Աղքատության հաղթահարման ծրագրի շրջանակներում

14/12/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Երեկ ՀՀ նախագահի ինը թեկնածուները ներկայացրել են իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը։ Ներկայացված տվյալներից արդեն իսկ ակնհայտ է դառնում, թե որքանով են թեկնածուները պատրաստ ընտրողների հետ անկեղծ զրույցի։ Համենայն դեպս, հայտարարագրերի ուսումնասիրությունից առաջին տպավորությունն այն է, թե ինը թեկնածուները ոչ թե ՀՀ նախագահի պաշտոնին են հավակնում, այլ ձգտում են ընդգրկվել «Փարոսի» ցուցակում։

Փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրություններում առաջադրված 9 թեկնածուներն օրերս Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ) գույքի եւ եկամուտների հայտարարագրեր են ներկայացրել ընտրություններին նախորդող մեկ տարվա համար: Թեկնածուների հայտարարագրերին ծանոթանալու խնդրանքով երեկ դիմեցինք ԿԸՀ նախագահի մամուլի խոսնակ Տաթեւիկ Օհանյանին:

Սակայն վերջինս փոխանցեց, որ դրանց ծանոթանալու համար խմբագրությունը պետք է նամակով դիմի ԿԸՀ նախագահին, որից հետո 5-օրյա ժամկետում կտրամադրվի մեզ հետաքրքրող տեղեկատվությունը: Սակայն ԿԸՀ-ից երեկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են վերոնշյալ հայտարարագրերը: Ըստ այդմ, ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է պաշտոնաթողությունից հետո պետությունից ստացած Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մոտ 813,5 քառակուսի մետր բնակելի սեփականություն, նույն վայրում՝ մոտ 10 հազար քառակուսի մետր հողամաս եւ Կորյունի փողոցում՝ 311 քառակուսի մետր մակերեսով հասարակական սեփականություն: Հաշվետու տարում առաջին նախագահն անշարժ գույք ձեռք չի բերել եւ իր ունեցածից չի օտարել: Առաջին նախագահն ունի նաեւ 1997 թվականի արտադրության «Լինքոլն Թաունքար» ավտոմեքենա, որը նրա հրաժարականից հետո իրեն սպասարկող մեքենան է: Լ. Տեր-Պետրոսյանն աշխատավարձի բաժնում նշել է, որ Մատենադարանում աշխատել է անվճար, անձնական դրամական միջոց չունի, ստացել է նախկին նախագահի կենսաթոշակ, Վարդանանց փողոցի վրա համասեփականացրած երկու տարածքներից ստացել է վարձավճար:

Իսկ նախագահի դաշնակցական թեկնածու, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ երկու բնակարաններ՝ Կորյունի եւ Խաչատրյան փողոցներում (120 քառակուսի մետր մակերեսով): Վ. Հովհաննիսյանը հայտարարագրել է նաեւ 3300 քառակուսի մետր մակերեսով տնամերձ հողամաս Կոտայքի մարզի Առինջ գյուղում: ԱԺ փոխխոսնակն ունի նաեւ 4 միլիոն դրամ, 8 հազար դոլար եւ 170 հազար եվրո: «Ժողովրդական կուսակցության» ու ԱԼՄ հոլդինգի ղեկավար Տիգրան Կարապետյանն էլ հայտարարագրել է 290 քառակուսի մետր մակերեսով համասեփականություն Այգեձորում: Կարապետիչը, ըստ հայտարարագրի, հաշվետու տարում Գրիբոյեդով փողոցի վրա ձեռք է բերել մոտ 43,5 քառակուսի մետր մակերեսով բնակելի համասեփականություն: Բացի սա, նա Կոմիտաս եւ Մամիկոնյանց փողոցների վրա ունի միանձնյա արտադրական սեփականություն, երկուսը միասին՝ 2003 քառակուսի մետրից քիչ ավելի մակերեսով: Նախագահի այս թեկնածուն հայտարարագրել է նաեւ 1000 քառակուսի մետրից քիչ ավելի արտադրական հողամաս՝ Կոմիտասում: Կարապետիչն ունի հինգ ավտոմեքենա, այդ թվում՝ 1975 թվականի արտադրության «Իկարուս» ավտոբուս եւ 1995 թվականի արտադրության «Մերսեդես Բենց 600»: Ըստ հայտարարագրի, նա ունի անձնական զրո դրամական միջոց, բացի տարեկան աշխատավարձից, նշված է վարձակալության դիմաց ստացած եկամուտ: ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարագրել է 96 քառակուսի մետր մակերեսով բնակելի համասեփականություն Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում: Վարչապետը հայտարարագրել է նաեւ մշակութային արժեքներ եւ հնաոճ իրեր: Ըստ այդմ, Սերժ Սարգսյանն ունի 18-20-րդ դարերի հնաոճ իրեր, ժամանակակից նկարիչների 32 կտավ, հայ նկարիչներից՝ Բաշինջաղյան, Սարյան, Մինաս, Հակոբյան, Գյուրջյան: Սերժ Սարգսյանը հայտարարագրել է նաեւ 1992 թվականի արտադրության «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա եւ 58 միլիոն դրամ:

Իսկ ահա «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, ԵՊՀ դասախոս ու ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարագրել է մոտ 50 քառակուսի մետրանոց բնակելի սեփականություն Լվովյան փողոցում: Ա. Հարությունյանը ունի «ԳԱԶ 31» մակնիշի մեքենա: Նա, բացի տարեկան աշխատավարձից, հայտարարագրում այլ եկամուտ եւ անձնական դրամական միջոց չի նշել:

«Ազգային ժողովրդավարական միության» նախագահ Վազգեն Մանուկյանն էլ հայտարարագրել է Բաղրամյան պողոտայի վրա գտնվող սեփական բնակելի տուն՝ մոտ 360 քառակուսի մետր մակերեսով, եւ սեփական ձեղնահարկ՝ մոտ 175 քառակուսի մետր մակերեսով: Վազգեն Մանուկյանն ունի նաեւ 178 քառակուսի մետր մակերեսով հողամաս: ԱԺՄ ղեկավարն ունի երկու «ՎԱԶ 21», որոնցից մեկը՝ «Նիվա»: Նա եւս, բացի տարեկան աշխատավարձից, այլ եկամուտ չի նշել: Անձնական դրամական միջոց՝ նույնպես:

«Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի ունեցածն էլ, ըստ հայտարարագրի, մոտ 106 քառակուսի մետր բնակելի սեփականություն է Մաշտոցի պողոտայում եւ 39 հազար դոլար՝ անձնական դրամական միջոց: Իսկ նախագահի «Օրինաց երկրացի» թեկնածու Արթուր Բաղդասարյանը դա էլ չունի: Նրա հայտարարագրում ընդհանրապես որեւէ անշարժ կամ շարժական գույք նշված չէ: Սակայն նշված է, որ Ա. Բաղդասարյանն ունի մոտ 8 միլիոն դրամ, 190 հազար դոլար: Որեւէ անշարժ կամ շարժական գույք նշված չէ նաեւ ԼՂ նախագահի նախկին խորհրդական, ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հայտարարագրում: Նա հայտարարագրել է 3,5 միլիոն դրամ: