Ճնշումները շարունակվում են

13/12/2007

Գյումրիի քաղաքապետարան-«Գալա» հեռուստաընկերություն («Չափ» ՍՊԸ), տարաձայնությունը երեկ տեղափոխվել է դատական ատյան: Նոյեմբերի 26-ին Գյումրիի քաղաքապետարանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ տնտեսական դատարան՝ խնդրելով վերացնել Գյումրիի քաղաքապետարանին սեփականության իրավունքով պատկանող Վազգեն Սարգսյան փողոց թիվ 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի նկատմամբ ունեցած իրավունքների խախտումները՝ պատվիրելով «Չափ» ՍՊԸ-ին՝ ապամոնտաժել հեռուստաաշտարակից իրեն պատկանող բոլոր սարքավորումները եւ հեռուստաաշտարակը վերադարձնել Գյումրիի քաղաքապետարանին: Դատական առաջին նիստի ժամանակ «Գալան» հաշտության համաձայնագիր է առաջարկել: Այն է, հեռուստաաշտարակը վարձակալել սույն թվականի նոյեմբերից մինչեւ մայիս, սակայն քաղաքապետարանի ներկայացուցիչը մերժել է առաջարկը: «Չափ» ՍՊԸ-ն հանդես է եկել հակընդդեմ հայցով: Հակընդդեմ հայցը մերժվել է դատարանի կողմից: Գործի քննությունը կշարունակվի այսօր: