2007-ի պետբյուջեի կատարման համար մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել: Պետբյուջեում հարկային մուտքերը պլանավորվել են մոտ 90մլրդ, իսկ մաքսային մուտքերը` մոտ 50մլրդ դրամ: Այս մասով բավականին անելիքներ ունի Հարկային պետական ծառայությունը. երրորդ եռամսյակի ցուցանիշներով հավաքագրվել է մոտ 60մլրդ դրամ: Ինչպե՞ս կամ ո՞ւմ հաշվին է Հարկայինն ապահովելու մնացած 30մլրդ դրամի մուտքերը: Այս հարցի պատասխանը ստանալու համար եղանք մայրաքաղաքի մի քանի հասարակական սննդի օբյեկտներում` ռեստորաններում, սուպերմարկետներում եւ մեծ ջանքերի գնով հաջողվեց զրուցել դրանց սեփականատերերի հետ:
Հարկերի հավաքագրման մեխանիզմները տարբեր ժամանակներում փոփոխվել են վարչապետերի փոփոխության հետ, եւ նման վերջին փոփոխություններից մեկը Հարկային պետական ծառայության տարածքային ստորաբաժանումների պետերի հերթագայումը կամ ռոտացիան է: Պատահականության սկզբունքով ընտրված մեր զրուցակիցները բոլորն էլ ունեին հարկային գերավճարներ: ԱԱՀ-ով հարկվող հանրային սննդի կետ համարվող այս ռեստորանը (հասկանալի պատճառներով՝ անունը չենք նշում) 4մլն դրամի գերավճար ունի ԱԱՀ-ի, 1.5 մլն դրամ էլ՝ շահութահարկի, 500 հազար դրամ էլ՝ հաստատագրված վճարի գծով: Վերջինիս սեփականատերը փաստաթղթերով հիմնավորում է իր գերավճարի բանկային փոխանցումները եւ հավաստիացնում է, որ տարածքային հարկային ծառայությունները պարտադրում են ամսական շրջանառության 10 տոկոսի չափով գերավճար մուծել: Մեկ այլ ռեստորանի էլ հարկային տեսուչները պարտադրում են ամսական 200 հազար դրամի եկամտահարկի գծով գերավճար մուծել, մինչդեռ վերջինս հարկվում է հաստատագրված վճարով: Գերավճարի առկայությունը ոչ մի գործարարի չի ուրախացնում այն պարզ պատճառով, որ հարկային մարմինները սկսել են հերթական ստուգումները: Սա նշանակում է, որ առաջնահերթ կարգով ստուգվելու են գերավճարներ ունեցող ձեռնարկությունները, որի արդյունքում տվյալ ձեռնարկությունների վրա ճիշտ գերավճարի չափով տուգանք է գրվելու: Այսպիսով, տարվա ավարտին գերավճարները «մաքրվում» են, որպեսզի 2008-ը սկսեն առանց պարտքերի: Մենք զրուցեցինք նաեւ հաշվապահական խորհրդատվության մեջ մասնագիտացած մի ընկերության տնօրենի հետ, ով ասում է, որ հարկային տեսուչները, որպես կանոն, տնտեսվարողներին տուգանում են անօրինական կարգով: «Օրենքները գրված են ի շահ տնտեսվարողի, եւ հարկային տեսուչը մեծ տուգանքներ գրելու շատ քիչ հնարավորություն ունի: Հաշվապահական փաստաթղթերի սխալ վարման հետ կապված՝ Հարկայինը չի կարող 1մլն դրամից ավելի խախտում գտնել: Նրանք ընդհանրապես չեն կարող թաքցված հասույթ հայտնաբերել, մինչեւ որ համապատասխան հետաքննություն չկատարվի: Խնդիրը նրանում է, որ ընկերություններում աշխատող հաշվապահներն իրավաբան չեն եւ չեն կարողանում օրենքն իրենց շահերին ծառայեցնել: Այսպիսի մի դեպք ունեինք, երբ տեսուչը պարզեցված հարկի գրքի մեջ մի թիվ է հայտնաբերել, որը չէր երեւում հաշվետվություններում: Հարկային տեսուչն իրավունք չունի տվյալ թիվը թաքցված հասույթ համարել, քանի որ նա պետք է առաջնորդվի հաշվապահական փաստաթղթերով, կոնկրետ հաշվետվությամբ եւ ոչ պարզեցված հարկի գրքերով, որը փաստաթուղթ չի համարվում: Ցանկացած հաշվապահ Հարկայինի հայտնաբերած այս խախտման տակ ստորագրող է, որն անօրինական ակտ կարելի է համարել: Բանիմաց հաշվապահները շատ քիչ են, ուստի հարկային տեսուչներին հաջողվում է ձեռնարկատիրոջ հետ համաձայնության գալով` ցանկալի թվի շուրջ ակտ կազմել: Եթե տվյալ ակտերը բողոքարկվեն դատական ատյաններում, ապա ձեռնարկատերերը կարող են ետ բերել իրենց վճարած գումարի ճիշտ կեսը: Այստեղ էլ դատավորների հետ պետք է լեզու գտնել: Դատավորը պատրաստ է 50/50 փայաբաժնով ետ բերել ցանկացած ակտի գումար: Դրա համար էլ կարծես Հարկայինի նոր պետի կողմից ներքին հրահանգ կա՝ չհիմնավորված ակտեր չգրել»,- ասում է Հայաստանում պրոֆեսիոնալ հաշվապահի համբավ ունեցող մեր զրուցակիցը: Այս մարդը հարկային տեսուչների համար անցանկալի անձ է համարվում եւ նրա խորհրդատվությունից օգտված տնտեսվարողները ստուգումների արդյունքում գրված ակտերի գումարի մեծ մասը դատական կարգով կարողացել են ետ վերադարձնել:
Գործարարները բավականին հետաքրքիր դատողություններ են անում, թե ինչպես բարձրացնել հարկահանության էֆեկտիվությունը, եւ նույնիսկ մեխանիզմներ են առաջարկում, ինչպես իրողություն դարձնել եկող տարվա 2.5 մլրդ դոլարանոց պետական բյուջեն: Այս առաջարկները, կարծում ենք, հետաքրքիր կլինեն եւ՛ ընթերցողների, եւ՛ հենց Հարկային պետական ծառայության համար: Նախ գործարարները բավականին անիմաստ են համարում «Պարզեցված հարկի մասին օրենքում» փոփոխությունները, որով սահմանափակվեցին այս հարկատեսակով աշխատող ոլորտները, եւ մի պարզ հարց են տալիս Կառավարությանը. ո՞րն է երաշխիքը, որ ԱԱՀ-ով աշխատողները չեն թաքցնելու իրենց հասույթները եւ ավելի շատ հարկ են վճարելու, քան նախկինում: Ըստ նրանց, քանի դեռ կա կանխիկ փողի շրջանառություն, լինելու է դրամական շրջանառությունները թաքցնելու երեւույթը: Փոխանցման համակարգին անցնելու դեպքում, այլեւս անհնար է լինելու հարկերից խուսափելը: Սրա համար նախ պետք է խրախուսել բնակիչներին՝ գնումները կատարել բանկային քարտերով: Պետությունը պետք է սպասարկման բոլոր կետերին պարտադրի տեղադրել «պոստ տերմինալներ»` բանկային քարտերի սպասարկման կետեր, ինչպես պարտադրեց ՀԴՄ-ներ տեղադրել: Մայրաքաղաքի այն հանրային սննդի կետերը, որոնք ունեն «պոստ տերմինալներ», այլեւս չեն կարողանում թաքցնել իրենց եկամուտները եւ դուրս են մնացել հաստատագրված վճարի դաշտից (եթե ռեստորանի 1քմ եռամսյա հասույթը հասնում է 200 հազար դրամի, ապա չի կարող աշխատել հաստատագրված վճարով եւ պետք է հարկվի ընդհանուր հարկային ռեժիմով): Բանկային քարտերը բացարձակապես անընդունելի են համարվում բենզինի եւ գազի լցակայանների համար: Իսկ առերեւույթ «պոստ տերմինալներ» տեղադրած կայաններն էլ բանկային քարտով վճարել ցանկացող հաճախորդներին պատճառաբանում են, թե կապն այդ պահին լավ չի աշխատում` պահանջելով վճարել կանխիկ գումար: Մյուս կողմից էլ՝ պետությունը պետք է խրախուսի բնակիչներին առեւտուրն իրականացնել քարտային համակարգով: Օրինակ, Թուրքիայում եթե բնակիչը ներկայացնում էր իր քարտային հաշիվները, ապա բնակչին իր ներկայացրած գումարի 10 տոկոսի չափով փոխհատուցում է տրամադրում: Մեր զրուցակից գործարարների կարծիքով, Հայաստանն էլ կարող է խրախուսման շեմեր սահմանել, եւ կարճ ժամանակ հետո կավարտվի ստվերի դեմ պայքարի ծրագիրը: «Նոր հեծանիվ չենք հորինում, պետք է գնալ այն ճանապարհով, որը վաղուց է կառուցվել: Այսօր մանր եւ միջին բիզնեսի վրա հարկ ավելացնելով՝ ուղղակի նույնքան էլ թանկացնում են ապրանքների գները: Ոչ ոք իր բիզնեսը չի փակելու, պարզապես գներն են բարձրացնելու: Եթե նման թափանցիկ համակարգ ներդնեն, ապա չի կարող ծաղկել արտոնյալ բիզնեսը»,- գտնում են գործարարները: