցին եւ այնպես պատահեց, որ այդ երկու «տղամարդուկները» հայտնվեցին Վարդան Օսկանյանի դիմաց (բացման հիմնական անձը)։ Եվ ինչ, զարմացած իրենց հայտնված պատմական տեղից՝ դիմեցին. «Վայ, պարոն Օսկանյան ջան, ձեր ցավը տանեմ, էս ինչ լավ գործեր եք անում, այ էսպես բաներ արեք, որ քաղաքը սիրունանա»։ Այդ «տղուկները» ներքեւներում եղանակ ստեղծողներն են, դրանք են կեղծ թերթիկներ բաժանողները։ Սրանք մեր ազգի մեջ շատացել են։ Սրանք մեր ազգի վիշտն ու վտանգն են։ Սրանք ազգի թալանն էին պատերազմի ժամանակ (ես տեսել եմ)։ Սրանք մեր ազգի Վախն են բոլոր ժամանակների։

– Նկատել եմ, որ մասնագետները, կարգին բիզնեսմենները, մարդիկ, որոնք հաջողության են հասել իրենց գործում, հաճախ խուսափում են մամուլից։ Դուք էլ խուափում էիք զրուցել թերթի էջերում։ Ինչո՞ւ է այդպես։

– Մասնագետն իր՝ անվերջացող խնդիրներն է լուծում։ Չեմ կարծում՝ իրեն հարգող քաղաքագետը մի TV-ի, մյուս մամուլի էջերում թարմ ականջ փնտրի։ Նա իր՝ սեւագործի գործն է անում։ TV-ները, ամսագրերը շատ-շատ են, ասելիքը՝ քիչ։ Գիտնականը, Մաթեւոսյանի արդար գյուղացին, բանաստեղծը, Ռուբեն Հախվերդյանի երազկոտ տղան, գյումրեցի դարբինը, Սարյանի գույնը, Կոմիտասի հնչյունը, Փելեշյանի կինոն էս կենցաղի հետ կապ չունեն։ Այսօր կենցաղի դեմքը փնթի շինարարն է, փնթի վարորդը, գունափոփոխ երեսփոխանը, խաբող առեւտրականը, ծախու լրագրողը, ընտրականի «աստղ» երգիչը։ Էսօրվա կենցաղի դեմքը սրանք են ձեւավորում։ Մենք լռում ենք արվեստի հետ եւ չկամությամբ ամեն ժամ շփվում էս կենցաղի հետ։ Ինձ ձանձրացնում է էս կենցաղը։ Շատերն են փախչում. այդ Չկենցաղից։ Նրանք գնացել են գերմանացու, շվեյցարացու, ամերիկացու կարգով հաստատված (լավ կամ վատ) կենցաղում իրենց տեսնելու։ Նրանք գնացել են կրթվելու ուրիշ կենցաղով, մենք կորցրել ենք նրանց: Նրանք կարոտում են մեզ, ընդամենը։

– Կարելի՞ է սպասել, որ Հայաստանում որոշ բաներ փոխելու ունակ կլինեն հենց այդ մարդիկ, որոնք տեսել են կարգուկանոնի գեղեցկությունը եւ այլեւս չեն հանդուրժի փնթիությունը։

– Սուտ չասենք միմյանց. եթե գան, ապա՝ քչերը։ Կկարոտեն, կխեղդեն կարոտը, քանի որ նրանք ձգտելու են ինտեգրվել եվրոպական կենցաղին։ Այսօր հայը Հայաստանից փախչում է իր, մեր չնմաններից՝ քիթը քորող պահակից, կարգազանց վարորդից, կաշառակեր պաշտոնյայից, փողոցակեղտից։ Մյուս կողմից՝ աշխարհը բաց, գլոբալ տարածք է, եւ հայը նույնպես ազատ է իր կիսաընտրության մեջ։ Կենցաղով ամրապնդված մաքրությունը գեղեցիկ է։ Երբ ձյուն է գալիս, դու նայում ես ու մտածում ես՝ ինչ գեղեցիկ է։ Միաժամանակ վստահ ես, որ բոլոր մարդիկ էլ այդ ձյանը նայելով՝ նույն կերպ են մտածում։ Նույնն էլ պետության մեջ է։ Եթե մարդիկ տեսնում են, որ փողոցներով իրոք օրենքն է հոսում, բոլորը մտածում են՝ ինչ գեղեցիկ պետություն է։ Դրսի մարդն էլ է դա տեսնում։ Եթե փողոցի շինարարությունը գեղեցիկ, պաշտպանված ու մաքուր է ընթանում, դու ասում ես՝ ինչ գեղեցիկ շինարարություն է։ Իսկ եթե խախտումներով, մարդկանց առողջության համար վնասակար, սխալ նախագծերով շինարարություն ես տեսնում, համոզվում ես, որ օրենքը չի գործում, ու քաղաքային մշակույթը մեր կենցաղ չի մտել։

– Ու սպասե՞լ լավատեսական ապագային…

– «Վաղը լավ կլինի»՝ ասելով, մենք պարզապես ինքներս մեզ ապահովագրում ենք։ Վաղը լավ չի լինի, վաղը պարզապես ուրիշ կլինի։ Իսկ «ուրիշը» բոլորովին այլ կատեգորիա է։ Մենք հիմա բոլորս ինչ-որ գործով ենք զբաղված ու ինքներս մեզ արդարացնում ենք՝ մտածելով, որ մի բան կստացվի։ Միախմբված լինելու մաքուր փիլիսոփայական վիճակը (որը կար 1988 թվականին եւ որը կա նաեւ մեր ֆենոմենալ ամուր «Քոչարի» պարի մեջ) դժվար թե կրկնվի։ Մենք իսկապես չենք հավատում, որ մենք կիրթ, ուժեղ ենք ու վաղը կարող ենք ճիշտ ընտրություն անել։ Հիմա մենք վախեցած ենք ապրում։ Դադար վերցնենք, գնանք մեր տները, մեր երեխաների կողքին, մեր վառարանի շուրջ նստենք ու մտածենք, լռության ծեսի մեջ մեզ մարդ զգանք, մաքրաջրվենք։ Հասկանանք՝ ո՞վ ենք մենք։

Հ.Գ. Նորից վերադառնամ հարցին, թե ինչու չեմ ուզում հանդես գալ թերթի էջերում։ Որեւէ զրույց այսօր կենցաղաշատ է դառնում եւ նորից մեզ զրկում Արվեստի հետ լռելու հաճույքից։