Հանդիպել է Սոլանային

13/12/2007

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ: Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Բրյուսել՝ Խ.Սոլանան նշել է, որ այն տեղի է ունենում ճիշտ ժամանակին, երբ ՀՀ-ում առաջիկայում սպասվում են նախագահական ընտրություններ: Սոլանան կարեւորել է 2008թ, նախագահական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Կարեւորելով այդ ընտրություններին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի պատվիրակության մասնակցությունը եւս՝ նա վարչապետից հետաքրքրվել է ընտրական գործընթացների վերաբերյալ: «Մենք ձգտում ենք լավ ընտրություններ անցկացնել, որպեսզի դրանք այդպիսին գնահատվեն ոչ միայն ուրիշների կողմից, այլեւ հենց մեր երկրի ներսում»,- ասել է Ս. Սարգսյանը` նշելով, որ մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունները դրական գնահատականի են արժանացել, եւ ՀՀ-ն շահագրգռված է այդ հաջողությունը զարգացնել, այսինքն` ավելի լավ անցկացնել նախագահական ընտրությունները: Ըստ նրա, այսօր Հայաստանն ունի մի շարք դժվարագույն հիմնահարցեր` ԼՂ հակամարտության, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, երկրորդ փուլի բարեփոխումների անցկացումը, նշելով, որ դրանք կարող է լուծել միայն միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների արդյունքում նախագահ դարձած անձը: Խ. Սոլանան հույս է հայտնել, որ ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով` ընտրությունների անցկացման համար առաջարկելով ԵՄ-ի աջակցությունը: ԼՂ հակամարտության կարգավորման մասին խոսելով` Ս. Սարգսյանը շեշտել է, որ ՀՀ-ն ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով կարգավորման մեջ: Ըստ նրա, չնայած Ադրբեջանի կողմից գնալով հաճախակի դարձող ռազմատենչ հայտարարություններին, դրա համար դեռեւս մեծ հնարավորություններ կան, քանի որ, իր համոզմամբ, հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Սոլանան եւս անթույլատրելի է համարել հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը, շեշտելով, որ ԵՄ-ն թույլ չի տա իրադարձությունների այդ աստիճան վատթարացում: Ս. Սարգսյանը խոսել է նաեւ մինչեւ 2016թ. Հայկական ատոմակայանի փակման խնդրի շուրջ, նշելով, որ ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է ատոմակայանը շահագործումից հանելու ժամանակացույցը, սակայն, ըստ նրա, դրա համար բավականին միջոցներ են պահանջվում: Վարչապետը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ կառավարությունն այդ նպատակով համապատասխան հիմնադրամ է հիմնել եւ միջոցներ ներդրել, սակայն ՀՀ-ն միայնակ ի վիճակի չի լինի այդ խնդիրը լուծել, եւ այդ հարցում խնդրել է ԵՄ-ի աջակցությունը: Սոլանան խոստացել է մտածել աջակցության հնարավորության շուրջ: Ս. Սարգսյանը հանդիպել է նաեւ ԵՄ Գիտության եւ հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսի հետ: Նա կհանդիպի նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերի, Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդի Թիելմանսի հետ: