Ճակատագրի բերումով մեր ժողովրդի զգալի մասն ապրում է հայրենի բնաշխարհից
դուրս։ Ոմանց կարծիքով՝ սա ողբերգություն է, մյուսներն այն համարում են
առավելություն։ Ողբերգություն համարողներն այն կապում են նախորդ դարասկզբի
իրադարձությունների եւ դրանց արդյունքում բնաշխարհիկ տարածքների կորստյան
հետ։ Առավելություն համարողների փաստարկներն ավելի պրագմատիկ են։ Նրանք
գտնում են, որ դրսում լինելով՝ մենք ավելի շատ հնարավորություն ունենք մեծ
քաղաքականության վրա ազդելու, իսկ բարեկեցիկ երկրներում աշխատված
գումարները պարզապես չեն թողնում, որ մեր փոքրիկ Հայրենիքում կյանքը կանգ
առնի։
Մեր հարեւաններն, անշուշտ, դա ողբերգություն չեն համարում, ավելին՝
սփյուռքի առկայությունը նրանց նախանձն է շարժում։ Ծով ու նավահանգիստներ
ունեցող Վրաստանի մի քաղաքացի մի անգամ այնպիսի ակնածանքով էր խոսում
հայկական սփյուռքի եւ նրա հնարավորությունների մասին, որ մի պահ թվաց, թե
պատրաստ է ծովն ու նավահանգիստները մեր «ողբերգության» հետ փոխանակելու։
Շարքային ադրբեջանցիները համոզված են, որ Ղարաբաղյան պատերազմում հայերիս
օգնել են ռուսներն ու սփյուռքը, բայց առաջնահերթությունը որոշել չեն
կարողանում։ Երբ հարցը վերաբերում է ռազմականին ու քաղաքականին, նրանք
առաջնահերթությունը տալիս են ռուսներին, իսկ երբ հասնում են բարոյականին
ու ֆինանսականին, առաջնահերթ է դառնում սփյուռքը։ Թուրքերն էլ, անշուշտ,
ափսոսում են, որ պատճառ են դարձել այդ երեւույթի առաջացման, քանի որ
սփյուռքն ամեն առիթով այստեղ ու այնտեղ բարձրացնում է Ցեղասպանության
հարցը՝ խոչընդոտելով Թուրքիայի անշեղ մուտքը Եվրամիություն։
Ի՞նչ են մտածում շարքային հայերը սփյուռքի մասին։ Առաջին միտքը
օգնությունն է։ «Սփյուռքը մեզ կօգնի» ֆրազը հայտնի է դեռ խորհրդային
տարիներից, երբ շատերն էին շշուկով խոսում այնտեղ (որտե՞ղ) գոյություն
ունեցող երեսուն հազարանոց հայկական գաղտնի բանակի մասին, որն
անհրաժեշտության դեպքում կմտնի Հայաստան (որտեղի՞ց) եւ կլուծի մեր դարավոր
վրեժը կամ վրեժները։ Եվ երբ հնչած ժամին այդ գաղտնի բանակը չմտավ
Հայաստան, այլ հակառակը՝ ղարաբաղյան ռազմադաշտում հայտնվեցին ընդամենը
մինչեւ երկու տասնյակ սփյուռքահայ արիներ, հիասթափությունն այնքան էլ մեծ
չեղավ։ Մեծ չեղավ, որովհետեւ կար սփյուռքի ներուժի դրսեւորման եւս մեկ
ճակատ՝ ազատականացող տնտեսությունը, որի վերակառուցման գործում ակնկալվում
էր սփյուռքահայ մեծահարուստների մասնակցությունը՝ լիաբուռն ներդրումների
տեսքով։ Բայց երբ սա էլ չեղավ, հիասթափությունը վերածվեց թշնամության,
բայց ոչ թե սփյուռքահայ գործարարների նկատմամբ, այլ սեփական
իշխանությունների։ Ի՜նչ միֆեր ասես, որ չէիր լսի 90-ականների սկզբին
Հայաստանում սփյուռքահայերի ներդրում կատարելու նախաձեռնությունների
մասին, եւ ի՜նչ հորինվածքներ ասես, որ չէիր լսի մեր իշխանությունների
անպատկառության ու չուզողության մասին։ Սա պարզ էր ու հասկանալի։ Մարդիկ
չէին ուզում կորցնել իրենց հավատն ու հասկանալ, որ Արեւմուտքում կամ
Արեւելքում ապրող հայ գործարարը գուցե նախեւառաջ հայ է, բայց իր գործն
առաջ է տանում բիզնեսի հանրահայտ կանոններով ու չի գժվել, որ գա,
հակամարտության մեջ ներքաշված իր Հայրենիքում, որն, ի դեպ, նաեւ
շրջափակված է, գործ դնի ու իր միլիոնները ջուրը գցի։ Իսկ սփյուռքի
քաղաքական գործունեությունը, տարբեր ազդեցությունները մեծ քաղաքականության
վրա, լոբբինգն ու նման բաները շարքային հային շատ էլ չէին հետաքրքրում։
Շարքային հայն ապրուստի խնդիր ուներ, եւ մտածում էր ամենակարճ ճանապարհով՝
սփյուռքը մեզ կօգնի։
«Հայաստան» Համահայկական հիմնադրամում աշխատելու տասը տարվա ընթացքում,
գուցե չհավատաք, ես ծանոթացել եմ Քըրք Քըրքորյանի, Հրայր Հովնանյանի,
Էդուարդո Էռնեկյանի եւ այլ մեծահարուստների բազում ու բազմաթիվ
ազգականների, ովքեր ինչ-որ փաստաթղթեր, խմբակային լուսանկարներ եւ այլ
խունացած բաներ վերցրած` գալով ինձ մոտ, խնդրում էին իրենց «դուրս բերել»
այդ մարդկանց վրա, իսկ մնացածը, հասկանում եք, արդեն մարդկության ու
շնորհքի հարց էր։ Սրանք այն հուսահատներն էին, ովքեր սփյուռքում չունեին
իրական հարազատներ, եւ ուրիշի հաշվին ապրելու համառ ձգտումը նրանց գցել էր
վիրտուալ իրականության մեջ։
Իրական հարազատներ ունեցողների գործն ավելի հեշտ էր։ Նախ՝ տեսականորեն եւ
մանրամասն բացատրում էին Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը, հետո
օպերատիվ տեղեկություններով պատկերացումները հասցնում «ուժըսի», եւ
սփյուռքահայ հարազատ-ազգականը հայտնվում էր հայտնի անեկդոտի օդեսացի
հրեայի վիճակում, ում ռուս հարեւանը պատերազմի ժամանակ թաքցրել էր իր
նկուղում եւ մի քառասուն տարի չէր ասել, որ պատերազմը վերջացել է, եւ
քառասուն տարի շարունակ ապրում էր մեծահարուստ հրեայի խնայողությունների
հաշվին։
Այդպես էլ մեր «հաջողակներն» են։ Նրանք երբեք չեն խոսում Հայաստանում
կատարվող փոփոխությունների մասին՝ երեւի նկատի ունենալով, որ այդ
փոփոխությունների մասին խոսում են իշխանությունները եւ շատ հաճախ՝
չափազանցնելով։ Բայց նրանք չեն խոսում նաեւ իրենց անձնական կյանքում տեղի
ունեցող փոփոխությունների մասին։ Դե, ծննդի, մահվան, կնունքի, հարսանիքի
մասին խոսում են՝ անգամ էլեկտրոնիկայի ժամանակակից միջոցներն
օգտագործելով, բայց, օրինակ, ինչ-որ տեղ աշխատանքի անցնելու մասին լռում
են։ Մի անգամ մի գործարանում նկարահանումներ կատարելիս, աշխատողներից մեկն
իր հաստոցի մոտից վեր կացավ, մոտեցավ մեզ ու զգուշացրեց, որ իրեն
չնկարենք։ Ասացինք՝ այստեղ չի ցուցադրվելու, Լոս Անջելեսի համար ենք
նկարում։ Խեղճը գունատվեց։ Իր կամքն էր, չնկարեցինք, իսկ հետն առանձին
խոսելիս պարզվեց, որ օվկիանոսից այն կողմ ապրող բարեկամները չգիտեն, որ
արդեն աշխատում է, եւ շարունակում են օգնություն ուղարկել։
Այս ամենը շատ լավ գիտեն սփյուռքում, եւ դրա համար մարդիկ հաճախ
արհամարհանքով են խոսում իրենց այն հարազատների մասին, ում օգնություն են
ուղարկում։ Բայց չուղարկել չեն կարող, որովհետեւ վախենում են, որ նրանք մի
օր՝ տունուտեղ ծախելով, կբռնեն «սփյուռքի» ճամփան եւ ավելի մեծ հոգս
կդառնան արդեն տեղում։
Եվ ահա այս պատճառով ամեն տարի սփյուռքից՝ որպես «միջազգակցական
օգնություն», Հայաստան է մտնում ավելի քան 1 միլիարդ ամերիկյան դոլար։
Հետո Հայաստան այցելող սփյուռքահայ զբոսաշրջիկները գալիս-տեսնում են
լեփ-լեցուն սրճարաններն ու ռեստորանները, թանկանոց խանութներն ու
գեղեցկության սրահներն ու հիանում հայրենի կառավարության ձեռքբերումներով։
Եվ չեն էլ մտածում խեղճ մարդիկ, որ այդ սրճարաններում ու ռեստորաններում,
թանկանոց խանութներում ու գեղեցկության սրահներում ծախսվում է իրենց
ուղարկած օգնությունն, ու չեն հասկանում նաեւ, որ այդ օգնությամբ դրսից
ֆինանսավորվում է հայկական հակահեղափոխությունը։