Ինչու են հայերն ամեն ինչ կիսատ-պռատ անում

12/05/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

1988-ին ողջ հայ ազգը միացավ հանուն վեհ գաղափարների՝ անկախության, Արցախի
ազատագրման, ազատության: Փաստորեն աշխարհի նոր վերաձեւումը սկսվեց
մեզանից: Դրանից հետո միայն քանդվեց Բեռլինի պատը, փլուզվեց ԽՍՀՄ-ը, իսկ
ուզբեկներն ու ղրղըզները, բացի Ազգային ակադեմիայից, ունեցան նաեւ սեփական
նախագահ: Սակայն, ինչպես եւ յուրաքանչյուր նախաձեռնություն, այս մեկը եւս
արվեց կիսատ-պռատ: Մենք այսօր կիսատ-պռատ անկախ ենք, կիսատ-պռատ
պետություն ենք, կիսատ-պռատ է մնացել Արցախի հարցը:

Չեմ կարող ասել՝ այս խնդիրն ունի՞ խոր գենետիկ արմատներ, թե՞ թշնամի
հարեւաններն են մեղավոր, որ մեզ մոտ ոչ մի բան ավարտի չի հասցվում, բայց
այն, ինչ այսօր կատարվում է Հռոմում, երբ ողջ կաթոլիկ եւ ոչ կաթոլիկ
աշխարհը սգում է Պապի մահը, թույլ է տալիս ենթադրել, որ, չնայած
քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունել են հայերը, սակայն
այսօր մենք ամենա կիսատ-պռատ հավատացյալ ազգն ենք: Այս տարի մենք նշելու
ենք Գրերի ստեղծման 1600-ամյակը: Եթե ուշադրություն դարձնեք մեր առօրյա
խոսակցական լեզվին, կհասկանաք, որ չնայած մեր լեզուն հարուստ է, սակայն
այն գործածում ենք կիսատ-պռատ: Չնայած այդ նույն կիսատ-պռատ լեզվով
կիսատ-պռատ օրենքներ են ընդունում մեր կիսատ-պռատ պատգամավորները, որոնցով
եւ ստիպված է կիսատ-պռատ ապրել Հայաստանում կիսատ-պռատ մնացած հայ ազգը:
Բայց ավելի լավ է տխուր բաների մասին չխոսենք, չէ՞ որ ես լավատես եմ, ընդ
որում՝ ոչ կիսատ-պռատ:

Հասկացել եմ, թե ինչու մեր ֆուտբոլի ազգային հավաքականը չի կարողանում լավ
խաղալ: Որովհետեւ յուրաքանչյուր հայ տղա կհիշի, որ երեխա ժամանակ բակում
ֆուտբոլ են խաղում մեկ դարպասով, այսինքն՝ կիսատ-պռատ: Ա՛յ, երբ ՖԻՖԱ-ն
որոշում կընդունի միջազգային խաղերն անցկացնել մեկ դարպասով, կտեսնեք, թե
ինչքան լավ կխաղա մեր հավաքականը: Դեռ մի քանի տարի առաջ ես հույս ունեի,
որ գոնե դպրոցը չի քանդվի: Բայց երբ տեսնում ես մեր կրթության եւ
գիտության կիսատ-պռատ նախարարին, հասկանում ես, որ մեր երեխաներն անգամ
կիսատ-պռատ կրթություն չեն կարող ստանալ: Դե՛, իսկ գիտության մասին
ընդամենը մի քանի օր առաջ Ազգային ակադեմիայում շատ դիպուկ էր արտահայտվել
մեր վարչապետը:

Այսօր շատ է խոսվում մեր մշակութային կյանքի մասին: Տեղին է նշել, թե
ինչպես էին մեր կիսատ-պռատ շոու-բիզնեսմեններն ուզում բերել կիսատ-պռատ
հայ Կիրկորովին: Մի բան է զարմացնում այս պատմության մեջ: Նրանց դեմ
պայքարողներն իրենց գործը հասցրին ավարտին: Երբ դիտում ես հայկական
հեռուստաեթերը, հասկանում ես, որ ՀՌԱՀ-ի կիսատ-պռատ նախագահի կողմից տրված
կիսատ-պռատ լիցենզիաներով հազիվ էլ այդպիսի հեռուստատեսություններ լինեն:

Քայլելով Երեւանի փողոցներով, կասկած անգամ չի մնում, որ Քըրքորյանի
տրամադրած գումարների կեսը ծախսվեց ճանապարհների կիսատ-պռատ ասֆալտապատման
աշխատանքների վրա, իսկ մյուս կեսը՝ ինչ-որ մարդկանց ծակ գրպանները
կարելու: Երեւանի քաղաքապետարանը կիսատ-պռատ պայքարում է ապօրինի
շինությունների դեմ (բնականաբար, քանդվում են անտեր կիսատ-պռատ տիրովի
մարդկանց շինությունները միայն): Կիսատ-պռատ տնտեսություն ենք զարգացնում,
կիսատ-պռատ դոլարի կուրս գցում, կիսատ-պռատ դիվանագիտական
հարաբերություններ հաստատում, կիսատ-պռատ բարձր տեխնոլոգիա զարգացնում:

Բայց մյուս կողմից՝ Եվրոպայում լիարժեք գեղեցկուհի ունենք, ֆուտբոլի
երիտասարդական հավաքականը հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղում հոլանդացիների
հետ, մեր երգիչ-երգչուհիները պարգեւներով են վերադառնում հեղինակավոր
փառատոներից, իսկ մեր գործարարները շարունակում են աշխատել Հայրենիքում,
անկախ ամեն ինչից: Այնպես որ, կարողանում ենք, եթե ուզում ենք:

Անլիարժեքության բարդույթով մի քիչ տառապող հայ՝  Ա.Ք.