«1996 թվականին ընտրախախտումներ կատարել են շատ-շատ մարդիկ՝ իր գլխավորությամբ (Լեւոն Տեր-Պետրոսյանի.- խմբ.) ու հանձնարարությամբ: Բայց դատվելուց ես ու ինքն իրար հետ ենք դատվելու, քանի որ ինքը սովորեցրել է, մենք էլ արել ենք»,- panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես է պատասխանել Երեւանի Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, դեկտեմբերի 8-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահի կողմից հնչեցված այն հայտարարությանը, ըստ որի՝ «Թոխմախի Մհերը» 3 ամիս հետո դատվելու է, քանի որ խոստովանել է, որ 1996-ին ընտրակեղծիքներ է արել: «Ինքն էլ պետք է դատվի, որովհետեւ ես հո չե՞մ կարող մենակ «նասիլկա» պահեմ: Մեկը պետք է հետեւիցս պահի: Այո, ես կուզենամ իր հետ դատվեմ,- ասել է Մ. Սեդրակյանն ու հավելել,- Կեղծիքները կատարվել են իր հրամանով: Ես հիմա չեմ ուզում ասել իմ արածի ու չարածի չափը: Որ պահը գա, ես կասեմ, էդտեղ ինչ եմ արել կամ չեմ արել: Բայց նստելուց երկուսով ենք նստելու: Ինչ որ ասել եմ, լավ եմ արել ու իրականությունն եմ ասել: Ո՛չ քաշվում եմ, ո՛չ էլ վախենում եմ իրենից»: Իսկ հարցին, թե փոշմանե՞լ եք, որ 1996-ին կեղծել եք ընտրությունները Լ. Տեր-Պետրոսյանի օգտին, Մ. Սեդրակյանը երեկ պատասխանել է. «Ինքն ի՞նչ մարդ է, որ իր համար այդպիսի բան արվեր: Սիրիայից եկավ այստեղ, թոխմախցի ձեւացավ, հետի ընկերներն էլ իմացան, որ թոխմախցի է, ուրեմն՝ կարգին տղա է, էլի: Բայց նախագահ դառնալու համար սովորելը կամ շատ խելք ունենալն այնքան էլ անհրաժեշտ չի: Նախագահը, եթե լավ է սովորել, կարող է նախագա՞հ աշխատել: Ինքը կյանքի փորձ չուներ, որպես տղա ձեւավորված չէր»: