Տնտեսության զարգացման նպատակով Արցախում հարկերը զգալիորեն իջեցվել են,
ինչի շնորհիվ էլ ներկայումս պետբյուջե ավելի շատ մուտքեր են գրանցվում,
քան նախորդ տարիներին պնդում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։
Սակայն, ինչպես նշում են փորձագետները, այս պայմաններում տուժում է փոքր
եւ միջին բիզնեսը: Ամռանը Ղարաբաղում սպասվող խորհրդարանական
ընտրություններին մասնակցող կուսակցությունները տարբեր կարծիքներ ունեն
Ղարաբաղում վարվող տնտեսական եւ կադրային քաղաքականության վերաբերյալ:
Նման հարցերի շուրջ զրուցեցինք մի քանի կուսակցությունների
ներկայացուցիչների հետ:
Նորաստեղծ «Ազատ Հայրենիք» աջ կենտրոնամետ կուսակցության համանախագահ
Արթուր Թովմասյանը գտնում է, որ օրենսդրական դաշտի ստեղծմամբ ԼՂՀ-ում
հնարավոր է ունենալ ներդրումներ ապահովող դաշտ, որը գրավիչ կլինի տեղական
եւ արտասահմանյան ներդրողների համար:
Խոսելով տնտեսության ոլորտում մենաշնորհների առկայության մասին, Ա.
Թովմասյանը նշեց. «Մրցակցության պայմաններում տնտեսության զարգացումն
ավելի հեռանկարային է, եւ, իհարկե, յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է
վարի հակամենաշնորհային քաղաքականություն, բայց կան ռազմավարական
նշանակություն ունեցող բնագավառներ, որտեղ անհրաժեշտ է կիրառել
մենաշնորհային տարբերակը»: Տնտեսության զարգացման գործում կարեւոր
նշանակություն ունեցող վարկերի տրամադրման գործընթացի մասին Արթուր
Թովմասյանը նշեց, որ ինչպես ԱՊՀ երկրներում, այնպես էլ Ղարաբաղում,
վարկերը տրամադրվում են ոչ օբյեկտիվ կերպով: Նրա կարծիքով,
ժողովրդավարական պետություն, քաղաքացիական հասարակություն ստեղծելու համար
կարեւոր է, որ երկրում վարկ ստացողի երաշխավորը լինի ոչ թե իշխանությունը,
այլ օրենքը, որը կլինի գերակայող` ասպարեզում խնդիրներ լուծելու համար:
«Շարժում 88» կուսակցության ղեկավար, Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ
Աղաբեկյանի կարծիքով, ներդրումների ապահովումը պայմանավորված չէ միայն
հարկերի չափերով: «Պետք է իրականացնել քաղաքական ռեֆորմներ, հատկապես՝
պետական կառավարման ու իրավապաշտպանության ոլորտում: Եթե քաղաքական
ինստիտուտները «հիվանդ են»` նշանակում է, որ ներկայիս տնտեսության աճի
արդյունքներն արդար ձեւով չեն բաշխվում»,- մեր զրույցի ժամանակ նկատել է
կուսակցության ղեկավարը: Նա միաժամանակ փաստեց, որ սխալ է կատարվում նաեւ
սեփականաշնորհման գործընթացը. մրցույթների հնարավորություն քիչ է լինում,
իսկ պետությունն այդ գործընթացում «գիշերային պահակի դեր է կատարում»,
ինչն անթույլատրելի է պատերազմող երկրում:
Տնտեսության զարգացման գործընթացում, Է. Աղաբեկյանի կարծիքով, խիստ
անհրաժեշտ է հակամենաշնորհային քաղաքականությունը` ոչ միայն Ղարաբաղում,
այլեւ հայկական տնտեսական դաշտում ընդհանրապես, քանի որ «մենաշնորհները
փոքր եւ միջին բիզնեսի թշնամին են»:
ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ Գրիշա Հայրապետյանի կարծիքով, Ղարաբաղի
շրջափակման եւ կիսառազմական վիճակում բիզնեսի զարգացման համար ստեղծված
դաշտը լավագույնը չէ ներդրումների համար: «Առավել նպատակահարմար է, որ
պետությունը ցանկացած բիզնեսում բաժին ունենա` դրանով իսկ լինելով դրա
երաշխավորը: Եթե Դաշնակցության թեկնածուներն ընտրվեն խորհրդարան, ապա
կփորձենք հասնել դրան»,- ասել է Գ. Հայրապետյանը:
Օրերս ՀՅԴ Արցախի ԿԿ-ն եւ «Շարժում 88» կուսակցությունը հանդես են եկել
հայտարարությամբ, որտեղ դատապարտում են ԼՂՀ իշխանությունների կողմից
վարվող ներքին քաղաքականությունը: «Արցախյան հանրությանը պարզ է, որ,
ժողովրդի կարիքները հոգալու փոխարեն, միշտ չէ, որ օրվա իշխանությունները
իշխանական, ստվերային շահերը ստորադասում են պետական, համազգային ու
հասարակական գերխնդիրներին: Այսպես, հակառակ տնտեսության ազատականացման,
մենաշնորհների վերացման, փոքր եւ միջին բիզնեսի խթանման, սոցիալական
ուղղվածության, տնտեսական հարաբերությունների մասին երկրի ղեկավարության
հավաստիացումների՝ ԼՂՀ-ում տնտեսական էական զարգացում չի արձանագրվում,
առկա են նյութական հարստությունների գերկուտակումներ մի խումբ մարդկանց
ձեռքում, բացակայում են տնտեսական զարգացման թափանցիկ ու ընկալելի եւ
ընդհանրապես՝ ԼՂՀ զարգացման հատուկ ռազմավարական ծրագրերը: Երկրի
քաղաքական ղեկավարն իր պաշտոնավարության յոթ տարիների ընթացքում այդպես էլ
չի կարողացել դառնալ ամբողջ հանրության առաջնորդը, որի ողջ
գործունեությունն ուղղված լիներ ԼՂՀ-ում ժողովրդավարական հասարակության
ձեւավորմանը»,- ասվում է հայտարարության մեջ:
2004-ի նոյեմբերին Արցախի քաղաքական դաշտում հայտնված «Սոցիալական
արդարություն» կուսակցության ղեկավար, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը
ղարաբաղյան «Դեմո» թերթին տված հարցազրույցում նշել է, որ Ղարաբաղում
ձեւավորված է մարդկանց մի խումբ, որը տիրում է ամբողջ տնտեսությանը: «Հարց
է` ի՞նչ սկզբունքներով են նրանք հարկ մուծում պետությանը: Եթե մեզ հաջողվի
տեղեր զբաղեցնել խորհրդարանում, ապա ուշադրությունը սեւեռելու ենք
գլխավորապես այդ ոլորտի վրա: Ասվածից հետեւում է, որ համապատասխան
փոփոխությունների պիտի ենթարկվի նախեւառաջ Հարկային օրենսդրությունը», –
նշել է Կ. Օհանջանյանը:
Հանրապետության սոցիալական ոլորտում անհավասարակշիռ քաղաքականությունը
շատերը բացատրում են անցման շրջանի գործոնով, սակայն հարկ է նկատել, որ
դրա հիմնական պատճառներից մեկն էլ կադրային սխալ քաղաքականությունն է,
ինչի հետեւանքով պետությանը հասցվող նյութական ու բարոյական վնասներն
ահռելի են: Այս կարծիքն է արտահայտել «Մեր տունը Հայաստանն է»
կուսակցության նախագահ Արարատ Պետրոսյանը:
Կուսակցությունների շրջանում մեր կատարած հարցումներից պարզվեց, որ բոլորը
միանշանակ սխալ են համարում ներկայում վարվող կադրային քաղաքականությունը՝
նշելով, որ կադրերը պետք է ընտրվեն ոչ թե կուսակցական կամ հավատարմության,
այլ՝ զուտ պրոֆեսիոնալիզմի սկզբունքով: ՀՅԴ Արցախի ներկայացուցիչ Գրիշա
Հայրապետյանը, կարեւորելով կադրային քաղաքականության բնագավառը, շեշտեց,
որ հասարակության մեջ կան հիանալի մասնագետներ, որոնք պետք է աշխատեն
տարբեր մարմիններում, սակայն, դժբախտաբար, այսօր Ղարաբաղում կադրերն
ընտրվում են ոչ թե մասնագիտական ունակություններով, այլ՝ բարեկամական
կապերով ու հավատարմության երաշխիքներով: «Շարժում 88» կուսակցության
ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը գտնում է, որ այսօր Արցախի համար առաջնային ու
կենսական հարցը Ղարաբաղյան խնդրի կարգավորումն է, եւ կադրային ու այլ
հարցերը չպիտի պատճառ դառնան այդ հարցում հասարակության պառակտմանը: