Արդեն մի քանի օր է, ինչ եթեր է դուրս գալիս բելառուսական առաջին անկախ արբանյակային հեռուստաալիքը՝«ԲելՍատը»: Հեռուստակայանը գործում է Վարշավայում, ֆինանսավորումն էլ իրականացնում է Lեհաստանի կառավարությունը, սակայն «ԲելՍատի» ավելի քան 80 հոգանոց աշխատակազմի ճնշող մեծամասնությունը Բելառուսի քաղաքացիներ են: Աշխատել հայրենիքում հեռուստաընկերության լրագրողները չեն կարող. Բելառուսի էլեկտրոնային լրատվամիջոցները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության տակ: Հեռուստակայանի ղեկավարներից Ալեքսեյ Ձիկավիցկին նշել է. «Մեկ տարի առաջ արբանյակային ալեհավաք ուներ Բելառուսում բնակվող ընտանիքների 7.2 %-ը: Ամենահամեստ հաշվարկներով՝ դա կազմում է բնակչության ընդհանուր թվի մոտ 20%-ը»: Արբանյակային ալեհավաքներից օգտվողները հիմնականում միջին խավի ներկայացուցիչներն են կամ, ինչպես Ձիկավիցկին է նրանց բնութագրում՝ «հանրային կարծիք ձեւավորողները»: Լեհական աղբյուրները նշում են, որ առաջիկա ամիսներին «ԲելՍատի» հեռուստադիտողների թիվը կարող է հասնել 700 հազարի: «Մեզ հետաքրքրում է ցանկացած տեղեկատվություն, որ տարբերվում է պաշտոնական քարոզչությունից»,- նշել է հեռուստաալիքի խմբագիրներից Օլգա Իպատովան: Առաջիկա ամիսներին «ԲելՍատը» եթեր դուրս կգա օրական երեք ժամ՝ երեկոյան ժամը 6-9-ը: Հիմնական շեշտը դրվելու է լրատվական եւ վերլուծական թողարկումների հեռարձակման վրա: Քաղաքագետները, սակայն, կանխատեսում են, որ բելառուսական անկախ հեռուստաալիքի բացումը հերթական անգամ սրելու է պաշտոնական Վարշավայի ու Մինսկի առանց այդ էլ լարված հարաբերությունները: