Պատմություն, գաղափարախոսություն, տիպաբանություն

12/12/2007

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիրված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։

Հայաստանի «արդյունաբերության քայքայումը»

Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային Հայաստանի ծաղկուն արդյունաբերությունը։ Այս պնդումը թե՛ իրականություն է, թե՛ միֆ։ Իրականություն է այն առումով, որ այդ արդյունաբերությունն այսօր գոյություն չունի, ինչպես վաղուց գոյություն չունի Քոչարյանի ղեկավարած Ստեփանակերտի մետաքսի գործարանը, իր լեզվով՝ «Կարշոլկի ֆաբրիկան»։ Իսկ միֆ կամ առասպել է, որովհետեւ Խորհրդային Միությունը լիովին զուրկ էր ժամանակի պահանջներին եւ տեխնոլոգիական նվաճումներին համապատասխան արդյունաբերությունից։ Բացի հումքից եւ մասամբ ռազմական տեխնիկայից, ԽՍՀՄ արդյունաբերությունն ի վիճակի չէր միջազգային ասպարեզ դուրս բերել որեւէ մրցունակ ապրանք։ Այս հարցում ԽՍՀՄ-ը խայտառակ կերպով զիջում էր անգամ Արեւելյան Եւրոպայի կոմունիստական երկրներին։ Հիշեք, թե ինչպիսի հերթեր էին գոյանում չեխական, լեհական, հունգարական, արեւելագերմանական ապրանքներ ձեռքբերելու համար՝ սկսած հագուստից ու կոշիկից, վերջացրած գարեջրով ու խոհանոցային սալիկներով։ Իսկ չեխական բյուրեղապակյա անոթներն ու ջահերը, լեհական կահույքն ու օծանելիքը, արեւելագերմանական գրամեքենաներն ու ճենապակյա սպասքները ուղղակի հրաշք եւ երազանքի առարկա էին խորհրդային քաղաքացիների համար։

Խորհրդային տնտեսությունը համաշխարհային շուկայից լիովին մեկուսացած, փակ, բանտային կամ, ավելի ճիշտ, լագերային տնտեսություն էր։ Ինչպես նախնադարի բնատնտեսական համայնքներում, ցանկացած մեկուսի եւ փակ համակարգ ընդունակ է ստեղծել քիչ թե շատ կենսունակ տնտեսություն։ Անձնական փորձից ինձ համար դրա ամենաուսանելի օրինակը Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի իմ բանտախուցն է։ Կարճ ժամանակում, մասնավորապես փորձառու դատապարտյալների շնորհիվ, այդ խցում ստեղծվեց հիրավի լայնածավալ արդյունաբերություն, որի մասնակիցը դարձա նաեւ ես։ Գերժամանակակից այդ արդյունաբերությունը, սեփական սպառման նպատակով, արտադրում էր առաջին անհրաժեշտության հետեւյալ ապրանքները. թրջված հացի շիճուկից պատրաստված բարձրորակ սոսինձ՝ գլանակներ փաթաթելու համար, ծխախոտատուփերից ձեւված գունազարդ խաղաքարտեր, հացի խմորից ձուլված հրաշալի շախմատի քարեր, ցելոֆանե տոպրակներից ստացված վառելանյութ՝ բորբոսնած երշիկը հականեխելու համար, ջեռուցման մարտկոցների վրա չորացված պաքսիմատ, թաշկինակից ծալված աչքակապ, սրբիչից փաթաթված վզնոց եւ այլն։ Բանտակիցներիս վկայությամբ՝ շատ ավելի լայն ասորտիմենտ էր ընդգրկում ուղղիչ-աշխատանքային գաղութների արդյունաբերությունը։

Խորհրդային Միությունն, ահա, մի այդպիսի բանտախուց էր, որում արգելափակված 250 միլիոն քաղաքացիները պարտավոր էին արտադրել, օգտագործել, ուտել, հագնել այն ապրանքները, որոնք կսահմաներ ամենազոր Պետպլանը։ Այդ բարձրագույն ատյանն էր որոշում, թե ո՛վ, ի՛նչ եւ որքա՛ն պետք է արտադրի, ո՛ւմ եւ ի՛նչ գնով պետք է վաճառի։ Հունվարի 1-ի դրությամբ արդեն նրա կողմից վաճառված էր այդ տարվա դեռեւս չարտադրված ապրանքը։ Տարեգլխին արդեն հայտնի էր, թե ուր են առաքվելու Խոսրով Հարությունյանի դեռեւս չկարված կրծկալները՝ Միջին Ասիա, թե՞ Մոնղոլիա, որտեղ եւ ինչ քանակով է սպառվելու Լենինականի ֆաբրիկաներում արտադրվելիք տրիկոտաժեղենը՝ Կալուգայում, Նախիջեւանում, թե՞ Յակուտսկում։ Դրամը (ռուբլին) ընդամենը փոխանակման պայմանական միավոր էր, որի բուն գործառույթը բարտերային առեւտրի սպասարկման եւ հաշվապահության ապահովումն էր։

Հայաստանի արդյունաբերությունն այդ լագերային տնտեսության մի հատվածն էր, եւ իսկապես համարվում էր Խորհրդային Միության ամենազարգացած արդյունաբերություններից մեկը։ Սակայն տեսնենք, թե իրականում ինչպիսին էր այդ արդյունաբերությունը։ Բացի թեթեւ եւ սննդի արդյունաբերության ոլորտներից, որոնց հումքը մատակարարվում էր հիմնականում դրսից, Հայաստանի տնտեսությունն, ըստ էության, վերջնական ապրանք չէր արտադրում։ Ծանր արդյունաբերության բնագավառում Հայաստանը թողարկում էր ընդամենը մի քանի վերջնական արտադրանք՝ հաստոցներ, էլեկտրատեխնիկական սարքավորումներ, «Արագած» սառնարանը, «Երազ» ավտոմեքենան եւ այլն։ Ի դեպ, 1980-ական թվականների սկզբին, խոտանի անթույլատրելի ծավալների պատճառով, ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշմամբ, սառնարանը հանվեց արտադրությունից։ Իսկ ինչ վերաբերում է «Երազին», ապա այն իր բացառիկ անորակության շնորհիվ, «Հայկական ռադիոյի» անեկդոտների կողքին, դարձավ խորհրդային ժողովուրդների զվարճության առարկան։ Հայաստանի ծանր արդյունաբերության հիմնական զանգվածը զուտ կոմպլեկտավորող արդյունաբերություն էր, այսինքն՝ մեզ մոտ արտադրվում էին միայն առանձին դետալներ, սարքավորումներ, ագրեգատներ, որոնք մոնտաժվում եւ վերջնական արտադրանք էին դառնում Խորհրդային Միության տարբեր քաղաքներում, գլխավորապես ռազմական արդյունաբերության բնագավառում։ Հայաստանի արտաքին կոոպերացիան կազմում էր շուրջ 95 տոկոս, այսինքն՝ ավելի, քան Խորհրդային Միության որեւէ այլ հանրապետությունում։

Բնական է, որ Խորհրդային կայսրության փլուզմամբ, պիտի փլուզվեր նաեւ կենտրոնացած եւ օրգանապես փոխկապակցված այդ արդյունաբերությունը։ Ձեւավորվող շուկայական հարաբերությունների պայմաններում, այն այլեւս չէր կարող ապահովել մատակարարումների կանոնավորությունը եւ դիմանալ ազատ մրցակցությանը։ Պատահական չէ, որ Խորհրդային Միության փլուզումից տասնվեց տարի հետո էլ ոչ մի նախկին խորհրդային հանրապետություն դեռեւս միջազգային շուկա չի հանել որեւէ մրցունակ ապրանք՝ հումքից բացի։ Ամենուրեք քիչ թե շատ զարգանում են միայն սննդի արտադրության, սպասարկման, շինարարության ոլորտները եւ հատկապես հանքարդյունաբերությունը, որի անխնա ինտենսիվացումը կարող է հետագայում լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել այդ երկրների բնականոն զարգացումը։ Նույնիսկ Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը, որը ժամանակին համարվում էր աշխարհի լավագույն արդյունաբերություններից մեկը, այսօր աշխատում է իր կարողությունների 30 տոկոսի չափով, այն էլ շնորհիվ պետական դոտացիաների։

Այն, ինչ ասվեց Խորհրդային Միության մասին, հավասարապես վերաբերում է նախկին սոցիալիստական լագերի բոլոր պետություններին։ Դրա ամենավառ ապացույցը Արեւելյան Գերմանիայի օրինակն է։ Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը սոցիալիստական ճամբարի ամենազարգացած արդյունաբերական պետությունն էր, որի կենսամակարդակը չորս անգամ գերազանցում էր Խորհրդային Միության կենսամակարդակը։ Պատկերացում տալու համար, թե դա ինչ է նշանակում, պատմեմ ինքնակենսագրական մի դրվագ։ 1980 թվականին ես, տիկնոջս հետ, մեկ ամիս եղա Արեւելյան Գերմանիայում։ Եթե այդ ժամանակ խորհրդային քաղաքացու հիմնական հոգսը կոշիկ, կարագ, սուրճ կամ երշիկ ճարելն էր, ապա ԳԴՀ-ի քաղաքացիներին հուզում էր երեք այլ հարց՝ ինչպե՞ս ավտոմեքենա ձեռք բերել, քաղաքից որքա՞ն հեռու «դաչա» կառուցել, եւ որտե՞ղ անցկացնել ամառային հանգիստը՝ Վառնայում, թե՞ Սոչիում (արեւմտյան երկրներ նրանց մուտքն արգելված էր)։ Չնայած այս ամենին, սակայն, Գերմանիայի միավորումից հետո արեւելյան երկրամասերի ողջ արդյունաբերությունը, կարելի է ասել, բուլդոզերներով հավասարեցրին հողին։ Անցած 18 տարիների ընթացքում նախկին Գերմանական Դեմոկրատական Հանրապետության տարածքում ներդրվեց ավելի քան 500 միլիարդ դոլար։ Այնուամենայնիվ, մասնագետների գնահատմամբ, դեռեւս 50 տարի է պետք, որպեսզի Արեւելյան Գերմանիայի տնտեսության մակարդակը հավասարվի Արեւմտյան Գերմանիայի մակարդակին։

Այսպիսով, խորհրդային արդյունաբերությունը հզոր, կենսունակ ու ինքնաբավ էր թվում՝ աշխարհից մեկուսացած, ժամանակակից տեխնոլոգիաներից զուրկ, փակ, լագերային համակարգում։ Այդպիսի համակարգի փլուզումն, ինքնաբերաբար, չէր կարող չհանգեցնել արդյունաբերության անխուսափելի վախճանի, ինչը այս կամ այն չափով տեղի ունեցավ Միության բոլոր նախկին հանրապետություններում։ Ընդ որում, Խորհրդային տնտեսության քայքայումն սկսվել էր կայսրության փլուզումից էլ առաջ։ 1988-1991 թվականներին արդեն իսկ լրջագույն խնդիրներ էին ծագել ձեռնարկությունների փոխադարձ պարտավորությունների կատարման, հումքի, պահեստամասերի, կոմպլեկտավորող սարքերի մատակարարման բնագավառներում, ձեռնարկությունների միջեւ կուտակվել էին հսկայական փոխադարձ պարտքեր, բյուջեի տարեկան ճեղքվածքը կազմում էր 400-500 միլիարդ ռուբլի, լիովին սպառվել էին պետության ոսկու պահուստները։ Պավլովի վարչապետության օրոք սառեցվել էին խնայբանկերում տեղադրված ավանդները, դոլարի համեմատ ռուբլին արժեզրկվել էր մոտ հիսուն անգամ, սկսվել էր օր օրի սաստկացող սղաճը, որը շուտով պիտի հասներ ահռելի չափերի եւ այլն։ Խորհրդային ծաղկուն տնտեսության մասին խոսողները, չգիտես ինչու, նաեւ մոռացության են մատնում խանութների դատարկ ցուցափեղկերն ու դարակները, կիլոմետրանոց հերթերը, մսի, կարագի, սուրճի, բրնձի, ձավարեղենի, ծխախոտի կտրոնները, էլ չխոսած այն մասին, որ նոր տարվա նախօրյակին ջերմուկ, լիմոնադ եւ թթվասեր հայթայթելը հավասարազոր էր սխրանքի։

Վերջիվերջո ժամանակն է հասկանալ, որ Խորհրդային Միությունը փլուզվեց գլխավորապես 1980-ական թվականների առաջին կեսից սկսված տնտեսական գահավիժման պատճառով։ Ո՛չ մի «Ղարաբաղ կոմիտե», ո՛չ մի Բալթյան ժողովրդական ճակատ, ո՛չ մի Սախարովյան դեմոկրատական շարժում չէր կարող կայսրությունը կործանել, եթե այն ծաղկուն տնտեսություն ունենար։ Այդ տնտեսության էությունը լիովին ըմբռնելու համար, կարդացեք Եգոր Գայդարի համաշխարհային ճանաչման արժանացած գրքերը։

Խորհրդային Միության բոլոր նախկին հանրապետություններին բաժին ընկած ողբալի վիճակը Հայաստանում ծանրանում էր չորս հավելյալ եւ առանձնահատուկ գործոնների՝ Աղետի գոտու, 300 հազար փախստականների, շրջափակումների եւ պատերազմի առկայությամբ։ Դնեիք այդ պայմանների մեջ որեւէ այլ պետություն, եւ կտեսնեիք, թե ինչպես կդասավորվեր նրա բախտը։ Ես չեմ ուզում ծանրանալ բազմիցս չարչրկված այս գործոնների վրա, այլ կբավարարվեմ հետեւյալ հաստատումով.

Չնայած այս լրացուցիչ դժվարություններին, Հայաստանը Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրներից առաջինն էր, որ 1994 թվականին ոչ միայն հաղթահարեց տնտեսության անկումը, այլեւ սկսեց ապահովել կայուն տնտեսական աճ, որը, ինչպես նշեցինք նախորդ հանրահավաքի ելույթում, ժամանակին գնահատել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Եթե սրան ավելացնենք, որ այդ նույն թվականին հաղթանակով ավարտվեց նաեւ Արցախյան պատերազմը, ապա դժվար է չհամաձայնել, որ դա մի այնպիսի սխրանք էր, որն իր նախադեպը չունի հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։

Երեւույթները «Կարշոլկի ֆաբրիկայի» պարտկոմի կամ Կեւորկովի օգնականի տեսանկյունից գնահատողների համար, իհարկե, անհնար է ընկալել այս ամենը։ Տարածելով Խորհրդային Հայաստանի ծաղկուն արդյունաբերության քայքայման միֆը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձեզանից ուզում են խլել, ահա, այդ սխրանքը, ոտնահարել ձեր արժանապատվությունը, ինչպես քոչվորաբար ոտնահարել են այս երկրի բոլոր սրբությունները։

«Վայրենի սեփականաշնորհում»

Սեփականաշնորհումը կամ մասնավորեցումը ցանկացած պետության ամենացավոտ խնդիրներից մեկն է։ Աշխարհում դեռ չի եղել դեպք, որ սեփականության վերաբաշխման որեւէ լայնածավալ կամ թեկուզ մասնակի միջոցառում հասարակական շերտերում կասկածներ, դժգոհություններ եւ նույնիսկ հուզումներ չառաջացնի։ Ուստի ես ամենայն հանդարտությամբ եմ վերաբերվում իբրեւ-թե մեր օրոք իրականացած «վայրենի սեփականաշնորհմանն» առնչվող խոսակցություններին, քանի որ, միեւնույն է, ամենաիդեալական սեփականաշնորհման պարագայում անգամ հնարավոր չէր լինի խուսափել այդ տիպի խոսակցություններից։ Միշտ էլ կգտնվեին մարդիկ, ովքեր բաժին չստանալով սեփականաշնորհման արդյունքներից, չէին հավատա իշխանությունների ազնվությանը, էլ չեմ խոսում քաղաքական շահարկումների մասին։

Այսօր, կարծում եմ, ամենահարմար ժամանակն է ներկայացնելու սեփականաշնորհման բնագավառում նախկին եւ ներկա իշխանությունների գործունեության հաշվեկշիռը։ Արդ, ի՞նչ է սեփականաշնորհվել նախկին իշխանությունների օրոք.

– Գյուղատնտեսական նշանակության ողջ հողատարածքը, անասնագլխաքանակը եւ գյուղտեխնիկան, բացի հողի 20%-ը կազմող պետական պահուստից, որը նախատեսված էր աճող եւ նոր ձեւավորվող ընտանիքների համար։

– Ողջ պետական բնակարանային ֆոնդը, որը անվճար տրամադրվեց քաղաքներում եւ ավաններում գրանցված բոլոր ընտանիքներին։
 
– Հանրապետության բոլոր ոչ ստրատեգիական ձեռնարկությունների սեփականության 20 տոկոսը, որը անհատույց շնորհվեց այդ ձեռնարկությունների կոլեկտիվներին։

– Սեփականաշնորհման 1994-1995 թթ. առաջին ծրագրում ընդգրկված ձեռնարկությունների 60 միլիարդ դրամի ընդհանուր արժողությամբ գույքը, որը 20-հազարական դրամի վաուչերներով հավասարաչափ բաշխվեց ողջ բնակչությանը։

– Շուրջ 5000 փոքր ձեռնարկություններ՝ կրպակներ, խանութներ, վարսավիրանոցներ, արհեստանոցներ եւ այլն, որոնք վաճառվեցին քաղաքացիներին՝ կոլեկտիվների համար վերապահված գնման առաջնահերթության իրավունքով։

– Սննդի ու թեթեւ արդյունաբերության մոտ 1250 միջին եւ խոշոր ձեռնարկություններ (առ 1.01.1998), որոնք թեեւ թվով կազմում էին Հայաստանի այդ մասշտաբի ձեռնարկությունների 60 տոկոսը, բայց արտադրական ծավալով՝ միայն շուրջ 40 տոկոսը, այն էլ՝ չընդգրկելով ստրատեգիական նշանակության ոչ մի ձեռնարկություն, բացառությամբ Հայռուսգազարդի գործարքի, որի մասին կխոսվի ստորեւ։

Առանձնահատուկ խոսակցության առարկա է նախկին իշխանությունների իրականացրած հողի սեփականաշնորհումը կամ ագրարային ռեֆորմը։ Հայաստանը միութենական հանրապետություններից առաջինն էր, որ դեռեւս 1991 թվականին, Խորհրդային կայսրության գոյության պայմաններում, կյանքի կոչեց այդ բարեփոխումը՝ երկիրն, առանց չափազանցության, փրկելով սովից։ Դա պարզվեց մանավանդ այն բանից հետո, երբ 1992 թ. օգոստոսին փակվեց Աբխազական երկաթուղին, եւ Հայաստանի շրջափակումը լիակատար դարձավ։ Ստեղծվել էր այնպիսի մի վիճակ, երբ արտասահմանում գնված սննդամթերքի բեռներ ունենալու պարագայում անգամ, Հայաստանը, հաղորդակցության ճանապարհների բացակայության պատճառով, ի վիճակի չէր ներկրել դրանք։ Մեզ հաջողվեց մասամբ հաղթահարել շրջափակումը եւ Թուրքիայի ճանապարհով Հայաստան փոխադրել ավելի քան 50 հազար տոննա ցորեն, բայց դա ընդամենը երկու ամսվա պաշար էր։ 1993-ի մարտին, Քելբաջարի գրավումից հետո, փակվեց նաեւ Թուրքիայի ճանապարհը, եւ մենք հարկադրված եղանք մեր կարիքների գոնե մի մասը բավարարել Փոթիի նավահանգստի եւ համարյա անգործության մատնված Վրացական երկաթուղու հնարավորությունների օգտագործման միջոցով։ 1992-1994 թվականներին երկիրը համարյա ամբողջությամբ մնաց գյուղացու հույսին, որը, թեկուզ զուտ մկանների հաշվին, քիչ թե շատ կերակրեց ոչ միայն իրեն, այլեւ քաղաքներում բնակվող իր հարազատներին։ Եթե ժամանակին չիրականացվեր հողի սեփականաշնորհումը, ապա գյուղական նոմենկլատուրան թալանած կլիներ կոլխոզների ու սովխոզների սեփականությունը (ինչպես տեղի ունեցավ այլ հանրապետություններում), եւ Հայաստանը ցրտից ու մթից բացի անխուսափելիորեն կմատնվեր նաեւ սովի։ Այդ պարագայում, ինքնըստինքյան հասկանալի է, ոչ միայն կվտանգվեր մեր երկրի գոյությունը, այլեւ անհնար կդառնար թե՛ պատերազմի հաղթական ավարտը, թե՛ Արցախի ազատագրումը։ Ուստի, եթե այսօր Հայաստանը կանգուն է, եթե այսօր Արցախն ազատ է, ապա դրա համար մենք առաջին հերթին պարտական ենք սեփականատեր հայ գյուղացու առայժմ չգնահատված սխրանքին։

Իսկ այժմ տեսնենք, թե ի՞նչ է սեփականաշնորհվել ներկա իշխանությունների օրոք.

Ծանր արդյունաբերության շուրջ 750 միջին եւ խոշոր ձեռնարկություններ, որոնք, ինչպես վերը նշվեց, կազմում էին Հայաստանի արտադրական ծավալների մոտ  60 տոկոսը։ Դրանց թվում ընդգրկված էին նաեւ ստրատեգիական նշանակության համարյա բոլոր ձեռնարկությունները, ինչպես, օրինակ, հիդրոէլեկտրակայանները, էներգետիկ ցանցը, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, քաղաքացիական ավիացիան, Արմենթելը, Կոնյակի գործարանը եւ այլն։

– Հայաստանի համարյա բոլոր շահագործվող եւ նույնիսկ միայն հետազոտված հանքերը, որոնք չնչին գներով վաճառվել են հիմնականում երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ մասամբ օտարերկրյա սեփականատերերի։

– Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատարածքի 20 տոկոսը կազմող պետական պահուստը, որը նույնպես սիմվոլիկ գնով բաշխվել է պետական պաշտոնյաների միջեւ։

– Քաղաքների, մասնավորապես Երեւանի՝ շինարարական աշխատանքների համար պիտանի բոլոր տարածքները, ներառյալ զբոսայգիներն ու կանաչ գոտիները։

– Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող համարյա բոլոր շինություններն ու հողատարածքները, բացի մի քանի հարյուր վարչական շենքերից, որոնք առայժմ չեն հանվել վաճառքի։

– Հանրապետության հանգստի գոտիների, մասնավորապես Ծաղկաձորի, Սեւանի ավազանի, Դիլիջանի, Հանքավանի, Աղվերանի անտառներն ու անտառտնտեսությանը պատկանող գույքն ու շինությունները եւ այլն։

Այս ամենին պետք է գումարել նաեւ «գույք պարտքի դիմաց» հայտնի գործարքը, որով Հայաստանը Ռուսաստանին հանձնեց «Մարս» արտադրական միավորումը, «Մերգելյան» ինստիտուտն ու գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ի անավարտ բլոկը եւ Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը՝ հետագայում, այլ դրդապատճառներով դրանց թվում ընդգրկելով նաեւ Սեւան-Հրազդան կասկադը եւ Արմավիրի ատոմակայանի ֆինանսական կառավարման իրավունքը։ 100 միլիոն դոլարի պարտքը այն գումարը չէր, որի վճարման հարցը հնարավոր չլիներ լուծել Ռուսաստանի հետ։ Տվյալ գործարքում Ռուսաստանը որեւէ մեղք չունի, եւ միանգամայն անտեղի են նրա հասցեին հնչող տարբեր տիպի դժգոհությունները։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գործարքի նախաձեռնողները եղել են Հայաստանի իշխանությունները։ Նրանց այդ քայլին մղել է, ըստ երեւույթին, ռուսական պարտքի տոկոսները վճարելու հոգսից ազատվելու եւ իրենց գործը հեշտացնելու միտումը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, թե այդ անհեռատես ու անպատասխանատու քայլով ինչպիսի վնաս են հասցրել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին։

Հարկ է հատուկ կանգ առնել նաեւ «Հայռուսգազարդի» գործարքի վրա, որը թեեւ կնքվել է նախկին իշխանությունների օրոք, բայց հետագայում, Քոչարյանի տերմինով, ունեցել է որոշ «հետաքրքիր» զարգացումներ։ 1997 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն՝ «Ռուսգազարդին» բաժին էր ընկել համատեղ ընկերության կապիտալի 45 տոկոսը, «ԻՏԵՐԱ»-ին՝ 10 տոկոսը, իսկ հայկական կողմին՝ մնացյալ 45 տոկոսը, ի դիմաց նախկին «Հայգազի» գույքի արժեքի։ Ռուսական կողմն իր մասնաբաժինը պարտավորվել էր վճարել գազով, որը չորս տարի պիտի ձրի մատակարարվեր Հայաստանին։ Հանրապետության ներկա իշխանություններն այդ գազաքանակն սպառեցին երկու տարում, որից հետո Ռոբերտ Քոչարյանը կառավարության նիստերից մեկում զայրացած բարձրացրեց այն հարցը, թե ուր է Հայաստանում վաճառված գազից ստացված 148 միլիոն դոլարը։ Դրանից հետեւում է, որ ձրի ստացված գազը երկու տարի վաճառվել է հանրապետության բնակիչներին ու ձեռնարկություններին, իսկ վաճառքի դիմաց առաջացած ահռելի գումարը՝ գրպանվել իբրեւ-թե Քոչարյանին անհայտ մարդկանց կողմից։ Սակայն նախագահի բարձրացրած հարցը մնաց հարց, քանի որ դրանով չզբաղվեց ո՛չ ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունը, ո՛չ էլ դատախազությունը։ Եւ այդպես էլ մինչեւ օրս անհայտ է, թե ինչ ավարտ ունեցավ այդ չարաբաստիկ 148 միլիոն դոլարի պատմությունը։ Ուստի կարծում եմ, այժմ արդեն մեր հերթն է հարց տալու. «Պարոն նախագահ, ո՞ւր է այդ 148 միլիոն դոլարը»։ 2006 թվականին, երբ գազի գնի շեշտակի բարձրացումից հետո Հայաստանն սկսեց նոր պարտքեր կուտակել «Ռուսգազարդի» մատակարարումների դիմաց, մեր իշխանությունները, կրկին իրենց գործը հեշտացնելու համար, համաձայնեցին վերանայել «Հայռուսգազարդի» մասնաբաժինները։ Այժմ այդ ընկերությունում «Ռուսգազարդն» արդեն ունի 57,59 տոկոս, «ԻՏԵՐԱ»-ն՝ 7,7 տոկոս, իսկ հայկական կողմը 34,7 տոկոս։ Սակայն անգամ այս պայմաններում գազի գնման դիմաց Հայաստանի պարտքերը շարունակում են կուտակվել, որոնք բնականաբար մնալու են հաջորդ կառավարությունների, իսկ վերջին հաշվով, ժողովրդի ուսերին։

Սեփականաշնորհման բնագավառում ներկա իշխանությունների կատարած ամենամեծ հանցանքը տնտեսության համարյա լիակատար մոնոպոլիզացիան է, ինչի պատճառով գրեթե վերացման եզրին է հասել փոքր բիզնեսը։ Միջին խավը ներկայացնող ձեռնարկատերերի եւ գործարարների մեծ մասը, վաղուց արդեն կորցնելով իր անկախությունը, ընկել է մեծածախ առեւտրով զբաղվող մենաշնորհային ընկերությունների ցանցը։ Խանութների, բենզալցակայանների, սպասարկման ոլորտի հիմնարկների շուրջ 70 տոկոսի իրական տերերն արդեն այդ ընկերություններն են։ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունը որոշել է հանրապետության միջին խավին հասցնել վերջին կործանիչ հարվածը՝ 2008 թ. հունվարի 1 ից դադարեցնելով «Պարզեցված հարկի օրենքի» գործողությունը, որը տարածվում էր մոտ 30 հազար ձեռնարկությունների վրա։ Անկախ այն բանից, թե տնտեսագիտորեն որքանով է հիմնավորված այդ որոշումը, տվյալ իրավիճակում դրա կիրառման անմիջական դրդապատճառն ակնհայտ է, այն է՝ ավելի ծանրացնել միջին խավին պատկանող ձեռնարկությունների հարկային բեռը, իսկ խոշոր հարկատուների անօրինական մուծումները ծառայեցնել նախընտրական նպատակներին։ Թե ինչ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ այս կամայականությունը, կառավարությանն այսօր բոլորովին չի հուզում։

Ինչպես տեսանք, նկատի ունենալով արդյունաբերության եւ պետական գույքի բնագավառները, Հայաստանի ներկա իշխանությունները շուրջ երկու անգամ ավելի ունեցվածք են սեփականաշնորհել, քան նախկինները։ Այստեղ, ի դեպ, որեւէ կրիմինալ չկա։ Ընդհակառակը, ներկա իշխանությունները դրվատանքի են արժանի՝ սեփականաշնորհման գործընթացը ավարտին հասցնելու համար։ Կրիմինալը ջրի երես է դուրս գալիս այն ժամանակ, երբ քննում ենք, թե ինչպե՛ս է իրականացել այդ սեփականաշնորհումը, որքանո՛վ է այն համապատասխանել օրենքի տառին, ի՛նչ գնով են վաճառվել ձեռնարկությունները, որքա՛ն թափանցիկ եւ օրինական են եղել աճուրդները, սեփականաշնորհումից ստացված գումարների ո՛ր մասն է մտել պետական բյուջե, սեփականաշնորհման գործընթացում ի՛նչ դեր է խաղացել հովանավորչությունը եւ այլն։

Հեռուն չգնալու համար՝ փորձեք հիշել կամ պարզել, թե ինչպիսի՛ աճուրդների միջոցով եւ ի՛նչ գնով են վաճառվել Հայաստանի ձեռնարկությունները, կամ ո՛ւմ են պատկանում, ասենք, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, Արարատի եւ Հրազդանի ցեմենտի գործարանները, Հայկական ավիացիան, Արդշինինվեստբանկը, Խնայբանկը, հանրապետության էլեկտրացանցերը, «Կապույտ Սեւան» հանգստարանը, «Լեչկոմիսիա» եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցները, Սեւանի «Սերֆինգ կլուբ» հյուրանոցային համալիրը, երկրի համարյա բոլոր սեփականաշնորհված վարչական շենքերը, Երեւանի ամենաարժեքավոր հողատարածքները, քաղաքային եւ միջքաղաքային երթուղային գծերը եւ այլն։

Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետեւյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործարանը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենայացված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերածված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը, նույն քաղաքի հյուրանոցի ռեստորանը, Մխչյան գյուղի գինու գործարանը, շրջանի բոլոր գազալցակայանները, Մխչյանի ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արաքս գետի երեք ավազահանքեր, հազարավոր հեկտար կազմող հողատարածքներ ու հանքավայրեր Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան գյուղերում եւ Արարատի մարզի այլ բնակավայրերում։

Փորձեք պարզել այս ամենը, ինչպես նաեւ բյուրավոր նման դեպքեր, եւ ձեզ համար շոշափելի կդառնա, թե իրենից ինչ է ներկայացնում քոչորայանական սեփականաշնորհումը, եւ թե որքան «բարեկիրթ» է այն՝ նախկինների օրոք իրականացված «վայրենի» սեփականաշնորհման համեմատ։ Ի դեպ՝ ավելորդ չէ նշել, որ նախկին իշխանությունների օրոք իրականացված սեփականաշնորհման հետ կապված համարյա ոչ մի գործարք կամ որոշում չի վերանայվել կամ չեղյալ հայտարարվել ներկա իշխանություններին ենթակա դատարանների կողմից։ «Վայրենի» սեփականաշնորհման առասպելի ավելի սպառիչ հերքում՝ դժվար է պատկերացնել։

Հայոց ցեղասպանության վերաիմաստավորման անհրաժեշտության մասին

Պատասխան չգտնելով իմ նախորդ ելույթների դրույթների դեմ, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը օրերս հայտնաբերել են ինձ ոչնչացնելու ամենաարդյունավետ միջոցը, այն է՝ ինձ «թրքամետ» հռչակելու մահացու խարանը։ Նրանց թվում է, թե ինձ հասցրել են թնդանոթի հարված, որից հետո ժողովուրդն ինձ պիտի հոշոտի, կամ որից ես երբեւէ ուշքի չեմ գալու։ Ավելի մեծ հաճույք պատճառելու համար իմ նախկին ընկերներին, ստորեւ կփորձեմ ջուր լցնել նրանց ջրաղացին եւ բազմաթիվ նոր ապացույցներ մատակարարել իմ «թրքամետության» մասին։ Մինչ այդ, սակայն, չեմ կարող չհիշեցնել, որ «թրքամետության» մասին խոսում են մարդիկ, ովքեր իրենց գիտակցական կյանքի տեւական մի հանգրվանում ստորաքարշորեն ծառայել են թուրքերին։
 
Սկսեմ նրանից, որ հանրահավաքի մասնակիցներից շատերի նման՝ ես եւս Հայոց ցեղասպանությունը վերապրածների շառավիղ եմ։ Պապս մասնակցել է Մուսա-լեռան հերոսամարտին։ Յոթնամյա հայրս ուտելիք եւ ջուր է կրել դիրքեր։ Իսկ մայրս այդ օրերին ծնվել է քարանձավում։ Եթե ֆրանսիական նավատորմը պատահաբար չանցներ Մուսա-լեռան ափերով, ապա ես գոյություն չէի ունենա եւ, ի հրճվանս Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, այսօր չէի խոսի այս հարթակից։ Իմ գերդաստանի երեք սերունդ այս կամ այն կերպ պայքարել է թուրքերի դեմ։ Ասվեց արդեն, որ պապս մասնակցություն է ունեցել Մուսա-լեռան հերոսամարտին։ Ավելի վաղ, 1896 թվականին, Զեյթունի ապստամբությունից հետո, նա վեց ամիս անցկացրել է թուրքական բանտերում։ Հայրս 1939-ին գլխավորել է Ալեքսանդրեթի սանջակը Թուրքիային հանձնելու ծրագրի դեմ ուղղված հայկական շարժումը։ Իսկ ես 1966-ին, Ցեղասպանության տարեդարձի առթիվ կազմակերպված ցույցի ժամանակ, ձերբակալվել եւ շուրջ մեկ շաբաթ բանտարկվել եմ Երեւանի բերդում, երբ Քոչարյանն ու Սարգսյանը ցեղասպանություն բառն անգամ չէին լսել։

Ինձ «թրքամետ» են անվանում այն պատճառով, որ իմ նախագահության օրոք ես բազմիցս պնդել եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը եւ, որ իբր երբեւէ չեմ բարձրացրել Ցեղասպանության ճանաչման հարցը։ Փաստերից առաջինը ստույգ է, քանի որ իսկապես պնդել եմ եւ այսօր էլ կարեւորում եմ հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորումը, իսկ երկրորդը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Իմ իշխանության օրոք է կառուցվել Ցեղասպանության Երեւանի թանգարանը։ Առաջին անգամ Հայաստանում ե՛ս եմ կազմակերպել Ցեղասպանությանը նվիրված հեղինակավոր միջազգային գիտաժողով, որը տեղի է ունեցել 1995 թվականին, եւ որին մասնակցել են համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ մասնագետներ։ Սկսած Հայաստանի առաջին հանրապետությունից մինչեւ օրս, ե՛ս եմ եղել մեր երկրի միակ գործող ղեկավարը, որը, թեեւ սեղմ, բայց համակողմանի քաղաքական գնահատական է տվել Ցեղասպանությանը (Լ. Տեր-Պետրոսյան, Ընտրանի, Երեւան, 2006, էջ 477-481)։

Ճիշտ է, սակայն, որ այս ամենով հանդերձ, Ցեղասպանության ճանաչումը ես չեմ դրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում, դա համարելով անժամանակ ու վտանգավոր, ինչը կփորձեմ հիմնավորել քիչ հետո։ Ի տարբերություն ինձ, Հայաստանի երկրորդ նախագահը այդ հարցն անմիջապես դարձրեց հանրապետության արտաքին քաղաքականության անկյունաքարը եւ իշխանավարության առաջին իսկ օրվանից սկսեց հետեւողական քայլեր կատարել այդ ուղղությամբ։ Ո՞րն էր այս նոր քաղաքականության տրամաբանությունը։ Դա պարզաբանելու համար ես կրկին ստիպված եմ դիմելու հուշապատումի օգնությանը։ 1997 թվականին, երբ ես վարչապետ Քոչարյանին առաջարկեցի գլխավորել «Հայաստան-Սփյուռք հարաբերությունների համակարգման պետական խորհուրդը», նա հրաժարվեց՝ պատճառ բռնելով այն հանգամանքը, որ խորհրդի գործունեության ծրագրում բացակայում է Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կետը։ Երբ ես, «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Մանուշակ Պետրոսյանի ներկայությամբ, խնդրեցի հիմնավորել իր տեսակետը, Քոչարյանն ասաց բառացիորեն հետեւյալը. «Ես չգիտեմ, թե ինչ բան է ցեղասպանությունը, բայց հաստատ գիտեմ, որ դա պետք է Սփյուռքին։ Եթե մենք մտցնենք այս կետը, ապա Սփյուռքը կոգեւորվի եւ ավելի մեծ նյութական օժանդակություն կցուցաբերի Հայաստանին։ Ավելին, եթե Հայաստանը պաշտոնապես ներկայացնի Ցեղասպանության ճանաչման պահանջը, ապա Թուրքիան տեղի կտա եւ մեկ տարուց կբացի հայ-թուրքական սահմանը։ Բացի այդ, նա ավելի անկողմնակալ դիրք կգրավի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում եւ այլեւս ջանասիրաբար չի պաշտպանի Ադրբեջանի դիրքորոշումը»։

1998 թվականի սեպտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ՄԱԿ-ի ամբիոնից բարձրացրեց Ցեղասպանության ճանաչման հարցը, ինչը թեեւ պալատական ներբողագիրների կողմից գնահատվեց որպես աննախադեպ քաջագործություն, բայց այդպես էլ մնաց որպես մերկապարանոց եւ անհետեւանք հայտարարություն։ Եթե նշված ճղճիմ ու պրիմիտիվ քաղաքական հաշվարկներն էին ընկած Քոչարյանի որդեգրած դիրքորոշման հիմքում, ապա դա կարող է նշանակել միայն մեկ բան, այն է՝ տրորել, պղծել մեր ազգային մեծագույն ողբերգությունը, այն դարձնել անպարկեշտ սակարկությունների առարկա, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Հայաստանի նախագահի վերոհիշյալ կանխատեսումներից ոչ մեկը մինչեւ օրս այդպես էլ իրականություն չի դարձել։ Որ ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հնչեցումը սոսկ ներքին սպառման կարիքները բավարարելուն, այսինքն՝ հայության աչքում հերոս երեւալուն միտված տղայամտություն էր, պարզ է դառնում նրանից, որ Քոչարյանի հայտարարությանը չհետեւեց ոչ մի գործնական քայլ։ Ավելի լուրջ մտադրություններ ունենալու պարագայում՝ Քոչարյանն ու Օսկանյանը պարտավոր էին, ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված արարողակարգով, Ցեղասպանության ճանաչման նպատակով կոնկրետ գործընթաց սկսել, որի արդյունքը պիտի հանդիսանար այդ կազմակերպության կողմից ընդունված համապատասխան բանաձեւը։ Որպես ՄԱԿ-ի լիիրավ անդամ, Հայաստանն ուներ այդ իրավունքը, բայց, չգիտես ինչու, չօգտվեց դրանից, բավարարվելով ընդամենը հարցի արծարծման պարզունակ իմիտացիայով։ ՄԱԿ-ը մամուլի ակումբ չէ, ուր գնում են հայտարարություններ անելու, այլ հեղինակավոր իրավա-քաղաքական ատյան, որտեղ պետությունները կոնկրետ հարցեր են լուծում։

Եւ ընդհանրապես, Հայաստանի ներկա իշխանությունները գործնական քաղաքականությունը չեն տարբերում հայտարարություններից ու հոխորտանքներից, մոռանալով, որ քաղաքականությունը ոչ թե խոսք է, այլ նախեւառաջ ու միայնումիայն՝ գործ։ Երբ ազդարարում են, որ Ղարաբաղը մերն է, նրանց թվում է, թե հարցն արդեն լուծված է։ Երբ պնդում են, որ Ղարս-Ախալքալաք երկաթուղին չպիտի կառուցվի, նրանք կարծում են, թե այդպես էլ պիտի լինի։ Երբ պահանջում են, որ ամերիկյան կոնգրեսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, համոզված են, որ այդ մարմինը պիտի կատարի իրենց պահանջը։ Երբ Թուրքիային թելադրում են բացել հայ-թուրքական սահմանը, կասկած չունեն, որ մեր հարեւանը պիտի ենթարկվի այդ թելադրանքին։ Երբ Ադրբեջանին հորդորում են զերծ մնալ միլիտարիստական ռիտորիկայից, մտածում են, որ վերջինս կանսա իրենց հորդորին։

Վերջին տաս տարում Հայաստանի արտաքին քաղաքականությունն, ահա, այսպիսի դատարկ, գավառական, անիմաստ հայտարարությունների մի շարան է։ Իշխանությունները չեն իսկ անդրադառնում, թե դրանով ինչպիսի ծիծաղելի վիճակի մեջ են դնում թե՛ իրենց, թե՛ մեր երկիրը։ Տպավորություն է ստեղծվում, թե նրանք պետությունը շփոթում են Ստեփանակերտի ԺԷԿ-ի կամ Բուրջ-Համմուդի թաղապետարանի հետ։ Երբ իրենց հայտարարությունների ձեռքը կրակն ընկած Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը հայտնվում են անհարմար վիճակներում, պատճառաբանում են, թե ճիշտ չեն հասկացվել, կամ իրենց խոսքերը սխալ են թարգմանվել։ Ո՞վ է երբեւէ, անհոդաբաշխ բարբաջանքներից ու հոխորտալից հայտարարություններից բացի, նրանց շուրթերից որեւէ կշռադատված, տրամաբանական վերլուծություն կամ ծրագրային ելույթ լսել արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների մասին։ Ե՞րբ են նրանք իրենց հստակ տեսակետը ներկայացրել արտաքին քաղաքականության այնպիսի կենսական եւ հրատապ հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են, ասենք, Ղարաբաղյան հակամարտության լուծումը, Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ թեկուզ Ցեղասպանության ճանաչման խնդրի հետապնդումը, որի նպատակը հայտնի չէ ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ նույնիսկ իրենց։

Ազնիվ լինելու դեպքում ներկա իշխանությունները պետք է ընդունեին, որ մեր արտաքին քաղաքականությունը վերջին տաս տարում լիակատար ձախողման կամ կրախի է մատնվել։ Ամերիկյան կոնգրեսից պահանջում էին ուժի մեջ թողնել Ադրբեջանի դեմ կիրառված պատժամիջոցներին վերաբերող 907 բանաձեւը, բայց կոնգրեսը չեղյալ հայտարարեց այն։ Նույն մարմնին պաշտոնապես կոչ էին անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ տեսանք, թե դա ինչ արդյունք ունեցավ։ Թուրքիային հորդորում էին մեզ հետ հարաբերությունները չպայմանավորել հայ-ադրբեջանական հակամարտության գործոնով ու բացել ընդհանուր սահմանը, սակայն ոչինչ չստացվեց։ Սկզբնապես Թուրքիայի առջեւ պայման էին դնում ճանաչել Ցեղասպանությունը, բայց հետո հրաժարվեցին դրանից, համաձայնելով՝ այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Համաշխարհային հանրությանը թելադրում էին թույլ չտալ Ղարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը, բայց դա արդեն իրականություն է դառնում։ Ընդդիմանում էին Ախալքալաքում տեղակայված ռուսական բազայի դուրսբերմանը, սակայն այդ բազան այլեւս գոյություն չունի։ Հոխորտում էին, թե Հայաստանը դեռ 100 տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում, բայց շարունակ բողոքում են շրջափակումներից։ Պնդում էին, որ հայերն ու ադրբեջանցիներն օրգանապես անհամատեղելի ազգեր են, բայց գիշեր-ցերեկ խոսում են հաշտությունից։ Հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը մեզ համար արդեն լուծված է, բայց, չգիտես ինչու, չեն հրաժարվում բանակցություններից։ Փորձում էին խափանել ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացումը Ստամբուլում, բայց գլխիկոր մասնակցեցին այդ գագաթնաժողովին, ու դեռ ավելին, ստորագրեցին նրա ընդունած հայտնի խարտիան, այդպիսով պետական մակարդակով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մի խոսքով, դիվանագիտական խայտառակ պարտությունների մի ամբողջ շարան, որոնք խոստովանելու կամ նույնիսկ ըմբռնելու ունակությունը դուրս է Քոչարյանի եւ Օսկանյանի կարողության սահմաններից։

Ի՞նչ կարիք կար ներքաշվել գործընթացների մեջ, որոնք կախված չեն Հայաստանի կամքից, կամ հավակնել դերակատարումների, որոնք վեր են նրա հնարավորություններից։ Այդպիսի անխոհեմության ամենավառ օրինակն է մեր միջամտությունը Եւրոմիության եւ Թուրքիայի հարաբերությունների կառուցման գործընթացին։ Մի՞թե հասկանալի չէ, որ Հայաստանը ո՛չ կարող է նպաստել, ո՛չ էլ խոչընդոտել Թուրքիայի անդամակցությանը Եւրոպական Միությանը։ Մեր ի՞նչ գործն էր, ուրեմն, նամակներ հղել Բրյուսել՝ պահանջելով չսկսել Եւրոմիություն-Թուրքիա բանակցությունները կամ վերջինիս առջեւ նախապայման դնել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Մեզ համար ո՞րն է գլխավոր՝ պատշաճ կերպով չձեւակերպված մի սկզբունք, թե՞ Հայաստանի կոնկրետ պետական շահը։ Եւրոպան, եթե ցանկանար, այդ նախապայմանը կդներ առանց մեր խնդրանքի, եւ հավատացած եղեք, այդպես էլ վարվել է։ Եթե Եւրոմիությունն այսօր տարբեր պատրվակներով ձգձգում է Թուրքիայի հետ բանակցությունները եւ նորանոր պայմաններ առաջարկում նրան, դա ընդամենը նշանակում է, որ առայժմ պատրաստ չէ իր կազմում ընդգրկել այդ երկիրը։ Երբ պատրաստ լինի, կբավարարվի Թուրքիայի բացատրություններով եւ մի կողմ կդնի սուր տարաձայնությունները, այդ թվում՝ Ցեղասպանության հարցը։

Հայաստանի իշխանությունների՝ անմեղսունակության հասնող պահվածքն այս հարցում տարօրինակ է նաեւ մեկ այլ առումով։ Մի կողմից կեսբերան հայտարարելով, թե համաձայն են Թուրքիայի անդամակցությանը Եւրոմիությանը, մյուս կողմից նրանք, ինչպես տեսանք, անում են ամեն ինչ՝ դա վիժեցնելու համար։ Ինչո՞վ բացատրել այս երկակի խաղը։ Մի՞թե ակնհայտ չէ, որ Թուրքիայի անդամակցությունը Եւրոմիությանը՝ Հայաստանին ձեռնտու է բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ապահովական։ Ո՞րն է ավելի վտանգավոր՝ Եւրոմիության անդամ Թուրքիան, թե՞ Արեւմուտքից մերժված, հայացքը դեպի Արեւելք շրջած Թուրքիան։ Կամ ո՞րն է ավելի նախընտրելի՝ Արեւմուտքից մեկուսացած Հայաստանը, թե՞ Եւրոմիությանը սահմանակից Հայաստանը։ Մեր երկրի արտաքին քաղաքականությունը վաղուց պիտի պատասխանած լիներ այս պարզ հարցերին։ Ի դեպ, իմ տպավորությամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն ավելի լրջմիտ եւ իրատես է, քան Ռոբերտ Քոչարյանը, քանի որ չի տառապում վերջինիս նարցիսիզմով։

Ի՞նչ պիտի անեին Հայաստանի իշխանությունները՝ Եւրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու փոխարեն։ Պիտի անեին իրենց արածի ճիշտ հակառակը։ Այսինքն՝ պետք է բարի կամք դրսեւորեին եւ ոչ մի կերպ չխանգարեին այդ գործընթացին։ Ավելին, պետք է Բրյուսելից պահանջեին չշահարկել Ցեղասպանության ճանաչման հարցը՝ հայ-թուրքական հարաբերությունների այդ բարդ կնճռի լուծումը թողնելով կողմերին։ Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բոլորովին չեմ կասկածում, որ Թուրքիան վաղ թե ուշ անելու է այդ բանը։ Բայց դա տեղի է ունենալու ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ, այլ մեր երկրների միջեւ բարիդրացիության, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումից հետո։ Հետեւաբար, զգացմունքները մի կողմ թողնելով, այդ հարաբերությունները պետք է կառուցել մեկնելով այն իրողությունից, որ 1915 թվականի իրադարձությունները Հայաստանը համարում է Ցեղասպանություն, իսկ Թուրքիան՝ ոչ։ Մեզ համար անընդունելի եւ վիրավորական է հայ եւ թուրք պատմաբանների հանձնախումբ ստեղծելու մասին արված հայտնի առաջարկը, քանի որ դա նախ՝ կասկածի տակ է դնում մեր համազգային համոզումը, եւ երկրորդ՝ բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչման կայացած փաստն այլեւս ավելորդ ու ժամանակավրեպ է դարձնում նման հանձնախմբի ստեղծումը։

Այն ամենն, ինչ ասվեց Հայաստանի մասին, բոլորովին չի վերաբերում Սփյուռքին։ Ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանն ունի իր ըմբռնումն ու օրակարգը, Սփյուռքն՝ իրենը։ Հայաստանը չի կարող եւ իրավունք չունի Սփյուռքին թելադրել իր ըմբռնումն ու օրակարգը։ Աշխարհացրիվ հայ ժողովրդի զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու եւ ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա եւ նրանցից պահանջելու՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին։ Թուրքիան նախ՝ չպետք է Հայաստանը շփոթի Սփյուռքի հետ, եւ երկրորդ՝ չպետք է դժգոհի վերջինիս պահվածքից, քանի որ Սփյուռքը Ցեղասպանության հետեւանքն է։ Թող Ցեղասպանություն չաներ՝ Սփյուռք չէր լինի։

Մենք իրավունք չունենք այլեւս կրկնել 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական մտքի ճակատագրական սխալը եւ հայ-թուրքական հարաբերություններում ապավինել երրորդ ուժի։ Այդպիսի քաղաքականության ողբերգական հետեւանքները հայտնի են բոլորին։ Դա քաղաքականություն էլ չէ, այլ խեղճի, որբի, անզորի հոգեբանություն։ Երբ ուժ չունես պատժելու քո հակառակորդին, հրճվում ես, որ նրան պատժում են ուրիշները։ Ոգեւորվում ես, որ տարբեր երկրներ Թուրքիային վերաբերող աննպաստ որոշումներ են կայացնում։ Եւ վերջապես, ցնծում ես, որ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը պարտվում է մի այլ հավաքականի։ Մեզանից յուրաքանչյուրը մանուկ հասակում ապրած պետք է լինի այդ հոգեվիճակը։ Երբ քեզ ծեծում էին, ու դու անզոր էիր, ուրախանում էիր, որ մի ուրիշը ծեծում է քեզ ծեծողին։ Երեխան՝ հասկացանք, հասարակ մարդը՝ հասկացանք, իսկ մի՞թե պետական այրն իրավունք ունի առաջնորդվել այս հոգեբանությամբ։

Շատ ժողովուրդներ ու պետություններ տարբեր հանգամանքներում ու տարբեր պատճառներով հայտնվել են համազգային աղետի առջեւ։ Հայերն ու հրեաները ենթարկվել են ցեղասպանության։ Գերմանիան ու Ճապոնիան ջախջախիչ պարտություն կրելով, հիմնահատակ ավերվել են։ Օսմանյան Թուրքիան, Բրիտանիան եւ Ռուսաստանը կորցրել են իրենց հզորագույն կայսրությունները։ Նրանցից յուրաքանչյուրն իր ողբերգությունը համարում է եզակի. ինչպես արտահայտվել է Տոլստոյը՝ «Երջանիկները նման են իրար, իսկ դժբախտները՝ դժբախտ յուրովի»։ Սակայն համազգային ողբերգություն ապրած համարյա բոլոր ժողովուրդներն ու պետություններն էլ այդ ողբերգությունը դարձրել են ոչ թե հուսալքության կամ թերարժեքության, այլ ապաքինման ու հզորացման գործոն։ Նրանք իրենց մեջ ուժ են գտել ոչ միայն ամոքելու իրենց վերքերը, ազատվելու պատմական բարդույթներից, այլեւ վերածնունդ ապրելու ու դասվելու աշխարհի ամենակենսունակ ու ծաղկուն պետությունների շարքը։ Ի՞նչ է մեզ խանգարում՝ շարունակ ողբալու, աշխարհից դժգոհելու եւ արդարություն մուրալու փոխարեն, հետեւել այդ ազգերի օրինակին։ Մինչեւ չհաղթահարենք զոհի հոգեբանությունը, մինչեւ չազատվենք անցյալի բարդույթներից, մինչեւ չնայենք դեպի ապագա՝ մենք ժամանակակից ու կենսունակ ազգ չենք կարող դառնալ։ Այդ հոգեբանությունը հաղթահարելու միակ միջոցը Հայաստան երկրի շենացումն ու հզորացումն է՝ երկիր, որն այսօր գտնվում է բորենիների ձեռքում։ Պատմությունը հպարտության աղբյուր է շատ ազգերի համար, բայց պատմական բեռը՝ անցանկալի կապանք։

Այս ելույթից հետո էլ, առանց դույզն իսկ կասկածի, կգտնվեն մարդիկ, ովքեր իմ խոսքերը կտրելով կոնտեքստից կամ պարզապես աղավաղելով դրանք, գյուտարարի հրճվանքով ինձ կվերագրեն մտքեր, որոնք իրականության հետ կապ չունեն։ Ես պատասխանատու եմ միայն իմ մտքերի, իմ խոսքերի համար, եւ մտադիր չեմ երբեւէ անդրադառնալ այդ տիպի աճպարարություններին։ Ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը գլխավորապես տուժել է իր կառավարիչների տգիտությունից, անհեռատեսությունից ու արկածախնդրությունից։ Մինչդեռ ողջամտությունը երբեք նրան վնաս չի բերել։ Ես հավատում եմ ձեր ողջամտությանը եւ կասկած չունեմ, որ դուք ինձ ճիշտ կընկալեք՝ նույնիսկ նախընտրական տրամաբանությամբ ինձ դիվիդենտներ չբերող այս զգայուն հարցում։

Թաթար-մոնղոլական խանություն

Հոկտեմբերի 26-ի հանրահավաքին ներկայացրած ելույթում, բնութագրելով Քոչարյանա-սերժական վարչախմբի ձեւավորած տնտեսական համակարգի էությունը, ես նշել էի, որ այն որեւէ կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆեոդալիզմի, ո՛չ իսկ անվանապես հռչակված կապիտալիզմի հետ, եւ ավելի շուտ հիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ։ Միանգամից զգուշացնեմ, որ սա էթնիկական բնութագրում չէ, այլ զուտ գիտական հասկացություն՝ հիմնավորապես ուսումնասիրված եւ մշակված համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր պատմաբանների, մասնավորապես ռուս արեւելագետների՝ Բարտոլդի, Վլադիմիրցովի, Գրեկովի, Յակուբովսկու կողմից։

Ո՞րն է, արդ, թաթար-մոնղոլական խանության էությունը։ Ինչպես հայտնի է, 13 – 14-րդ դարերում մոնղոլները, Չինգիզ խանի եւ նրա ժառանգորդների գլխավորությամբ, ստեղծել էին մարդկության պատմության ամենաընդարձակ ցամաքային կայսրությունը։ Նրանց աշխարհակալական կամ տիեզերակալական գաղափարախոսության հիմքում ընկած էր «երկնքում մեկ Աստված, եւ երկրում մեկ տիրակալ» սկզբունքը։ Մոնղոլների իշխանությունն, ըստ այդմ, երկնապարգեւ էր, եւ նրանք Աստծու կողմից կոչված էին տիրելու ողջ աշխարհին։ Մյուս ազգերը պարտավոր էին հնազանդվել նրանց, իսկ դիմադրելու պարագայում ենթակա էին բնաջնջման։ Այդպիսի պատկերացման շրջանակներում չէր տեղավորվում ոչ միայն թշնամական, այլեւ նույնիսկ դաշնակից պետությունների գոյությունը, քանի որ դաշինքը կողմերի հավասարություն էր ենթադրում։

Մոնղոլական կայսրության ողջ տարածքը, բովանդակ շարժական եւ անշարժ գույքով համարվում էր խանի ու նրա գերդաստանի սեփականությունը։ Ըստ այդմ, խանական տոհմի սեփականություն էին հանդիսանում ոչ միայն հողն ու նրա վրա կառուցված շինությունները, այդ թվում՝ եկեղեցիներն ու մզկիթները, այլեւ ողջ ազգաբնակչությունը՝ տղամարդիկ, կանայք, երեխաները, ինչպես նաեւ՝ նրանց պատկանող անասուններն ու աշխատանքային գործիքները։ Մոնղոլական Մեծ խանը կամ խաքանը կայսրության հողերը բաժանում էր իր որդիների եւ եղբայրների միջեւ՝ նրանց օժտելով ժառանգական սեփականության եւ իշխանավարության լայն լիազորություններով։ Սակայն առ ի չգոյէ բավարար մարդկային եւ պրոֆեսիոնալ ռեսուրսների՝ մոնղոլները նվաճված երկրների եւ վասալ-պետությունների կառավարման հոգսը սովորաբար դնում էին տեղական թագավորների, իշխանների, սուլթանների եւ էմիրների վրա։ Խաների կողմից վերջիններիս շնորհվում էին սեփականության եւ վարձակալության որոշ իրավունքներ, որոնք, սակայն, ժառանգաբար չէին փոխանցվում։ Իրենց արտոնություններն ու առանձնաշնորհումները պահպանելու համար՝ տեղական կառավարիչները հլու-հնազանդ կատարում էին մոնղոլների կամքը՝ կեղեքելով ու հարստահարելով սեփական ժողովուրդներին։ Անհնազանդներն ու ապստամբները, բնականաբար, իսկույն ոչնչացվում էին։ Ձգտելով շահել իրենց տերերի բարեհաճությունը՝ վասալ-իշխանավորները եւ նրանց սպասարկող մտավորականներն ու հոգեւորականները ներբողներ էին ձոնում մոնղոլ խաներին ու նրանց պաշտոնյաներին, ինչը որոշ չափով նպաստում էր սեփական ժողովուրդների կենսունակությունն ու անվտանգությունն ապահովելու գործին։

Թաթար-մոնղոլների բնորոշ հատկանիշներից էր նաեւ այն, որ նրանք, ի տարբերություն արաբների, չստեղծեցին իրենց ընդարձակ կայսրությունը միավորող գաղափարախոսություն, ինչը շուտով պիտի դառնար այդ կայսրության վաղահաս կործանման գլխավոր պատճառներից մեկը։ Մինչդեռ իսլամն, իր միավորիչ առաքելությամբ, արդեն շուրջ 1400 տարի է, ինչ ապացուցում է իր կենսունակությունը եւ այսօր էլ շարունակում է մնալ համաշխարհային գործընթացները պայմանավորող ծանրակշիռ գործոններից մեկը։ Մոնղոլներն ընդհանուր առմամբ անտարբեր կամ հանդուրժող էին նվաճված ժողովուրդների կրոնների ու դավանությունների նկատմամբ։ Ի սկզբանե ազգովին լինելով շամանիզմի հետեւորդներ՝ երբ որ պետք էր, նրանք դառնում էին բուդդայական, իսկ երբ հարմար էին գտնում՝ ընդունում էին մահմեդականություն կամ քրիստոնեություն։

Այժմ զուգահեռ անցկացնելով մեր իրականության հետ՝ տեսնենք, թե ինչով է Քոչարյանա-սերժական իշխանապետությունը տարբերվում թաթար-մոնղոլական խանությունից։ Նմանությունը, իսկ ավելի ճիշտ՝ նույնությունը պարզապես ապշեցուցիչ է եւ չափազանց ուսանելի՝ պատմաբանների ու քաղաքագետների համար։ Թաթար-մոնղոլական խաների նման՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նույնպես Հայաստանը համարում են իրենց սեփական կալվածքը՝ այն բաժանելով իրենց հարազատների, մոտ ու հեռու ազգականների, խնամիների, փեսաների, քավորների ու սանիկների միջեւ։ Ղարաբաղում գործից ազատված յուրաքանչյուր պաշտոնյա անմիջապես պաշտոն է ստանում Հայաստանում։ Աստիճանաբար, բայց հաստատուն քայլերով, ղարաբաղցիները տեղ են զբաղեցնում նաեւ մեր երկրի բիզնեսի ոլորտում՝ դառնալով ներկա իշխանությունների հուսալի հենարանը։ Իմիջիայլոց, այս, մեղմ ասած, կարճատես, բայց իրականում դավաճանական քաղաքականության պատճառով Քոչարյանա-սերժական զույգը լուրջ վտանգի տակ է դնում Ղարաբաղի գոյությունը՝ խթանելով նրա դատարկումը եւ նպաստելով նրա մարդկային ռեսուրսների նվազմանը, ինչն արդեն իսկ ազդում է վիճակագրության վրա, եւ ինչը մի օր մեզ կարող է կանգնեցնել ազգային աղետի՝ կատաստրոֆայի առաջ։ Դա ցույց է տալիս, որ նրանց չի հետաքրքրում Ղարաբաղի ճակատագիրն անգամ։ Նրանք վաղուց իրենց ընտանիքների բոլոր անդամներին, ազգականներին, խնամիներին ու քավորսանիկներին տեղափոխել են Հայաստան։ Եթե Ղարաբաղին բան պատահի, նրանք աչք անգամ չեն թարթելու։ Մե՛ր եւ ձե՛ր սիրտն է ցավելու, մե՛նք ենք մղկտալու։

Շարունակենք, սակայն, վերը գծված զուգահեռականության անցկացումը։ Մոնղոլների պես, չունենալով բավարար մարդկային եւ պրոֆեսիոնալ ռեսուրսներ, Հայաստանի մերօրյա խաները ստիպված են երկրի կառավարման հոգսը հիմնականում դնել տեղական պաշտոնյաների եւ երեւելիների վրա՝ նրանց շնորհելով նախարարական ու պատգամավորական տիտղոսներ, միաժամանակ օժտելով սեփականատիրական եւ գործարարական որոշ իրավունքներով ու արտոնություններով։ Վերջիններս, միջնադարյան վասալների նման, հլուհնազանդ կատարում են տերերի հրամանները՝ բավարարվելով սեփական ժողովրդի կեղեքումից ու հարստահարումից իրենց հասնող բաժնով։ Նրանց սեփականությունն ու բիզնեսը ապահովագրված չեն իրավական երաշխիքներով, այլ ամբողջովին կախված են Քոչարյանի եւ Սարգսյանի քմահաճույքից։ Եթե Միշա Բաղդասարովին, Բարսեղ Բեգլարյանին, Լեւոն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Մայրապետյանին, Հրանտ Վարդանյանին, Հարություն Փամբուկյանին թվում է, թե իրենք սեփականատեր ու բիզնեսմեն են, ապա չարաչար սխալվում են։ Ցանկացած պահի, խաների քմահաճույքով, նրանք կկորցնեն թե՛ իրենց սեփականությունը, թե՛ բիզնեսը։ Եթե նրանցից մեկին ասվի, որ քո հեռուստաընկերությունն ու բանկը պիտի վաճառես մի ուրիշի, ապա այդպես էլ պետք է անի։ Եթե «Հայծխախոտ» ընկերության մի մեծ բաժնետիրոջ հրամայվի, որ իր բաժինը զիջի երրորդ անձի՝ պիտի ենթարկվի։ Եթե օրինական սեփականատիրոջից խլված ցեմենտի մի գործարան առաջարկվի մի այլ մեծահարուստի՝ պիտի համաձայնի եւ այլն։ Իսկ անհնազանդներն ու կիսվել չցանկացողները, առավել եւս՝ անկախ մտածողները, ենթակա են ոչնչացման, ինչի պերճախոս վկայությունը Խաչատուր Սուքիասյանի եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ վերջերս կիրառվող բիրտ գործողություններն են։

Բարձր ամբիոններից ու հեռուստաէկրաններից հայրենասիրության, արժանապատվության, հպարտության, արդարության, առյուծից առյուծ ծնվելու մասին հոյակապ ճառեր արտասանող մեր սիրելի ու հարգարժան ձեռներեցնե՛ր եւ գործարարնե՛ր, մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեք ձեզ պատիվ չբերող այդ նվաստացումը, մինչեւ ե՞րբ պիտի հաշտվեք ձեր ստրկական վիճակի հետ։ Մի՞թե չեք հասկանում, որ ձեր ծառայամտությամբ դուք ամրապնդում եք խանական իշխանության հիմքերը եւ ստրկության դատապարտում մեր ողջ ժողովրդին, նաեւ՝ ձեր իսկ երեխաներին։ Մի՞թե չեք տեսնում, որ մենք կանգնած ենք բախտորոշ հասարակական վերափոխման շեմին, որի նպատակն է բացառապես քաղաքական պայքարի խաղաղ, օրինական միջոցներով վերականգնել երկրի սահմանադրական կարգը։ Մե՛նք չէ, որ ձեզ պետք է հորդորեինք միանալ համազգային նոր շարժմանը։ Դո՛ւք պիտի առաջնորդեիք այն, եւ ժողովրդին տանեիք ձեր ետեւից։ Ի՞նչն է ձեզ խանգարում համախմբվել ու թոթափել բոլորի, այդ թվում՝ ձեզ համար ատելի խանական լուծը։ Ինչի՞ց եք վախենում։ Մի՞թե ավելի շատ բան ունեք կորցնելու, քան ժողովուրդը։ Ինչպե՞ս եք գիշերները քնում։ Արդյոք կարողանո՞ւմ եք նայել ձեր կանանց ու երեխաների աչքերին։ Ուստի քանի դեռ ուշ չէ, քանի դեռ չեք արժանացել ժողովրդի լիակատար քամահրանքին, ուղղեք ձեր մեջքը եւ վճռականորեն միացեք մեր շարքերին։

Հասկանալի է, թե դրան ինչն է խանգարում։ Հասկանալի է, թե ինչու եք այդքան վախեցած, կուչ եկած։ Հասկանալի է, թե ինչու եք շրջապատված սափրագլուխների գումարտակներով։ Այս ամենը հասկանալի է, քանի որ քոչարյանա-սերժական ռեժիմը ձեր դեմ կոմպրոմատներ ունի։ Դուք ստիպված եք եղել ձեր գործունեության մեջ բազմիցս խախտել օրենքը՝ խուսափել մաքսավճարներից ու հարկերից, կաշառել ու կաշառվել, թաքցնել ձեր իրական եկամուտները եւ այլն։ Բայց դա ձեր մեղքը չէ։ Դուք հարկադրաբար ենթարկվել եք այն խաղի կանոններին, որոնք սահմանել է ներկա վարչախումբը։ Դուք իրականում կատարել եք ձեր հարկային պարտավորությունները, բայց ձեր մուծումները հայտնվել են ոչ թե պետական բյուջեում, այլ բոլորովին ուրիշ տեղ։ Վստահաբար, նույնիսկ ավելին եք մուծել, քան պարտավոր էիք։ Սա է իրականությունը, եւ դուք այլ կերպ չէիք կարող վարվել, քանի որ հակառակ պարագայում կհայտնվեիք բանտերում կամ ստիպված կլինեիք թողնել բիզնեսը։ Նույնիսկ ամենաօրինապաշտ օտարերկրյա գործարարները, երբ հայտնվում են մեր նման երկրներում, կամա թե ակամա ենթարկվում են տեղի խաղի կանոններին՝ կաշառք բաժանում, հարկերից փախչում եւ այլն։ Այս ամենը հասկանալով հանդերձ, մեզ հուզում է այն հարցը, թե որքան ժամանակ պիտի հանդուրժեք այս դրությունը, մինչեւ երբ պիտի մնաք ստրուկի անպատվաբեր վիճակում։ Դուք, որ պիտի լինեիք տնտեսության զարգացման առաջամարտիկները՝ ստանձնելով թաթար-մոնղոլական խանության ստորաքարշ վասալների դերը, դարձել եք զարգացման գլխավոր խոչընդոտը։ Մինչդեռ գործելով օրենքի դաշտում, դուք կարող եք վերագտնել ձեր արժանապատվությունը, հարգվել հասարակության կողմից, եւ նույնիսկ ընդլայնել ձեր բիզնեսն ու բազմապատկել ձեր եկամուտները։ Եթե շարունակեք պատվազրկությամբ ծառայել ներկա իշխանություններին, ապա նրանք ցանկացած պահի ձեզ կոչնչացնեն առանձին-առանձին։ Իսկ եթե միահամուռ կերպով ընդդիմանաք նրանց, ապա մեկ օր անգամ չեն դիմանա։

Հայաստանի ներկա իշխանությունները թաթար մոնղոլներին նույնանում են նաեւ գաղափարախոսության բնագավառում դրսեւորած անլուրջ եւ ոչ հետեւողական վարքագծով։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մինչեւ 1990 թվականը կոմունիստ էին, այն էլ ոչ շարքային։ Հետո դարձան ՀՀՇ-ական. Քոչարյանը նույնիսկ ընտրվեց ՀՀՇ-ի վարչության կազմում, իսկ Սարգսյանն առաջադրվեց, բայց չհավաքեց դրա համար անհրաժեշտ ձայները։ Այնուհետեւ Քոչարյանը, թեեւ ոչ ֆորմալ, հակվեց դեպի Դաշնակցություն եւ Հայ դատ, իսկ Սարգսյանը գլխավորեց Նժդեհա-ցեղակրոն կուսակցությունը։ Եթե պետք լինի, վաղը նրանք կդառնան մուսավաթական։

Ասվեց արդեն, որ մոնղոլական խանության պարտադիր ատրիբուտներից մեկն էլ նվաճված ժողովուրդների ծոցից ծնված ներբողագիրների առկայությունն էր։ Հետեւաբար, արտառոց չէ, որ Հայաստանի ներկա իշխանություններին սպասարկող նոմենկլատուրային մտավորականության ներկայացուցիչներն ու, այսպես կոչված, պատասխանատու լրատվամիջոցների աշխատակիցները, միջնադարյան մատենագիրների ու եկեղեցականների նման, գիշերուզօր ներբողներ են ձոնում մերօրյա խաներին։ Անուններ չեմ ուզում տալ, նախ՝ չպղծելու համար այս սուրբ հրապարակը, եւ ապա՝ քանի որ դրանք հայտնի են բոլորին։ Անունները նշանակություն էլ չունեն, որովհետեւ այդպիսի ներբողագիրներ 1937-ին էլ կային, երբ նրանց գործընկերները՝ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Վահան Թոթովենցը, Զապել Եսայանը, Մկրտիչ Ջանանը, Թադեոս Ավդալբեգյանը գնդակահարվում էին Երեւանի զնդաններում, իսկ Գուրգեն Մահարին, Վահրամ Ալազանը, Վաղարշակ Նորենցը, Մկրտիչ Արմենը, Վալտեր Արամյանը, Աշոտ Հովհաննիսյանը եւ շատ ուրիշներ փտում էին սիբիրյան ճամբարներում։

Այդպիսիք կային նաեւ բրեժնեւյան ժամանակներում, երբ բազմաթիվ այլախոհներ, իսկական հայրենասերներ, մարդու իրավունքների պաշտպաններ արգելափակված էին Խորհրդային Միության տարբեր բանտերում, գաղութներում եւ հոգեբուժարաններում։ Եթե մոնղոլ խաներին հաճոյացող եւ ներբողներ ձոնող միջնադարյան մատենագիրներն ու եկեղեցականները գոնե արդարացում ունեին, քանի որ նրանց նպատակը խաների դաժանությունը մեղմելն ու ժողովրդի վիճակը թեթեւացնելն էր, ապա մերօրյա պալատական ներբողագիրներին առաջնորդում է բացառապես անձնական շահը եւ պատիվների ու շքանշանների արժանանալու տենչը։ Չեմ պատկերացնում, թե նրանք ինչպես պետք է իրենց հայացքը փախցնեն թռուցիկ տարածելու համար ոստիկանատներ տարվող ու ծեծի ենթարկվող իրենց ուսանողներից։

Ինչպես նշեցինք, մոնղոլների սեփականությունն էր համարվում նաեւ նվաճված երկրների ողջ ազգաբնակչությունը, որը ոչ միայն պարտավոր էր հլուհնազանդ կատարել տերերի կամքը, այլեւ երախտագիտություն արտահայտել նրանց ցուցաբերած ողորմածության համար։ Նույնն է Հայաստանի ներկա իշխանությունների պարագայում։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն անկեղծորեն չեն հասկանում, թե ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները պիտի դժգոհեն իրենցից, առավել եւս՝ ատեն իրենց։ Չեն ընկալում, թե ինչո՞ւ ժողովուրդը չի գնահատում իրենց ողորմածությունն ու գթասրտությունը։ Չեն ըմբռնում, թե ինչո՞ւ մարդիկ գիշերուզօր չեն փառաբանում իրենց եւ չեն աղոթում իրենց արեւշատության համար։ Չէ՞ որ նրանք սնվում, շնչում, երեխաներ են ծնում իրենց բարեմտության շնորհիվ։ Չէ՞ որ, եթե կամենային, կարող էին նրանց զրկել ոչ միայն հացից, ջրից, օդից ու երեխաներից, այլեւ կյանքից։ Ուստի, ի հեճուկս այդ երախտամոռ ժողովրդի, նրանք պիտի ամեն գնով պահպանեն իշխանությունը եւ վրեժ լուծեն Հայաստանի անաղուհաց քաղաքացիներից։ Քոչարյանն ու Սարգսյանն, այսպիսով, չեն տարբերվում ոչ միայն մոնղոլ աշխարհակալներից, այլեւ իրենց անմիջական նախնիներից՝ Փանահ-խանից ու Մելիք-Շահնազարից։

P. S. – Հետգրություն

Ես չեմ ուզում այս երեկո ձեզ հրաժեշտ տալ մեր երկրի տխուր իրականությունից ստացած մռայլ տրամադրությամբ։ Ուստի կփորձեմ ձեզ զվարճացնել մի քանի անեկդոտատիպ պատմություններով։

*  *  *

Օրեր առաջ, ամբողջացնելով Հայաստանի ավազակապետության ղարաբաղյան բուրգը, Ռոբերտ Քոչարյան – Սերժ Սարգսյան երկվորյակին միացավ քաջահամբավ Սամվել Բաբայանը։ Այդ բախտին արժանանալու համար վերջինս, բնականաբար, կանխավճար պիտի մուծեր։ Իսկ կանխավճարը հայտնի է՝ ամենահետին խոսքերով հայհոյել Հայաստանի նախկին իշխանություններին եւ, որքան հնարավոր է, լուտանքներ թափել իմ հասցեին։ Որպեսզի ձեզ համար պարզ դառնա Բաբայանի բարոյական կերպարը, հարկադրված եմ ներկայացնել, թե ինչպես է նա ինձ գնահատել ընդամենը երեք տարի առաջ. «Մեծարգո Լեւոն Հակոբի, ընդունեցեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան 60-ամյակի առթիվ։ Բարձր եմ գնահատում Ձեր տեւական ավանդը ինչպես արցախյան ազգային-ազատագրական պայքարի կազմակերպման ու նրա համակողմանի նվաճումների ապահովման ասպարեզում, այնպես էլ՝ Հայաստանի ու Արցախի տարածքներում Հայոց պետականության վերականգնման ու ամրապնդման պատմակշիռ գործում։ Կրկին կարեւորելով նորանկախ Հայաստանի առաջին նախագահիդ նշանակալից հոբելյանը՝ որպես էական մի շրջափուլ ոչ միայն Ձեր, այլեւ ընդհանրապես հայրենի հասարակական-քաղաքական կյանքում, ի սրտե մաղթում եմ Ձեզ արցախյան արեւշատություն, անձնական երջանկություն եւ հարաճուն հաջողություններ. Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայան. 2005 թ. հունվարի 9» (ՀՀ Առաջին նախագահի արխիվ, 09.01.2005թ.)։ Կարիք չկա ավելացնելու, որ հերոս-գեներալի արտասանած որեւէ այլ խոսք, որ կհակասի այս գնահատականին, գրոշի արժեք չունի։

*  *  *

Վերջին շրջանում մի քանի լրատվամիջոցներ ինձ բացահայտել են մի նոր դավաճանության մեջ. թե իբր ես, դիմելով օտարներին, նրանց դրդում եմ միջամտել մեր երկրի ներքին գործերին։ Սա ներելի թյուրիմացություն է, քանի որ այդպես կարծողներն, ըստ երեւույթին, գրագիտության պակասի պատճառով, չեն գիտակցում, որ Եւրոխորհուրդը, նրա Խորհրդարանական վեհաժողովը եւ ԵԱՀԿ-ն մեր սեփական կազմակերպություններն են, եւ ոչ թե օտար մարմիններ։ Չեն գիտակցում նաեւ, որ Հայաստանը, լինելով այդ կառույցների լիիրավ անդամ, պարտավորություններ է ստանձնել նրանց առջեւ։ Հետեւաբար, մենք մեր իսկ կառույցներից ընդամենը պահանջում ենք վերահսկել այդ պարտավորությունների կատարումը։ Պահանջը հիմնված է այն ակնհայտ իրողության վրա, որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել այդ կազմակերպությունների առջեւ, ապա դա նշանակում է, որ այդ կազմակերպություններն էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջեւ։ Այս ամենից հետեւում է, որ նշված կառույցներն օտար համարելու դեպքում Հայաստանն, ընդհանրապես, տեղ չպետք է ունենա որեւէ միջազգային կազմակերպությունում։

*  *  *

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այս օրերին իրենց մխիթարում են, թե Տեր-Պետրոսյանի փամփուշտներն արդեն սպառվել են, եւ նա իրենց մասին այլեւս նոր ասելիք չունի։ Խորապես ցավում եմ, բայց կրկին պիտի հիասթափեցնեմ նրանց։ Նախ՝ մինչ այժմ արձակված փամփուշտները դեռ սլանում են, եւ, հազար տարի էլ անցնի, նրանք չեն ազատվելու ավազակապետի պիտակից։ Եւ երկրորդ, ինչպես ակնհայտորեն հետեւում է այս ելույթից, իմ փամփուշտներն անսպառ են, որքան անսպառ են անբաժան զույգի դեռեւս մինչեւ վերջ չբացահայտված օրինազանցությունները։

*  *  *

Որոշ լրագրողներ եւ նույնիսկ համակիր քաղաքական գործիչներ ինձ համարում են Սերժ Սարգսյանի միակ կամ ամենալուրջ այլընտրանքը։ Եթե նրանք կարծում են, թե դրանով ինձ պատիվ են մատուցում, ապա չարաչար սխալվում են։ Օրինական ընտրություններ անցկացնելու պարագայում Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կարող է հաղթել նախագահացու վարչապետին։ Այնպես որ Սերժ Սարգսյանն իրականում այլընտրանք չունի։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ունի, ապա այդ այլընտրանքը Սաշիկն է կամ Թոխմախի Մհերը։

*  *  *

Ի դեպ, Թոխմախի, կամ ավելի ճիշտ, Բոշի-մայլի Մհերի մասին։ Մտքի այդ տիտանը վերջերս անզգուշություն ունեցավ կատարելու երեք սայթաքում. առաջին՝ Երեւանի երկու բարեհամբավ, բայց անանուն թաղապետերից մեկի անձում ճանաչեց իրեն. երկրորդ՝ մատնեց կամ զրպարտեց իր գործընկերոջը. եւ երրորդ՝ իր վրա քրեական հոդված վերցրեց, խոստովանելով, որ 1996 թվականին կոպիտ ընտրախախտումներ է թույլ տվել։ Թող, ուրեմն, չկասկածի, որ երեք ամիս հետո նա դատվելու է հենց 1996-ին կատարած ընտրախախտումների համար։

*  *  *

Նոյեմբերի 29-ին, թաղային տխրահռչակ ոստիկանապետերից մեկը բերման է ենթարկել մի քաղաքացու եւ «բարեկամաբար» հորդորել ետ կանգնել ինձ սատարելու մտքից՝ միաժամանակ սպառնալով, որ հակառակ դեպքում նրանից կխլի իր խանութը։ Երբ քաղաքացին առարկել է ասելով, թե՝ «ո՞նց կխլես իմ սեփականությունը», ոստիկանապետը պատասխանել է. «Էս երկիրն էլ Ռոբի ու Սերժիկի սեփականությունն է. բա դուք ո՞նց եք ուզում խլել նրանց ձեռից», ավելացնելով նաեւ, որ «տաս տարի Սերժիկն է նստելու նախագահ, դրանից հետո էլ՝ Ռոբի տղեն»։ Կարելի է ուղղակի հիանալ այս հիրավի տաղանդավոր ոստիկանապետի խորաթափանցությամբ, որն ապշեցուցիչ ճշգրտությամբ է ընկալել Հայաստանում հիմնադրված թաթար-մոնղոլական խանության էությունը։

*  *  *

Այս օրերին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Հանրապետության նախագահի համար, 45 միլիոն դոլարով գնվել է «Էյրբաս Ա-319» մակնիշի մի շքեղ ինքնաթիռ։ Կարծում եմ, մեր երկիրն այսօր այն վիճակում չէ, որ իրեն շռայլություն թույլ տա 45 միլիոն դոլարի արժողությամբ ինքնաթիռ գնել։ Այդ գումարը կբավականացներ առնվազն 200 դպրոց վերանորոգել կամ, Սփյուռքից տարեկան 4-5 միլիոն դոլար մուրալու փոխարեն, կառուցել Ղարաբաղի բոլոր ճանապարհները։ Ուստի պաշտոնապես հայտարարում եմ՝ նախագահ դառնալու դեպքում ես կկարգադրեմ անմիջապես վաճառել այդ ինքնաթիռը եւ գումարը մուտքագրել պետական բյուջե։

*  *  *

Ավարտելով ելույթս, այս անգամ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, որոնց հանճարեղ մտքերն ու ոսկեղենիկ արտահայտությունները մեծապես նպաստում են իմ քարոզարշավին։ Նրանց յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր դիմախաղ, յուրաքանչյուր կեղծ ժպիտ անսահմանորեն հզորացնում է ձեր շարժումը։ Ուստի մի՛ գանգատվեք, մի՛ բողոքեք նրանցից, այլ գոհացեք, որ Աստված ձեզ այդպիսի անճարակ մրցակիցներ է պարգեւել։ Նրանք այսօր ամենաօգտակար գործիքն են՝ մեր ընդհանուր նպատակի իրականացմանը ծառայեցնելու համար։

Շնորհակալություն ուշադրության եւ համբերության համար։ Բարի գիշեր։