Երկու կարծիք

14/12/2007

ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւին համարում է «շատ ինտելիգենտ մարդ», որի թեկնածությանն առաջիկա նախագահական ընտրություններում հավանություն են տվել նախագահ Վլադիմիր Պուտինն ու իշխող քաղաքական ուժերը: «Ես ճանաչում եմ Դմիտրի Մեդվեդեւին: Մի քանի անգամ հանդիպել եմ նրա հետ: Նա շատ ինտելիգենտ մարդ է, որը այլ սերնդից է»,- «USA Today» թերթին տված հարցազրույցում ընդգծել է Ռայսը` հավելելով, թե Մեդվեդեւը «մի շարք հետաքրքիր ծրագրերի պատասխանատուն է, ինչպես նաեւ՝ մեծ աշխատանք է իրականացնում» «ողջ Ռուսաստանը ինտերնետին միացնելու ուղղությամբ»: Ի դեպ, «Յու Էս Էյ թուդեյ» թերթում հրապարակված հարցազրույցում էլ Ռայսը հայտարարել է, թե Ռուսաստանի ժողովրդավարական գործընթացները «հետքայլ են կատարել»: «Նույնիսկ Պետդումայի ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին»,- ընդգծել է նա` ավելացնելով, թե այդ պարագայում ընդդիմության համար շատ դժվար է իրականացնել իր գործունեությունը: «Ընտրություններին նախապատրաստվելու շրջանում նա մամուլից օգտվելու, հավաքներ անցկացնելու դժվարություններ ուներ, նրա ներկայացուցիչներին ձերբակալում էին: Դա այն իրադրությունը չէ, որի առկայությամբ կարելի է խոսել ազատ ու արդար ընտրությունների մասին»,- հայտարարել է Կոնդոլիզա Ռայսը: