Վիրտուալ իրականություն

14/12/2007 Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

– Պարոն Բագրատյան, օրերս թերթերից մեկում գրվել էր ժամանակին Երեւանի Արարատ գինու կոմբինատը 60 հազար դոլարով սեփականաշնորհելու մասին, որի արդյունքում տասնյակ միլիոնավոր դոլարների յուրացում է եղել։ Ընդ որում, վարկած էր առաջ քաշվում Ձեր փայամասնակցության մասին, որ Ձեր ծանոթին էիք աշխատանքի նշանակել եւ այլն։ Հիշում ենք, թե այդ կապակցությամբ ինչպիսի աղմուկ էր երկրում բարձրացել:

– Ավելի նողկալի հերյուրանք, քան այդ հոդվածում շարադրված «փաստերն» են, դժվար է պատկերացնել։ Նախ, կառավարության 1996թ. հուլիսի 26-ի թիվ 226 որոշմամբ այդ գործարանը գնահատվել է ոչ թե 177,5 մլն դրամ, ինչպես նշում են, այլ 855 մլն դրամ, որից 341-ը պետք է մուծվեր պետությանը, իսկ 514 մլն-ը` պարտատերերին։ Ի դեպ, այս 514 մլն-ի շուրջ կեսը նույնպես պետական բյուջեն է եղել։ Ասեմ, որ նշված 514 մլն-ը (1272 հազար դոլար) պետությանն է մուծվել մաքուր փողով։ 341-ը սեփականաշնորհվել է բաց բաժանորդագրության եղանակով, միանգամից երկու քաղաքում։ Վաուչերների շուկայական արժեքը գնման պահին եղել է նոմինալից ոչ թե 10, այլ երեք անգամ ցածր։ Այսպիսով, գործարանը գնորդի վրա նստել է (եթե հոդվածում բերված 177,5 մլն թիվը ճիշտ է) նվազագույնը 1418 հազար դոլար (այն ժամանակ դոլարի կուրսը 404 էր)։ Սա մյուսների համեմատ ավելի բարձր թիվ է։

– Ուզում եք ասել, որ այլ գինու գործարաններ կամ Երեւանի կոնյակի գործարանը, որը վաճառվել է 28 մլն դոլարով, ավելի՞ էժան են վաճառվել։

– Միանշանակ։ Նախ՝ վերը նշված թվերը հաշվարկվել են այն ժամանակ գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Նույն կերպ եւ ավելի էժան են սեփականաշնորհվել, ասենք, Իջեւանի գինու գործարանը, Տափերականի գինու գործարանը, Գետափի գինու գործարանը, Լենուղու գործարանը (ներկայիս ՄԱՊ-ը), Վեդու շամպայն գինիների գործարանը («Վեդի ալկո») եւ այլն։ Այն ժամանակ դրանց արժեքը հաշվառվում էր՝ ելնելով սպիրտահումքի պաշարներից եւ շահույթի կապիտալիզացիայից։ Ինչ վերաբերում է Երեւանի կոնյակի գործարանին, որը 1999 թվականին սեփականաշնորհվել է Ռ. Քոչարյանի կողմից, ապա այն նույնիսկ ավելի էժան է ստացվում. գնորդը 15 մլն լիտր սպիրտի համար վճարել է 28 մլն դոլար (1,87 դոլար 1 լիտրի համար)։ Արարատ գինու կոմբինատի պայմաններում 0,49 մլն լիտրի համար վճարվել է 1418 հազար դոլար (2,88 դոլար` 1 լիտրի համար)։ Չմոռանանք, որ վերջինս սեփականաշնորհվել է 1996-ին (իսկ 3 տարվա ընթացքում գների ցատկ կար), բաց բաժնետիրական եղանակով, իսկ գինու եւ սպիրտների կոլեկցիոն մառանը (մեր ազգային հարստությունը) պետական է թողնվել։ Ես, իհարկե, չեմ ասում, որ Երեւանի կոնյակի գործարանը սխալ է սեփականաշնորհվել։ Երեւանի կոնյակի գործարանը 30 անգամ ավելի հզոր ձեռնարկություն էր։ Ինքս այդ հետաքրքիր կազմակերպությունում աշխատել եմ 8 տարի։ Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանն իշխանության գալուց հետո ամեն ինչ անում էր, որպեսզի մեր կողմից սեփականաշնորհված ձեռնարկությունները չաշխատեն։ Իսկ Երեւանի գինու կոմբինատի նկատմամբ հատուկ սեր ուներ։ Երեւի ընթերցողին կհետաքրքրի նաեւ հետեւյալ դեպքը. 2000թ. օգոստոսի 10-ին կառավարության թիվ 457 որոշմամբ Սանկտ-Պետերբուրգի «Արարատ» գործարանը սեփականաշնորհվել է ընդամենը 300 հազար դոլարով. նկատի ունեցեք, 12 հազար քառ մետր տարածք Սանկտ-Պետերբուրգի կենտրոնում, կարծեմ, Ս. Պերովսկայա թիվ 10 հասցեում։ Ահա թե ինչի՛ մասին պետք է խոսել։

– Նաեւ ասվում էր, որ Արարատ գինու կոմբինատի տնօրենը Ձեր զոքանչի ծանոթն էր Մասիսի նյութատեխնիկական բազայից եւ Հայկոոպի ալկոհոլախմիչքային արտադրական միավորումից, այն, որ դուք փայատեր եք…

– Իմ զոքանչը երբեք Մասիսի նյութատեխնիկական բազայում կամ Հայկոոպի ալկոհոլախմիչքային արտադրական միավորումում չի աշխատել։ Գործարանի տնօրեն է նշանակվել այդ գործին տիրապետող մարդ: Մինչ այդ լուրջ հափշտակումներ էին տեղի ունեցել, եւ հին տնօրենը, կարծեմ, դատվել էր։ Ես իմ զոքանչի կարիքը չունեի, երբ նախարարը նոր տնօրեն էր ներկայացրել: Առանց նրա էլ դժվար չէր իմանալ նոր տնօրենի մասին։ Փայատիրության մասին ասվածները, դժբախտաբար, հերյուրանք են։ Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ փայատերը, ասենք, Ռ. Քոչարյանն է։ Եթե ես փայատեր եմ, ապա օգնեք ստանալու այդ փայը։ Խոստանում եմ այդ պարագայում ստացածի կեսը ձեզ տալ։

Կարծում եմ, որ նման հրապարակումներն իշխանությունների պատվերն են։ Նախ՝ նրանք դրանով ուզում են կոծկել իրենց հանցանքները. Հայկական ավիաուղիներ, Արդշինինվեստբանկ, Երեւանի լամպերի գործարան, Հայխնայբանկ, Զանգեզուրի ՊՄԿ, Լեչկոմիսիա, Սուրբ Աստվածամայր հիվանդանոցային համալիր եւ այլն. սրանք 0 դրամով կամ իրենց վաճառքի ժամանակ եղած գների համեմատ չնչին գումարներով իրենց բարեկամներին կամ դրածոներին սեփականաշնորհված օբյեկտներ են։ Երկրորդ՝ զգուշացնում են բոլոր սեփականատերերին. հենց անցնեք երկրում ծավալվող դեմոկրատական շարժումների կողմը, կսկսենք այսպիսի խառնակչություններ։ Երրորդ՝ չի բացառվում, որ խնդիր կա առանց կոպեկի սեփականացնելու վերը նշված Արարատ գինու կոմբինատի կոլեկցիոն մառանը, որը 1996թ. որոշմամբ պետական է թողնված։ Այսօր Հայաստանում վիրտուալ լրատվություն է. հեռուստատեսության բոլոր ալիքները պետության հսկողության տակ են, իրենք իրենց թերթերում հոդված են գրում, հետո իրենք էլ կարդում են բոլոր ալիքներով եւ ենթադրություն անում, որ դա ճշմարտությունն է։