Տուգանքը մնաց ուժի մեջ

14/12/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՀ) նիստում քննարկվեց կարագ եւ ձեթ ներկրող ու իրացնող 16 ընկերությունների վարչական բողոքը:

Մինչ այդ, հոկտեմբերի 19-ին հանձնաժողովը կարագ ու ձեթ ներկրող եւ իրացնող 50 տնտեսվարող սուբյեկտների տուգանել էր հակամրցակցային համաձայնության արդյունքում իրացման գները չհիմնավորված բարձրացնելու համար: Հիշեցնենք, որ անցած 4-5 ամիսների ընթացքում կարագի ու ձեթի գները բարձրացան գրեթե կրկնակի անգամ: ՏՄՊՀ-ն պարզել էր, որ այդ ամիսներին այդ ապրանքների մաքսային արժեքը չի փոխվել, եւ, ուրեմն, այդ թանկացումներն անհիմն են: Այդ պատճառով ընկերությունների համար տուգանք էր սահմանվել` նախորդ տարվա հասույթի 2 տոկոսի չափով: Կարագն ու ձեթը թանկացրած եւ տուգանված ընկերություններից են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս գրուպ» ընկերությունը, «Երիցյան եւ որդիներ», «SAS», «Սթար դիվայդ» խանութները, «Մառնիկ», «Վալետտա», «Արմեն ՕՍՍ» ընկերությունները եւ բազմաթիվ այլ ներկրողներ ու իրացնողներ: Հանձնաժողովը պարզել էր, որ «Սալեքս գրուպի» ներկրած կարագի մաքսային արժեքը 1կգ-ի համար կազմել է 582 դրամ: Սակայն այդ ընկերությունն օգոստոս-հոկտեմբեր ամիսներին կարագի գինը աստիճանաբար բարձրացրել է մինչեւ 1700-2200 դրամ: Նույն ընկերության ներկրած «Ավեդով» ձեթի գինն այդ ամիսներին 550 դրամից հասել է 950 դրամի, այն դեպքում, երբ մաքսային արժեքը 14 դրամով նվազել է: Նույն ձեւով թանկացել են նաեւ մյուս տնտեսվարողների ներկրած եւ իրացրած կարագի ու ձեթի գները: Եվ ահա այս ընկերությունները վարչական բողոք են ներկայացրել հանձնաժողովին՝ տուգանքի որոշումը չեղյալ համարելու համար: Այդ բոլոր ընկերություններն ինչ-որ կերպ հիմնավորել էին, թե գների բարձրացումն իրենց հետ կապ չունի: Օրինակ, «Ֆելիքսարդ» ընկերության ներկայացուցիչն ասում է, որ իր ներկրած 19 հազար 200 կգ կարագը չի իրացվել եւ ներկայումս պահեստավորված է: «Սալեքս գրուպից» նիստին ներկայացուցիչ չկար, սակայն բողոքն ու հիմնավորումը գրավոր էին ուղարկել: Ընկերությունից գրել էին, թե իրենք կարագ չեն ներկրել, սակայն խանութներում իրացրել էին շուկայից ձեռք բերած կարագը: Այսինքն` շուկայից թանկ գնով են ձեռք բերել, այդ պատճառով էլ թանկ են վերավաճառել: Ինչպես վերը նշեցինք, հանձնաժողովը հոկտեմբերի 19-ի նիստում Մաքսային պետական կոմիտեից տվյալներ էր ստացել, որ այս ընկերության ներկրած կարագի մաքսային արժեքը 582 դրամ է: Ի՞նչ է արել «Սալեքս գրուպն» այս արժեքով ներկրած կարագը, եթե, ինչպես իրենք են գրում` իրացման համար շուկայից են կարագ ձեռք բերել: Այս դեպքում, ստացվում է, որ ընկերությունը հանձնաժողովին սխալ հիմնավորումներ է ներկայացրել տուգանքից խուսափելու համար: «Լիկար» ընկերության հաշվապահ Աշոտ Աթանեսյանը փորձում էր համոզել, որ այդ ամիսներին իրենց խանութների ցանցում ձեթը վաճառվել է 300-400 դրամով: «Դուք ուզում եք ասել, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի որեւէ խանութում այդ գնով ձե՞թ է վաճառվել,- հարցրեց հանձնաժողովի փոխնախագահ Պավել Ղալթախչյանը: -Ես չեմ հավատում, համոզեք ինձ»: «Միգուցե այդ ամիսներին ձեթ չե՞նք ունեցել»,- պատասխանեց ընկերության ներկայացուցիչը:

«Քեթրին», «ՍԱՍ գրուպ», «ՎԱՍ գրուպ» եւ մյուս ընկերությունները նույնպես ներկայացնում էին ինչ-որ փաստարկներ, որոնցով փորձում էին ապացուցել, թե իրենք գների թանկացման հետ կապ չունեն: Եվ զավեշտը սկսվեց այն բանից հետո, երբ ներմուծողները սկսեցին ասել, թե ներմուծում չեն ունեցել, իսկ իրացնողներն էլ, իրենց հերթին, ասացին, թե ապրանքը թանկ գնով ձեռք են բերել ոչ թե անմիջապես ներմուծողից, այլ՝ շուկայից: Եվ այս անծայրածիր լաբիրինթոսի արդյունքում իրացվող 1 կգ կարագի գնի մեջ կորցրել են մոտ 1000 դրամ, իսկ ձեթի գնի մեջ՝ մոտ 500 դրամ: Նիստի ժամանակ որոշակիորեն հիմնավոր էր «Արմեն ՕՍՍ» ընկերության հակափաստարկը, թե իրենք իրենց ներկրած կարագի մի մասն օգտագործել են սեփական արտադրության համար, մի մասն էլ վաճառել են «Թամարա» ընկերությանը: Իրենց կարագը շուկա դուրս չի եկել եւ չէր կարող ազդել գների բարձրացման վրա: «Ներկայացված հակափաստարկները որոշ դեպքերում հիմնավորված չեն, նույնիսկ անհեթեթ են»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Նրա համոզմամբ` հանձնաժողովը պատժամիջոցներ սահմանելու հստակ հիմնավորումներ է ունեցել: Ըստ պրն Շահնազարյանի` ՏՄՊՀ մոնիտորինգի արդյունքները, ինչպես նաեւ՝ Մաքսային եւ Հարկային մարմինների ու մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից ստացված տեղեկատվությունը հերքում է ներկայացված բողոքներում նշված փաստարկները: Եվ հանձնաժողովը մերժեց վերը նշված ընկերությունների վարչական բողոքները, իսկ սահմանված տուգանքը մնաց ուժի մեջ:

ՏՄՊՀ-ն որոշել է նաեւ մոնիտորինգ իրականացնել մի շարք ապրանքային շուկաներում, հատկապես գերիշխող դիրքի առկայությամբ եւ մեծ կենտրոնացվածություն ունեցող շուկաներում գների չհիմնավորված բարձրացման երեւույթները կանխելու նպատակով: Այս մոնիտորինգը ձեռնարկվել է ամանորյա տոների առիթով, որպեսզի տնտեսվարողները նախատոնական օրերին մեծ պահանջարկի պատճառով չփորձեն թանկացնել իրենց ապրանքներն այնպես, ինչպես դա անում են ամեն տարի: Եվ, ինչպես դա եղավ անցյալ տարի ձվի դեպքում, երբ երեք արտադրողները միասին հակամրցակցային համաձայնության արդյունքում մինչեւ 15 դրամ բարձրացրել էին ձվի գինը: Հանձնաժողովը նաեւ նախազգուշացրեց այս եւ մյուս ապրանքային շուկաներում գործող գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաեւ՝ մյուս տնտեսվարող սուբյեկտներին ձեռնպահ մնալ գների չհիմնավորված բարձրացումից եւ վերանայել իրենց կողմից իրացվող ապրանքների գները:

ՏՄՊՀ-ն ուսումնասիրել է նաեւ մարդատար ավտոմեքենաների շուկաները եւ պարզել է, որ «Արմենիա Լադա» եւ «Կարկոմավտո» ընկերությունները հանդես են գալիս որպես անձանց խումբ, որն էլ ռուսական արտադրության նոր մեքենաների շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում: Միեւնույն ժամանակ, «Արմենիա լադա», «Կարկոմավտո», «Մուրան», «Մեգնա», «Ֆորա», «Նավերիկ», «Գալոպեր» ընկերությունները հանդես են գալիս որպես անձանց խումբ՝ մեկ տնտեսվարող սուբյեկտ, որը գերիշխող դիրք է գրավում ոչ ռուսական արտադրության մեքենաների շուկայում: Վերոնշյալ անձանց խումբը ոչ ռուսական արտադրության շուկայում ունի 46,1 տոկոս: Հանձնաժողովը նախատեսում է հաջորդ նիստերում այս խմբին գրանցել՝ որպես գերիշխող դիրք ունեցողներ: