Շուշիի մշակութային օջախներին տեղում ծանոթանալու նպատակով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը վարչապետ Արա Հարությունյանի եւ մի խումբ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ երեկ այցելել է Շուշի: Նախնական պայմանավորվածության համաձայն` Շուշիի Վարանդա, Գարեգին Նժդեհ եւ Ալեք Մանուկյան փողոցներում գտնվող կիսավեր շենքերը կվերանորոգվեն եւ կշահագործվեն: Քաղաքի պատմական տեսքը պահպանելու առումով Բ. Սահակյանը կարեւորել է վերակառուցման համար շինանյութի ճիշտ ընտրությունը, մասնավորապես` Շուշիի կրաքարի օգտագործումը: ԼՂՀ նախագահը այցելել է նաեւ Շուշիի պատկերասրահ, որն անմխիթար վիճակում է: Այցելության ընթացքում տեսնելով այն շենքը, որտեղ տեղակայված են Շուշիի դրամատիկական եւ Սոս Սարգսյանի անվան մանկապատանեկան թատրոնները, շենքի վիճակից ելնելով` նախագահը տեղում թատրոնների գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշում է կայացրել: ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարեկ Գասպարյանի խոսքերով` մոտ ապագայում, թերեւս, Մշակույթի նախարարությունը Շուշի տեղափոխելու մասին որոշում կընդունվի: Ըստ նրա` նախարարությունն իր գործունեությունը պիտի սկսի Շուշիում: