Արդարադատության խորհրդի երեկվա նիստում քննարկվել են հանրապետության մի շարք մարզերի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների պաշտոնում նշանակելու համար Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները: Քննարկելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունները, որոշվել է հավանություն տալ Գարիկ Ավագյանի եւ Միշա Մարտիրոսյանի թեկնածություններին, Լոռու մարզի նույն դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար հավանության է արժանացել Նաիրա Ավետիսյանի, Տավուշի մարզի դատավորի պաշտոնում նշանակելու համար` Արման Կուրեխյանի, Գեղարքունիքի մարզի դատավորի պաշտոնում նշանակելու համար` Վանիկ Վարդանյանի, Սյունիքի մարզի դատավորի պաշտոնում նշանակելու համար` Մուրադ Հովակիմյանի թեկնածությունները: Քննարկելով Հարավային քաղաքացիական դատարանի` որպես սնանկության գործեր վարող դատավորի պաշտոնում նշանակելու համար Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած թեկնածությունը, խորհուրդը որոշել է հավանություն տալ Գոհար Ֆիդանյանի թեկնածությանը: Արդարադատության խորհուրդը այս թեկնածությունները կներկայացնի ՀՀ նախագահին: