«Նախագահի կերպարը շատ է ընկել»

14/12/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ո՞ւմ կընտրեք 2008թ. փետրվարի

19-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններին: Այս հարցի պատասխանը մեր այս խորագրի շրջանակում փորձեցինք ստանալ վարորդներից, որոնցից շատերն, ինչպես միշտ, ի տարբերություն քաղաքական շատ ու շատ գործիչների, ունեն քաղաքացիական հստակ դիրքորոշում եւ բավականին հետաքրքիր վերլուծություններ են անում իրենց համակրած թեկնածուի քաղաքական գործունեության վերաբերյալ:

Հույս ունեմ, որ կմիավորվեն

Վարորդ Համլետը, ով ընդդիմության հանրահավաքին մասնակցել է եւ դրական տպավորություններ է ստացել, վստահեցնում է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ազդեցությունը կարողացավ միավորել ընդդիմադիր ուժերին. «Նրանք, ովքեր աթոռի չեն ձգտում, այլ ուզում են իսկապես մեր երկրում ինչ-որ բան փոխել` կանգնեցին Լեւոնի կողքին, իսկ նրանք, որոնց նպատակը մենակ պաշտոնն ա եղել՝ խռովկանների պես իրանց անձնական ճանապարհը բռնեցին: Ես հավատում եմ, որ Լեւոնը շատ մեծ ուժ ա ու Հայաստանում լուրջ փոփոխություն ա անելու: Իր հեղինակությունը, փորձն ու կշռադատված լինելն էսօր ավելի քան երբեւէ մեր քաղաքական դաշտին պետք ա: Ես ամեն անգամ հիանում եմ, երբ իրա կողքին տեսնում եմ Խաչատուր Սուքիասյանին, որովհետեւ հասկանում ես, որ էս օլիգարխը վախենալու բան չունի, ինքն էս իշխանությունների կամակատարը չի ու չի ծախվում: Էսօր իրա ամենամոտ մարդիկ իրան դավաճանում են, որովհետեւ վախենում են կորցնել իրանց ունեցվածքը, բայց մեկ ա` ինչքան իրան վախացնում են՝ ինքը հետ չի կանգնում: Կարող ա մի քիչ ռոմանտիկ բան եմ ասում, բայց էնքան եմ ուրախանում, որ էդ միտինգների ժամանակ Լեւոնի կողքին տեսնում եմ Ստեփան Դեմիրճյանին, Արամ Սարգսյանին, Դավիթ Հակոբյանին, ու վստահ եմ, որ մինչեւ ընտրություններ իրան կմիանան Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանն ու մյուսները, որովհետեւ կհասկանան, որ միակ ելքը Լեւոնի իշխանության գալն ա, մեկ ա, իրանք ձախողվելու են»:

Օրինակելի միակ մարդը

Վարորդ Գեւորգն ասում է, որ շատ հիասթափված է մեր երկրի ղեկավարներից։ «Որովհետեւ բոլորն էլ դատարկ են թե՛ իրանց մարդկային տեսակով ու թե՛ իրանց բռնած քաղաքականությամբ: Սրանցից ոչ ոքի էլ չեմ ընտրելու, որովհետեւ էսքան տարիների ընթացքում հասցրել եմ լավ հիասթափվել: Ընդհանրապես յուրաքանչյուր քաղաքական գործչի մասին պատկերացում կազմելու համար հասարակ մարդը հաշվի ա առնում իրա մարդկային հատկանիշները, հետո նոր՝ քաղաքական ծրագրերը: Հավատացե՛ք, որ մեր նման մարդիկ էդքան չեն խորանում իրանց գաղափարախոսությունների, ծրագրերի մեջ, ավելի շատ նայում ենք իրանց արարքներին: Օրինակ՝ հիշում եմ Դրոյի վերահուղարկավորության ժամանակ քաղաքական գործիչների, պաշտոնյաների շարասյունը եկել էր էդ միջոցառմանը մասնակցելու: Էդ ժամանակ ես ծառայողական մեքենա էի վարում ու ուշադիր զննում էի նրանց շարժուձեւը: Իրանց սեւ տանկերով ճռռցնելով հերթով գալիս էին, ամեն մեկի հետեւից ու առաջից՝ մի քանի ախրանաներով, ու լայեղ չէին անում էդ ժողովրդի միջով քայլել: Էդ միջոցառման միակ օրինակելի մարդը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, որը եկավ, մեքենան կանգնացրեց ու իջավ: Բոլորը մեքենաներով էին մոտենում էդ տեղին, բայց նա մեքենայից իջավ, իրա մանկահասակ երեխեքի ձեռքից բռնած սկսեց ժողովրդի միջով քայլել: Էդ շատ մեծ արժանիք ա, գիտե՞ք, որ պաշտոնյան ժողովրդի մեջ իրան պահում ա շատ համեստ ու հասարակ: Նրանք իրանց տանկերով ժողովրդի վրայով անցնելով՝ մինչեւ վերջ գնացին, նոր իջան, իսկ Րաֆֆին մեքենան շատ հեռու կանգնացրեց ու ընտանիքի հետ սկսեց մարդկանց կողքով քայլել»,- հիացած իր տպավորությունների մասին պատմում է Գեւորգն ու վստահեցնում, որ մեր ղեկավարների վարքագծից շարքային քաղաքացին շատ հետեւություններ է անում: «Ափսոս, որ իրա ճանապարհը փակեցին, չի կարող թեկնածություն դնի, բայց հավատացե՛ք, որ պառլամենտում ինքն ամենահարգված պատգամավորներից մեկն ա»:

«Լեւոնը հանցագործություն պարտակող ա»

Վարորդ Մուշեղը փետրվարի 8-ին կայացած հանրահավաքից հետո եկել է այն եզրահանգման, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը ծանր հանցագործներ են: «Լեւոն Տեր-Պետրոսյանին լսելուց հետո մեկընդմիշտ համոզվեցի, որ սրանք մեկը մյուսից կրիմինալ են: Լեւոնը կանգնել ճարտասանություն ա անում, թե «ՀայՌուսգազարդի» միլիոնները ո՞վ ա գրպանել, բա թե՝ սիրելի ժողովուրդ, ձեզ խաբել են, ձեզ թալանել են, սրանք հանցագործներ են… Էնքան էի կատաղել, որ ուզում էի էդ միկոֆոնը վերցնել ու ասել՝ պարոն Լեւոն, էդ, որ մեզ թալանում էին, բա դու որպես ՀՀ առաջին նախագահ՝ ինչի՞ էիր հանգիստ տեղդ նստել ու գիտությամբ էիր զբաղվում: Բա էս քո ժողովուրդը չի՞, բա դու հայ չե՞ս, որ գիտեիր մարդկանց թալանում են, բայց էդ հանցագործությունը պարտակում էիր: Բա որպես ՀՀ քաղաքացի, որպես ՀՀ քաղաքական գործիչ՝ ինչի՞ չէիր դիմում Դատախազություն, կամ էդ քո դիվանագիտական կապերով ինչի՞ դրսում աղմուկ չէիր բարձրացնում, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդին հարստահարում են: Ինչի՞ չէիր կանգնում միլիոնավոր մարդկանց կողքին, ինչի՞ նրանց շահերը չէիր պաշտպանում: Այսինքն՝ ինքը գիտեր, որ մեզ թալանում են, բայց էդ հանցագործությունը պարտակում էր, որովհետեւ էդ ժամանակ հավես չուներ իշխանությունների հետ պայքարի մեջ մտնել, էդ ժամանակ ինքը շահ չուներ էդ պայքարից: Հիմա, երբ նախագահի աթոռը թափուր ա մնում, հանկարծ Լեւոնը հանցանք ա բացահայտում, որը կատարվել ա տարիների ընթացքում, որի մասին ինքը տեղյակ ա եղել, բայց լռել ա: Ախր ամոթ ա, էլի, ախր աթոռի համար պայքարողները պիտի մի քիչ ինքնասիրություն ունենան, որովհետեւ ժողովուրդը խոտակեր չի, ժողովուրդը հասկանում ա, թե ամեն խոսքի տակ ում շահն ա դրված: Մի պահ ընդունենք, որ Լեւոնը լուրջ հանցանք ա բացահայտում, բայց հարց ա ծագում՝ ինչի՞ հիմա: Մեր փողերը կերել-պրծել են, իսկ Լեւոնը հիմա ա հայտարարում, որ մեզ թալանել են: Լեւոնի կողքին կկանգնեի էն դեպքում, եթե ինքը՝ իմանալով հանդերձ, որ մեզ թալանում են, կկանգներ ու կկանխեր էդ երեւույթը: Թե չէ հիմա կանգնել ժողովրդի մոտ քծնում ա, ապացուցում ա, որ ինքը ժողովրդի մասին մտածում ա էն ժամանակ, երբ ժողովուրդն իրան պետք ա»,- Մուշեղը զայրացած մեկնաբանում է ՀՀ առաջին նախագահի ելույթն ու նաեւ անդրադառնում է այդ ելույթներում հնչեցրած այս կամ այն պաշտոնյայի գրավոր նամակների տեքստերին: «Անցած միտինգի ժամանակ Քոչարյանի նամակն էր կարդում, իբր ի՞նչ: Քոչարյանը կարար 10 հատ շնորհակալական նամակ ուղղել իրան, հետո՞ ինչ: Կամ ինքը նենց կեցվածք ա ընդունում, իբր Ղարաբաղի համար ինքը շատ բան ա արել: Թե՛ Լեւոնը, թե՛ Քոչարյանը պիտի մի բան հասկանան, որ, եթե իմ նմանները, այսինքն՝ հայ մարդը, հայաստանցին չուզենար Ղարաբաղի տարածքների ազատագրման համար պայքարել, ուրեմն՝ ցանկացած նախագահ տանուլ կտար»:

«Բուդկչին էլ կարա թեկնածություն դնի»

Վարորդ Սարգիսն էլ ասում է, որ հաջորդ նախագահական ընտրություններին դնելու է իր թեկնածությունը. «Ինչի՞ եք ծիծաղում, ես լուրջ բան եմ ասում: Ես գնալով համոզվում եմ, որ նախագահի պաշտոնն էնքան ա իջել, որ դաժե բուդկչին կարա իրա թեկնածությունն առաջադրի: Մարդու ծիծաղն էլ ա գալիս, որ նայում ա էդ ցուցակին: Էսօր Հայաստանում ապրող բոլոր քաղաքացիներն իրանց մեջ նախագահ են տեսնում, որովհետեւ նախագահի կերպարը շատ ա ընկել: Իսրայել Հակոբկոխյանի նման տղերքը որ իրանց ծիծաղի առարկա դարձնեն, պարզ ա, որ նախագահի կերպարը կդառնա բուդկչու կերպար: Մեկը հարցնող լինի, թե դո՞ւ ինչ պիտի անես էս ավերված երկրում: Մեր երկրում ամեն ինչ խառնվել ա իրար, մարդիկ իրանց տեղը չեն գտնում: Պիժոնները դառնում են հաղորդավարներ, հաղորդավարները դառնում են առեւտրականներ, առեւտրականներն՝ օլիգարխներ, քաղաքական գործիչները դառնում են իրար տակ փորողներ, իսկ մտավորականների ներվերը չեն դիմանում՝ փախնում են ու էլ հետ չեն գալիս: Ծառուկյան Գագոն էլ մարդ ա ման գալիս, որ փող տա, ու էդ ընթացքում իրա անունը մի քիչ շոշափեն: Ես մենակ մի բան չեմ հասկանում՝ ինքը չի՞ ջոկում, որ Իսոյին փող տալուց ինքն ավելի ծիծաղելի ա դառնում, քան Իսոն: Ուզում ա ասի, որ նախագահի պաշտոնն էնքան ծիծաղալու բան ա, որ կարելի ա Իսոյին էդ պաշտոնի թեկնածու դարձնելով՝ սաղին ծիծաղացնել ու ապացուցել, որ ինքը Իսոյից ավելի հումորով ա: Այսինքն՝ էդ էշ հումորի վրա կարելի ա միլիոն դնել ու մարդկանց ջղայնացնել: Ես մենակ մի բանում եմ համոզվել, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դարձավ ճիշտ ժամանակին: Այսինքն՝ ինքը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեց, ու հալալ ա իրան: Ես իրան ընտրելու եմ ու համոզված եմ, որ մարդկանց գերակշիռ մասն իրան ա ընտրելու»,- ասում է Սարգիսն ու առաջարկում է գրազ գալ, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կդառնա նախագահ:

Վարչապետը չի իջնում սրանց մակարդակին

Վարորդ Գուրգենը շատ էր զայրացել Լեւոն Տեր-Պետրոսյանի միտինգներից ու ելույթներից. «Չե՞ք տեսնում, թե իրար ինչեր են ասում, կյանքում ով ում լավություն կամ մի բան արել ա` իրար էրեսով են տալիս, տղամարդկություն էլ չի մնացել: Լեւոն Տեր-Պետրոսյանը նենց ա խոսում, քիչ ա մնում վրեն հրեշտակի թեւեր աճեն, ոնց որ մենք ուրիշ երկրից ենք, ինքն էլ պատմում ա, թե իրա օրոք ինչքա՜ն լավ երկիր ա եղել Հայաստանը: Սաղ իրանից սկսվեց, ինքը թույլ, վախկոտ մարդ ա միշտ եղել: Վանոն ու Վազգեն Սարգսյանը եթե չլինեին իրա կողքը, ինքն ընդհանրապես ոչինչ կլիներ: Հիմա, ոնց որ խեղկատակ լինի, Վանոյի անունը միտինգին տալիս ա ու գոռում` ծափ, ծափ, ծափ: Թե չէ` իրա արածների պատճառով չի՞ Վանոն էսօր թափառում, խի՞ պիտի Վանոյի ընտանիքն էսօր առանց իրա ապրեր, բա էրեխեն հոր էրեսը ամեն օր չտեսնե՞ր: Դրանում էլ ա սաղ Լեւոնը մեղավոր: Հիմա էլ կպել ա Սերժ Սարգսյանի ջանից: Տեսնում ա, որ վարչապետը չի իջնում իրա մակարդակին, ու էլի բզբզում ա, որ խոսացնի: Իրա գրագիտությունն ա ցույց տալիս: Ո՞ւմ ա պետք իրա ինտելիգենտ լինելը, ո՞ւմ ա ցուցադրում, իրանից էնքան խելոք մարդիկ կան, ժողովրդի աչքին թոզ ա փչում, թե՝ տեսեք, ես կրթված եմ, նրանք՝ անգրագետ: Նենց էլ խոսում ա, որ ցույց տա, իբր ժողովրդի մասին շատ ա մտածում: Ինքը շատ փառասեր մարդ ա: Իրա շրջապատը էս ժողովրդին բոմժ ա միշտ համարել, իրանք էլ իբր էս ժողովրդից բարձր են: Մի ՀՀՇ-ական կլիենտ ունեմ, ասում ա` Վազգեն Մանուկյանը կիսլատա ա` ուր կամ ինչի վրա լցնում ես` քայքայում ա: Վազգենը Լեւոնից խելացի ա ու հազար անգամ ավելի խորիմաստ քաղաքական գործիչ ա: Ուղղակի Վազգեն Մանուկյանն էլ չի ուզում իջնի Լեւոնի մակարդակին, թե չէ` ինչե՜ր կպատմեր: Դրանց սաղին նա շատ լավ գիտի: Վազգենը ճիշտ կանի՝ միանա Սերժ Սարգսյանին ու էդ Լեւոնենց իրանց տեղը դնի: Ա՛յ, դա ժողովրդի սրտով կլիներ: Իրան թանկացնում ա` ոնց որ նորահարս լինի, սաղին գնահատական ա տալիս` իրանից բացի: Բայց մենք արդեն իրա դավաճանությունը տեսել ենք, թող իզուր մեծ-մեծ չխոսա: Ժողովրդի սիրտը շահելու համար էժանագին տրյուկներ ա անում, թե՝ ինձ որ նախագահ ընտրեք, Քոչարյանենց առած սամալյոտը ծախելու եմ: Ժամանակին, որ իրանք լափում էին ու էլի արտասահմանից փող էին մուրում Ղարաբաղի ճամփեքը սարքելու համար, չէի՞ն ուտում էդ փողերը: Քոչարյանը հո էդ սամալյոտը տուն չի՞ տանելու, էս երկրին ա մնալու, ի՞նչ էժան բաներ ա խոսում, փրփուրներից ա կախվում: Ու ամենակարեւորը, որ Լեւոնը սուտ ա խոսում: Ինքը էլի նույն ինքնասիրահարված, փառք սիրող մարդն ա: Լավ ա, բացվում ա կամաց-կամաց, էս իշխանությունները թող թողեն քիչ-քիչ դրսեւորվի, իրա սիրուն խոսքերը ժողովուրդը իրան հետ կվերադարձնի»: Գուրգենն ասում է, որ վարորդներով հաճախ են քաղաքական թեմաներ քննարկում. «Ես ասել եմ, որ ընտրելու եմ Սերժ Սարգսյանին»: