Քաղաքական ցանկություններ

12/12/2007 Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հանրահավաքում անդրադարձավ սեփականաշնորհմանը, ավելի ճիշտ, թե ի՞նչ է սեփականաշնորհվել ներկա իշխանությունների օրոք: Ընդ որում, կապ չունի, որ ձեռնարկությունների մի մասի վաճառքի գործընթացը սկսվել է իր օրոք:

Պարզ է, ասում է` մենք լավն ենք, սրանք` վատն են: Չի ասում, թե իր ղեկավարության տարիներին ինչ հիմք է դրվել, ինչպես կամքի ուժ չդրսեւորեց իշխանությունը, ավելին` իր պատճառով որքան լուրջ քաղաքական գործիչներ ասպարեզից դուրս մղվեցին: Ճիշտ այնպես, ինչպես 1998-ի իշխանափոխությունը նա բացատրում է ոչ թե 1996թ. տեղի ունեցած ընտրությունների կեղծիքներով, ոչ լեգիտիմ իշխանությամբ, այլ` վեհ գաղափարներով` հայտարարելով` գնում է խաղաղության կուսակցությունը (ինքը), գալիս է պատերազմի կուսակցությունը (գործող իշխանությունը): Կամ` ես գնացի, որպեսզի քաղաքացիական պատերազմ չլինի: Եվ այլն: Տեր-Պետրոսյանի ելույթներն, ինչ խոսք, առանձնանում են հայերենի հարուստ բառամթերքով, գեղեցիկ ձեւակերպումներով: Սակայն երկրի ապագա նախագահից հասարակության սպասելիքները միայն գեղեցիկ խոսքերով չեն ավարտվում: Ոչ էլ սկսվում: Հասկանալի է, որ հռետորությունը պահանջում է նաեւ մարդկային զանգվածներին խոսքով «տաքացնելու», ալիք բարձրացնելու, գրգռելու հնարքներ բանեցնել: Ղարաբաղյան շարժման տարիներին երկար ժամանակ քննարկվում էր, թե ինչու շարժման տղերքի այդ խմբից առանձնացավ ոչ թե Վազգեն Մանուկյանը, որն իր ոչ բանասիրական գիտելիքներով, ինտելեկտով էլ ավելի էր առանձնանում, այլ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Իբրեւ պատասխան նշվում էր նրա` հռետորական վարպետությունը: Այսօր էլ նա դա փորձում է օգտագործել իբրեւ առավելություն մյուս թեկնածուների նկատմամբ: Ավելին, նա, որ իր իշխանության 7 տարի եւ 8 ամիսների ընթացքում երբեւէ չէր շփվել հասարակ գյուղացիների հետ, այսօր նույնիսկ դիմում է այդ քայլին: Քաղաքական գովազդի մասնագետները հուշում են, որ պետք է կանգնել ժողովրդի կողքին, շփվել ժողովրդի հետ: Եվ նա դա անում է: Երբ իր սպասվելիք հանրահավաքի մասին փողոցում երթ կազմակերպող մարդկանց, այդ թվում` երկու թերթերի գլխավոր խմբագիրներին քաղմաս տարան, Լ. Տեր-Պետրոսյանին «մեծ նվեր» եղավ իշխանությունների կողմից: Հաջորդ քայլը մտածված էր. կային մարդիկ, որոնք այդ օրը գրազ եկան, որ նա կգնա քաղմաս: «Կյանքում չէր գնա, բայց հիմա կգնա, իրեն պետք է»,- ասում էին շատերը: Պահպանողական Միքայել Հայրապետյանի ու Պետրոս Մակեյանի անունները շատ քչերին կարող են որեւէ բան ասել, բայց… ձերբակալվել էին ճանաչված երկու թերթերի գլխավոր խմբագիրները: Հաշվարկն այդտեղ էր: Պետք էր անպայման գնալ, ժողովրդի հետ լինել: Տեր-Պետրոսյանը դեմոկրատական Լեհաստանի առաջին նախագահ Լեխ Վալենսան չի, բնականաբար: Բայց սիտուացիոն նմանություն կա: Վերջինս նախագահական ընտրություններում ծանր պարտություն կրելուց հետո ընդմիշտ թողեց քաղաքականությունը: Բայց նա արդեն մի անգամ դա արել էր` 1995թ., երբ երկրորդ փուլում 300.000 ձայնի տարբերությամբ պարտվել էր Կվասնեւսկուն: Հետագայում Վալենսան իր փոքրիկ կուսակցությունով, որը Լեհաստանում շատ քիչ ազդեցություն ուներ, դժվարությամբ հավաքեց ընդամենը 1,1% ձայն: «Սպիտակը սպիտակ է, սեւը` սեւ է»,- այս էր Լեխ Վալենսայի նախընտրական կարգախոսը: Պրագմատիկ լեհերը գերադասեցին Կվասնեւսկու «Լեհաստանի մուտքը Եվրամիություն` ամեն գնով» կարգախոսը: Որոշ ժամանակ անց Վալենսան կրկին վերադարձավ քաղաքականություն, սակայն նրա վարկանիշն արդեն ձգտում էր զրոյի: 2006թ. նա նորից ցանկություն հայտնեց մուտք գործել մեծ քաղաքականություն` հայտարարելով, թե «Մարդիկ, որոնք ժամանակին պայքարում էին Լեհաստանի անկախության համար, չեն կարող համաձայնել այն ամենի հետ, ինչ կատարվում է հիմա: Մենք չենք պայքարել այնպիսիների համար, ինչպիսին Կաչինսկիներն են»,- ասում էր նա գործող նախագահի մասին: Լեհ ժողովուրդը նրան, սակայն, արդեն հնարավորություն եւ վստահություն տվել էր համաժողովրդական պայքարը գնահատելու համար: Չէր գնահատվել: Ժամանակին ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը` 1998 թվականի հունվարի 29-ին ՀՀՇ-ին գնահատական տվել էր, ասելով` «որպես պետության զարգացման ներկայի եւ ապագայի հանդեպ պատասխանատվություն կրող քաղաքական ուժ…»: Վանո Սիրադեղյանը ղարաբաղյան շարժման պառակտման, ղեկավարների միջեւ տարաձայնությունների մասին խոսելիս մի հարցազրույցում ասել էր, թե Վազգեն Մանուկյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը ունեն միեւնույն թերությունը` կառավարողի ասիական տիպը. «Այսինքն, ղեկավարել ոչ թե քաղաքական համակարգով, այլ պալատական ինտրիգների՝ հանել-դնելու միջոցով»։

1996թ. ընտրություններից մեկ ամիս առաջ հասկանում են, որ ձախողում է սպասվում։ «Ոմանց մոտ նույնիսկ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ այդքան ապաշնորհ ընտրական կամպանիա կարող է լինել միայն մի դեպքում՝ եթե նախագահը չէր ուզում ընտրվել, բայց այդ դեպքում շատ քաղաքակիրթ ձեւ կար՝ պիտի իր թեկնածությունը չդներ եւ օգներ հակառակորդին, որ անցնի։ Այնուամենայնիվ, 1996թ. այդ ամբողջ անհամությունը վերագրում եմ Տեր-Պետրոսյանի հոգնածությանը։ Արդեն սպառել էր իրեն։ Երբ 1996թ. գիշերը հաղորդում էին ընտրությունների արդյունքները, բոլորս նստած էինք ՀՀՇ վարչության շենքում. եւ Ռոբերտ Քոչարյանն էր, Լեոնարդ Պետրոսյանն էր եւ, կարծեմ, Արկադի Ղուկասյանը, ստանում էինք այդ անմխիթար տվյալները։ Այդ գիշերը վարչության շենքից անընդհատ լուրեր էին տանում հրապարակում հավաքված Վազգենի կողմնակիցներին, որ՝ այնտեղ ընկճված են։ …Առաջինը դա լավ նկատեց Ռոբերտ Քոչարյանը։ Այդ ծանր մթնոլորտում, հիշում եմ, որ Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ, առանձնացանք 3-4 րոպե, եւ ես հարցրի. «Լեւոնը պատրա՞ստ է երկրորդ փուլ գնալ»։ Վազգենն ասաց. «Ո՛չ, պատրաստ չէ», եւ ասաց, որ շուտ վերադառնանք, որովհետեւ այնտեղ կարող են կասկածներ լինել, որ մեր առանձին խոսելու փաստը խուճապ չառաջացնի։ Եվ, փաստորեն, երկրորդ փուլ չեղավ։ Իշխանությունը երեւի շփանալով, հիմարանալու հատկություն ունի։ Մենք, որպես իշխանություն, համարում էինք, որ Ղարաբաղի քաղաքական էլիտան մեր կողմն է, եւ ավելի հանգիստ էինք։ Այդ դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ։ Ուզում էր, որ ես էլ հրաժարվեմ պաշտոնից, Վազգեն Սարգսյանն էլ։ Մի խոսքով, կարծես ոչ մի բան էլ չէր ուզում։ … Բայց հետո երեւաց, որ ամբողջ 97 թիվը Տեր-Պետրոսյանը պատրաստում էր իր հեռանալը։ Քոչարյանն ամրապնդում էր իր իշխանությունը, ինչ-որ բաներով զբաղվում էր, բայց հիմնականում պատրաստվում էր։ Նախկին նախագահը 97-ի սեպտեմբեր-հոկտեմբերի իր ելույթով եւ «Խաղաղություն, թե պատերազմ» հոդվածով, փաստորեն, ձեռքերը լվաց ղարաբաղյան հարցից»։ Վանո Սիրադեղյանն իր այդ խոսքն ավարտում է եզրակացությամբ` «Այդքան բանից հետո ամենաշահածը դուրս եկավ Լեւոն Տեր-Պետրոսյանը. նա հայոց պատմության մեջ մնաց որպես երկրի եզակի ղեկավար, որը հողեր է նվաճել եւ չի հանձնել։ Ամենաանմխիթար վիճակում (իր կամքով, իհարկե) հայտնվեց Ռոբերտ Քոչարյանը, որն, ամենայն հավանականությամբ, կհանձնի այդ հողերը»։ Այս վերջին կանխատեսումն, իհարկե, չիրականացավ. Քոչարյանը չիրականացրեց Տեր-Պետրոսյանի երազանքը, պարզապես հարցի լուծումն այնքան ձգձգվեց իշխանությունների կողմից, որ այս ընթացքում Ադրբեջանը կարողացավ ուժ հավաքել, նավթի հաշվին ռազմական եւ տնտեսական հզորություններ հավաքել: Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականությունը ղարաբաղյան հարցը փակուղու առջեւ կանգնեցրեց` մեծ բեռ թողնելով ՀՀ հաջորդ նախագահի եւ ժողովրդի ուսերին: Այժմ արդեն տեր-պետրոսյանական թիմը կարեւորում է մամուլի եւ քարոզչական տեխնոլոգիաների դերը, ավելի, քան նախկինում: Եվ ոչ միայն ներքաղաքական կյանքում: Լեխ Վալենսան էլ էր նույն հաշվարկներն արել, սակայն չէր հաշվարկել ժողովրդի վստահության գործոնը, որն ամենեւին էլ նախկինը չէր: