Ղարաբաղում փոխհատուցվում են ավանդները

12/05/2005

Քաղաքացիների արժեզրկված խնայողությունների փոխհատուցման հարցը ղարաբաղյան
իշխանությունների առջեւ ծառացած խնդիրներից է: Չնայած Ղարաբաղի տնտեսական
ու սոցիալական բարդ իրավիճակին, հետպատերազմյան տարիներին միջոցներ
հայթայթվեցին այդ խնդրի լուծման համար:

Արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման գործընթացը սկսվեց 1998
թվականին: Մասնակի փոխհատուցման է ենթակա քաղաքացիների ավանդային
հաշիվների` 1993թ. հունվարի 1-ի դրությամբ մնացորդը. այժմ փոխհատուցվում է
մնացորդի ընդամենը 1000-ը, որի դիմաց տրվում է 25 հազար դրամ:

Արժեզրկված ավանդների փոխհատուցման առաջին փուլում ընդգրկվել են մինչեւ
1923թ. հունվարի 1-ը ծնված ավանդատուների, երկրորդ փուլում` 1923-28թթ.,
երրորդ փուլում` 1931-33թթ., չորրորդ փուլում` 1934-37թթ., հինգերորդ
փուլում` 1938-39 թթ. ծնված քաղաքացիների ավանդները:

Այս տարվա մարտի 21-ից «Արցախբանկ» ՓԲԸ Ստեփանակերտի քաղաքային, շրջանային
մասնաճյուղերում սկսվել է ավանդների փոխհատուցման հերթական փուլը, որում
ընդգրկվել են 1940-43թթ. ծնված ավանդատուներ: Ինչպես տեղեկացրեց
«Արցախբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարիչ Ռոբերտ Գրիգորյանը, այս
փուլում նախնական փոխհատուցում կտրվի նաեւ Արցախի պատերազմում զոհված
զինծառայողների եւ պատերազմի առաջին կարգի հաշմանդամների ավանդների դիմաց: