Պուտինն ընտրեց Ռուսաստանի նախագահին

13/12/2007

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է իր «իրավահաջորդի» անունը: Պուտինն ասել է, թե կցանկանար իրենից հետո այդ երկրի նախագահի պաշտոնում տեսնել առաջին փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւին: Այս հայտարարությունը Պուտինն արել է նախագահամետ չորս կուսակցությունների անդամների հետ հանդիպման ժամանակ: Դատելով Ռուսաստանում ժողովրդավարության ու ԶԼՄ-ների վիճակից, կարելի է եզրակացնել, որ 2008-ի մարտի 2-ին Ռուսաստանի նախագահ կդառնա հենց Մեդվեդեւը: Տեղական եւ արտասահմանյան վերլուծաբաններն ու լրատվական գործակալություններն արդեն չեն էլ կասկածում, որ Ռուսաստանի հաջորդ նախագահը կլինի հենց Դմիտրի Մեդվեդեւը, ընդ որում, նշվում է, որ այդ պաշտոնում կհայտնվեր ցանկացած մարդ, ում անունը տար Վլադիմիր Պուտինը, քանի որ վերջինիս վերահսկողությունը չափազանց մեծ է, հեղինակությունը՝ բարձր: Վերլուծաբանները կարծում են, որ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը պահպանելու է իր այսօրվա ազդեցությունն ու լծակները եւ ցանկացած պահի նորից կարող է դառնալ Ռուսաստանի նախագահ: Ինչ վերաբերում է Պուտինի կողմից հատկապես Մեդվեդեւին ընտրելու փաստին, ապա դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ վերջինս համեմատաբար լիբերալ գործչի համարում ունի եւ կարող է որոշակիորեն ընդունելի լինել Արեւմուտքի համար: Իրականում, սակայն, լիբերալ Մեդվեդեւը նախագահ դառնալու դեպքում ղեկավարելու է Պուտինի ստեղծած ավտորիտար համակարգը: Այսինքն` ՌԴ ապագա նախագահը «նախագահ» է աշխատելու ներկայիս նախագահի մոտ: