Դիմավորենք ձմեռը՝ որպես իսկական գեղեցկուհիներ

14/12/2007 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Ձմեռվա ցրտի հետ կանանցից շատերի դեմքի մաշկը չորանում է, դառնում շատ զգայուն: Նման դեպքերում դեմքի մաշկը պահանջում է հատուկ խնամք:

Մաշկի համար գլխավոր ձմեռային պրոբլեմը ջրազրկումն է, որի պատճառով էլ այն կորցնում է իր էլաստիկությունը: Սովորաբար նման դեպքերում յուղոտ մաշկը դառնում է չոր, իսկ չոր մաշկը` գերզգայուն: Նախ՝ ցանկալի է ձմռանը, լվացվելու փոխարեն, դեմքը մաքրել տոնիկով: Տնային պայմաններում կարելի է պատրաստել սնուցող դիմակներ, որոնք կարող են մաշկը հանել գրգռված վիճակից:

Ձվի դեղնուցով եւ բուսական յուղով պատրաստված դիմակը շատ լավ է օգնում: Դրա համար անհրաժեշտ է թեյի 2 գդալ մրգահյութ (խնձոր, կիտրոն կամ գրեյպֆրուտ), կես ձվի դեղնուց, 2 թեյի գդալ յուղոտ կաթնաշոռ եւ 1 թեյի գդալ բուսական յուղ: Այս ամենը լավ խառնել ու քսել դեմքին եւ պահել 15-20 րոպե: Այնուհետեւ դեմքը լվանալ գոլ ջրով:

Ոչ մի դեպքում չի կարելի ձմռանը տանից դուրս գալ, եթե դեմքի խոնավացնող քսուք եք օգտագործել, որովհետեւ դրանք իրենց մեջ պարունակում են հիդրոմիացություններ, որոնք ձմռան ցրտին սառչում են: Անթույլատրելի է ձմռանն օգտագործել ամառային պաշտպանիչ քսուքներ: Դրանց ուղղվածությունն այլ է` ապահովել դեմքի մաշկի բավարար խոնավությունը:

Փոքր-քիչ դժվար է յուղոտ մաշկի խնամքը: Հաճախ են այսպիսի մաշկի վրա երեւում կարմիր ցան եւ ուգրիներ: Օրվա մեջ 2 անգամ դեմքը պետք է լվանալ սալիցիլինային օճառով, իսկ երեկոյան մաշկը մաքրել ձիաձետի թուրմով: 1 ճաշի գդալ ձիաձետը լցնել 1 բաժակ սառը ջրի մեջ ու եռացնել 20 րոպե, հետո քամել, եւ թուրմը պատրաստ է:

Դեմքին կարմիր բծերի ու քոր առաջանալու դեպքում այդ հատվածները կարելի է մաքրել բորացինկային լուծույթով:

Յուղոտ մաշկի համար կարելի է օգտագործել կաթնաշոռով դիմակ: 2 գդալ թարմ կաթնաշոռը, խառնել 1 ձվի դեղնուցի ու մի քանի կաթիլ ջրածնային պերեկիսի հետ: Դիմակը պիտի լինի ոչ շատ խիտ եւ լավ լուծված: Այն պետք է պահել դեմքին ու պարանոցին 15-20 րոպե, ապա լվանալ սառը ջրով:

Չոր մաշկին շատ օգտակար են հատկապես կաղամբով դիմակները: Կաղամբի մի քանի թերթ ողողել եռացրած ջրով, որպեսզի փափկի: Հետո այն արեւածաղկի ձեթով թաթախել ու դնել դեմքին ու պարանոցին: 20 րոպե հետո պետք է հանել այն եւ լվացվել երիցուկի տաք լուծույթով: