Պայքարը կլինի երկուսի միջեւ

12/12/2007

Երեկ հրավիրված ասուլիսում քաղաքագետ, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ նախընտրական քարոզարշավը, գործընթացները, իրական պայքարը կսկսվի Ամանորից հետո: Չնայած Ա. Իսկանդարյանը վաղ է համարում դատողություններ անելը, սակայն համոզված է, որ նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուների` ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ: ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանին եւս Ա. Իսկանդարյանը բավական լուրջ մրցակից է համարում: «Ինչ-որ չափով անպատասխանատու հայտարարություն է, սակայն կարծում եմ, որ Դաշնակցությունը տիրապետում է ընտրազանգվածի մոտ 15 տոկոսին»,- նշել է նա: Իսկ, ընդհանրապես, ՀՅԴ-ի` այս ընտրապայքարում սեփական թեկնածուով հանդես գալը քաղաքագետը ճիշտ է համարում, քանի որ «Դաշնակցությունը քաղաքական դաշտում այնպիսի դիրք ունի, որ անընդունելի է երկրի ղեկավարի պաշտոնում չառաջադրվելը»: Ինչ վերաբերում է նախագահի մնացած թեկնածուներին, ապա Ա. Իսկանդարյանի համոզմամբ, նրանք պայքարում են զուտ իրավիճակում օգտագործվելու համար եւ քաղաքական առեւտրում ընդգրկվելու ակնկալիքով: Երկու հակադիր բեւեռներում գտնվող Ս. Սարգսյանն ու Լ.Տեր-Պետրոսյանը, ըստ քաղաքագետի, հակադիր են նաեւ մեթոդների կիրառման եւ տիրապետման հարցում, հետեւաբար` նրանց պայքարը նույն դաշտում չի լինելու: Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմում է հրապարակային ելույթների անցկացման մեթոդներին, զանգվածներին տիրապետելու տեխնոլոգիաներին, իսկ Սերժ Սարգսյանը, ըստ նրա՝ «Լավ կազմակերպիչ է, լավ ղեկավար եւ լավ է տիրապետում այդ դաշտին»: Ա. Իսկանդարյանի խոսքով, երկու թեկնածուներն էլ կայանալու կամ այլ խնդիրներ չունեն. նրանց պայքարը քաղաքական է լինելու: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահական ընտրությունների առնչությամբ միջազգային կառույցների եւ տարբեր երկրների դիրքորոշմանը, ապա քաղաքագետն ընդգծեց, որ ներկայումս արտաքին աշխարհը որեւէ թեկնածուի դեռեւս չի մատնանշել: «Եվ, ընդհանրապես, ոչ մեկը մյուսի պաշտպանության մասին ուղղակիորեն հայտարարություն չի անի, չնայած տարբեր անհատներ, կառույցներ ու երկրներ նման ցանկություն կունենան»,- նշել է Ա. Իսկանդարյանը: