Էլինայի երկու անչափահաս երեխաների անփույթ ու մաշված հանդերձանքը ծածկել է նրանց դիմագծերը: Ասում եմ` «Գլխարկդ հանի` քեզ նկարեմ»: Ավագ տղան նեղացած ասում է` «Չէ, ցուրտ ա, գլուխս մրսում ա»: Արթուրն 8 տարեկան է, իսկ Արմենը` 6: Երկուսն էլ կայծակնային արագությամբ հանրակացարանի մի ծայրից մյուս ծայրն են վազում: Այս երկու երեխաների մեջ ինչ-որ անհասկանալի վայրենություն կա: Ասում եմ` «Լա՛վ, հերիք է վազեք, գլուխս պտտվեց, մի քիչ հանգիստ նստեք, որ խոսենք»: Արթուրն ու Արմենը շշմած նայում են երեսիս: Այս փոքրիկ տղաների վարքագիծն անհանգստացնող է, նրանց շարժումները կտրուկ են, իսկ խոսելիս կմկմում, չեն կարողանում մտքերն արտահայտել:
Էլինայի սենյակում բոլոր նախապայմանները կան, որպեսզի մարդն, առավել եւս՝ երեխաներն, իրենց համարեն էս աշխարհի ամենաանհաջողակն ու ամենամիայնակը: Սարսափելի ցրտից պատուհանների մշուշը սառույց է դարձել, իսկ ներսում ամեն ինչ ծանր է: Աղքատության սպեցիֆիկ հոտն առնելուն պես զգայարաններդ բթանում են ու հոտառության զգայարանը դառնում է էդ սպեցիֆիկ հոտի գերին: Ցնորվել կարելի է…
Անծանոթի ներկայությունն Էլինայի սենյակում շարժում է հարեւանների հետաքրքրասիրությունն, ու մարդիկ հերթով մտնում են ներս` Էլինայի մասին մի երկու խոսք ասելու համար: Տարեց հարեւանուհին զայրացած ասում է` «Աղջիկ ջան, սրա երեխաներին տիրություն արեք, մեղք են, սա չի կարում էս երեխեքին ոնց որ պետքն ա՝ մեծացնի: Էս տարի մեծ տղուն դպրոց չի տարել, սրանք լրիվ բարձիթողի են, խեղճ երեխեն գոնե գնում էր էնտեղ, հաց-մաց էր ուտում: Հիմա սոված սատկում են, ո՞նց կլինի դպրոց չտանի, սա սենց առանց ուսում էլ կմնա»: Էլինան հարեւանուհու խոսքերից այնպես է ազդվում, որ վիրավորված բղավում է. «Դու սուս մնա, հա՞, դու ի՞նչ գիտես իմ մասին, որ կանգնել-խոսում ես: Դու ի՞նչ գիտես, թե ես ինչ գնով եմ սրանց մեծացնում, որ տենց ես ասում: Ինչ վերաբերվում ա դպրոցին, ապա ես տանում եմ, ուղղակի հիմա հիվանդ ա երեխեն»: 29-ամյա կինը հուզմունքից ձայնի տոնայնությունը բարձրացնում է, որովհետեւ հարեւանուհու ասելիքի տողատակերում Էլինայի նկատմամբ քննադատություն կա: Ասում է, որ Արթուրը սովորում է Ավանում գտնվող գիշերօթիկ դպրոցում, ամենայն հավանականությամբ` դժվար դաստիարակվող երեխաների համար նախատեսված դպրոցում, որովհետեւ Արթուրի վարքագիծը դա է հուշում: Արթուրը մեկ նայում է մորը, մեկ` հարեւանուհուն: Մինչդեռ մորն ուղղված չարացած հայացքը հուշում է, որ տղան համաձայն չէ մոր հորդորների հետ: Արթուրի կշտամբող աչքերն ասում են, որ մայրն իրականում իրեն դպրոց չի տանում, եւ հարեւանուհին ուզում է երեխաներին օգնել, դրա համար էլ ճշմարտությունն է ասում: «Մի՛ խաբի, ճիշտն ասա: Ես գիտեմ, որ քո համար շատ դժվար ա, բայց սուտ մի խոսա, երեխեքիդ լավություն չես անում քո ստերով»,- զայրացած ասում է հարեւանուհին, ում խոսքերն Էլինային եւ՛ քաջալերում են, որ ճշմարտությունն ասի, եւ՛ կոտրում են, որովհետեւ ցանկացած մոր համար երեխաների ներկայությամբ նման խոսքեր լսելը վիրավորական է: Էլինան` արձանի պես քարացած, կանգնել է, կարծես «դատաստանի» առաջ է կանգնել: «Լա՛վ,- ասում եմ,- մի՛ քաշվիր, ճիշտն ասա, քեզ ոչ ոք չի մեղադրում, գուցե կարողանանք մի բանով օգնել երեխաներին»: «Գրիպ էր, հետո նորից հիվանդացավ, դրա համար էլ չտարա: Էս տարի ինքը միշտ հիվանդ ա եղել, դրա համար էլ չեմ տարել»,- շփոթված պատասխանում է նա: Արթուրին հարցնում եմ` «Ո՞ր դասարան ես»: Տղան չի կողմնորոշվում, թե ինքը որ դասարան է, երկար մտածելուց հետո արագ փախչում է, որ այլեւս հարցեր չտամ:
Էլինան միայնակ է երեխաներին մեծացնում, ամուսինն իրենց լքել է: Ապրում են «Փարոսի» տված 18.000 դրամ նպաստով, որով կարողանում են միայն վարձավճարները մուծել: Օրը երեք անգամ սնվում են «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության ճաշարանում: «Հետո, եթե չենք կշտանում, պարտքով բան եմ վերցնում, հետո պարտքը փակում եմ, հետո նորից պարտք եմ վերցնում, հետո նորից փակում եմ…»,- նույն բանը շատ երկար կրկնում է Էլինան, ում հետ որքան զրուցում ես, այնքան հասկանում ես, որ նա հոգեբանի կարիք ունի: Էլինան ասում է` «Ճիշտ ա, ես բուժվել եմ, բայց կարամ աշխատեմ: Հանրակացարանում խնդրեցի, որ հավաքարարի գործ տան, գոնե մի հարկը մաքրեի, երեխեքիս համար հացի փող աշխատեի, բայց ասեցին` հավաքարարի տեղ էլ չկա: Գոնե աստիճանները, զուգարանները կմաքրեի, բայց… Ասեցի` գոնե հայաթները մաքրեմ, ասեցին` հենց տեղ լինի` կասենք: Եթե մեկին պետք ա լինում ինչ-որ բան ավլել, հավաքել, ես անում եմ` փող են տալիս, բայց տենց քիչ ա լինում: Հասկանո՞ւմ եք, ես պատրաստ եմ ցանկացած գործ անել, ուզում եմ աշխատել, բայց ինձ աշխատանք չեն տալիս»: Էլինան Բաքվի փախստականներից է, ով Հայաստան տեղափոխվելուց հետո 4 տարի Դիլիջանում է ապրել, այնուհետեւ մոր հետ տեղափոխվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարան: Մայրն ապրում է նույն հանրակացարանի հարակից սենյակում, մահամերձ հիվանդ է:
6-ամյա Արմենի վայրենի շարժումները սենյակով մեկ քամի են բարձրացնում: Ասում եմ` «Նստիր, չհոգնեցի՞ր»: Պատասխանում է` «Ես մրսում եմ: Վազում ենք, որ մի քիչ տաքանանք: Որ հանգիստ նստենք` կսառենք»: Էլինայի հրահանգներին երեխաներն ընդհանրապես չեն ենթարկվում, ու տպավորությունն այնպիսին է, կարծես երեխաները նրան հաշվի չեն էլ առնում: Արմենին հարցնում եմ` «Չե՞ս լսում մամայիդ»: Հոգնած ընկնում է անկողնու վրա ու դեմքին տառապանքի արտահայտություն տալով՝ ասում է. «Լսում եմ, ուղղակի ես շատ տխուր եմ: Ես տրամադրություն չունեմ, ի՞նչ եք ուզում ինձնից: Ես սոված եմ ու մրսում եմ: Ես մամայից ընդամենը շոկոլադի կոնֆետ եմ ուզում, ես ամենաշատը դա եմ սիրում: Ինձ ոչ մի բան մի հարցրեք»: Արմենի խոսքերից հետո Էլինայի սենյակում երկար լռություն է տիրում: Տղայի գլուխը շոյելով՝ ասում եմ. «Լավ, մի նեղացի: Իսկ որ մեծանաս՝ ի՞նչ ես անելու»: Արմենի աչքերը սկսում են փայլել, ու մի տեսակ անհամբերությամբ ասում է. «Սալդատ եմ դառնալու»:
Էլինայենց տանից հեռանում եմ` իմ մեջ քննարկելով նրանց դաժան կյանքը: Հարեւանուհին կրկին մոտենում է. «Ինքը հիվանդ ա: Ես լսել եմ, որ հոգեբուժարանի դիսպանսերի հիվանդներից ա: Ախր երեխեքն ինչքանո՞վ են մեղավոր, տեսնո՞ւմ ես, չէ՞, ոնց որ վայրենի լինեն: Ախր դրանց խնամք, դաստիարակություն ա պետք, մարդամեջ հանել ա պետք: Թե չէ` տեսար էլի…»: