Զուտ հայկական արդարադատություն

14/12/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Երեքշաբթի օրը թերթերը տարօրինակ վերնագրերով լույս տեսան: «Պարգեւատրեիք, էլի»,- առաջարկում էր թերթերից մեկը: «Բացարձակ ցինիզմ»,- արձանագրում էր մյուսի վերնագիրը: «Գյումրվա «հերոսները» դատապարտվեցին»,- ոչ այն է՝ վախենում, ոչ այն է՝ պատասխանատու վերաբերմունք էր ցուցաբերում երրորդ թերթը: Եվ այսպես շարունակ: (Խիստ իշխանամետ մամուլում այս լուրը չկար): Հանցագործների ու նրանց գործած հանցագործության հանդեպ հերթական հաղթանակն էր տարել արդարադատությունը: Հավուր պատշաճի` կույր ու անաչառ հայկական արդարադատությունը: Ահագին զվարճալի հաղթանակ է: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդեն դատարանի վճռով քրեական հանցագործի հայր ու հորեղբայր է:

Հասարակությանն այսուհետ նույն կարգավիճակով է ներկայանալու նաեւ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության բաժնի նախկին պետ Արտաշես Սարգսյանը: Իսկ մինչ այդ մեր իրավապահները կարգին աշխատել էին, քրեական գործ էին կազմել, բացատրական աշխատանքներ էին տարել հանցագործների ծնողների ու հարազատների շրջանակներում: Հատկապես բարդ էր բացատրական աշխատանքների էտապը: Որովհետեւ տարվում էր պետական ու քաղաքական պաշտոնյաների «կռուգում»: Այն իր պտուղները տվել էր: Մայիսին Գյումրիի կենտրոնական փողոցներից մեկում հրաձգությամբ հաշիվ պարզող տղերքն ինքնակամ հանձնվել էին Ոստիկանություն: Մամուլն արձանագրել էր, որ հանձնվելուց առաջ ՀՀ Դատախազություն էր հրավիրվել Գյումրիի քաղաքապետը` հրաձիգներից մեկի հայրը: Այդ պահից հասարակությունը բաժանվել էր երկու մասի` լավատեսների ու հոռետեսների: Լավատեսները կարծում էին, որ Դատախազությունում քաղաքապետը ծանր զրույց է ունեցել, եւ նրան կոշտ պահանջ է ներկայացվել՝ հանձնել որդուն: Իսկ հոռետեսները պնդում էին, որ Վարդան Ղուկասյանը դատախազություն ժամանել է բիզնես այցով, որը հաջողությամբ է պսակվել: Նրան հաջողվել է որդու համար որոշակի երաշխիքներ ու հնարավորինս բարենպաստ պայմաններ սակարկել: Նույն բանը հաջողվել էր փոխհրաձգության հակառակորդ կողմին, որ ներկայացված էր նախկին պաշտոնյա, բայց բարգավաճող Արտաշես Սարգսյանի անձով: Ժամանակն ապացուցեց, որ հոռետեսների ենթադրություններն ավելի իրատեսական են: Մեր իրավապահների ու արդարադատության թեթեւ ձեռքով հասարակական վայրում խուլիգանության մեջ մեղադրվող տղերքը դատապարտվեցին ընդամենը մեկ ու կես տարվա բանտարկության: Սա՝ այն դեպքում, երբ քրեական գործում նշված էր, որ «խուլիգանությունը զուգորդվել է բացառիկ ցինիզմով»: Այս պահին ավելորդ չեմ համարում ընթերցողին զգուշացնել, որ հարկավոր է ուշադիր կարդալ սույն հատվածը` «բացառիկ ցինիզմ» ասվածը դատավճռին չի վերաբերում, այլ մեղադրյալների վարքին: Ավելին` դա իմ գնահատականը չէ, այլ իրավապահների: Իմ երեւակայությունը չէր հերիքի քաղաքի բանուկ հատվածում կրակողներին խուլիգան անվանել: Թե պարզ մարդկային, թե քրեագիտական բառապաշարներում այդպիսի դեպքերի համար ավելի սազական բնորոշումներ կան: Նույնիսկ ամբողջական բառակապակցություններ, ուր ըստ կիրառողի բարոյակրթական ցենզի՝ հիշատակվում են կրակողների կերած կաթը, անմիջական (գենետիկ) հարազատները, նախնիները եւ այլն: Դեկտեմբերի 7-ին քաղաքապետը ոգեւորվել էր, որ հանրապետության ղեկավարությունն այցելել է Գյումրի: Վարդան Ղուկասյանը հայտնի է իր յուրօրինակ, տեղ-տեղ ճորտատիրական միջնադար հիշեցնող բառապաշարով: Բնակչության հետ հանդիպման ընթացքում նա ոգեւորված ասում էր. «Ժողովուրդ, իշխանությունների սիրտը գութ է ընկել»: Նա համաքաղաքացիներին կոչ էր անում հիանալ այդ փաստով ու օգտվել իշխանավորների գթասրտությունից: Իշխանություններինը չգիտեմ, բայց դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, որ «գութ էր ընկել» դատավորների սրտերը: Բայց մասամբ: Իշխանավորների ժառանգ «ոսկե երիտասարդների» ռազբորկային մասնակցող ընկերներն անհամեմատ ավելի մեծ պատժաժամկետներ ստացան: Առնվազն երեք անգամ ավելի երկարաժամկետ: Դատավճիռ կայացնողները գուցե սա բացատրեն որպես մանկավարժական հնարք: Հրաձգության մասնակից եւ իշխանավոր ծնող չունեցող տղերքի համար սա գուցե դաստիարակչական բնույթի պատիժ է: Այն արտահայտվում է «Քրեական հանցանք կատարելուց առաջ ճշտեք ձեր ծնողների հնարավորությունները» կամ «Իմացեք ում հետ եք ընկերություն անում» բանաձեւերով: Հայտնի բան է` ամեն ինչ իր արժեքն ունի: Թե՛ արվեստի գործը, թե՛ դատավորի գութը: Այնուամենայնիվ, տարօրինակ էր, որ Ղուկասյանի ու Սարգսյանի որդիները, թեկուզ խորհրդանշական, բայց ինչ-որ պատիժ ստացան: Կարելի էր ենթադրել, որ կենսագրական այդ փաստը նրանց անհրաժեշտ է քրեական աշխարհում կարիերա ապահովելու համար: Նրանք իրենց ընկերներին «քաշել» են: Գուցե հիմա դա անհրաժեշտ է քաղաքական կարիերայի՞ համար: Ուղղեք ինձ, եթե սխալվում եմ: